ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
– Պարոն Սահակյան, միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը անհանգստություն են հայտնել Հայաստանում նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացման վերաբերյալ: Որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ կիսո՞ւմ եք այդ անհանգստությունները:
– Չմոռանանք, որ նախագահական ընտրությունը ոչ միայն գործոն է նախագահ ընտրելու համար, այլեւ՝ լավ ընտրություն անցկացնելու հնարավորություն է, եւ սա մեզ համար քաղաքական սկզբունք է, եւ այն թիմերը կամ մարդիկ, որոնք պիտի մեզ սատարեն, նույն ոգով պիտի առաջնորդվեն: Մեր կողմից ընտրությունները կեղծելու մասին խոսելն ընդհանրապես ավելորդ եմ համարում, որովհետեւ Հայաստանում այսօր հենց այն պահն է, որ եթե ընտրությունները հնարավորինս ավելի լավը լինեն, քան մենք ենք ձգտում, ապա միանգամից կերեւան այն խնդիրների լուծման բանալիները, որոնք մենք ենք նախատեսել: Իհարկե, վտանգներ կան, որովհետեւ ընդդիմադիր որոշ ուժերի պահվածքը կարծես տանում է նրան, որ փորձում են որոշակի լարումներ ստեղծել: Համենայնդեպս, ամիսներ առաջ ասել եմ, որ քաղաքական որոշ ուժեր վերջին ակորդի խնդիր ունեն, կարծես իրենց վերջին հրամայականն է, որ քաղաքական իրենց մտահոգություններին վերջնականապես վերջ տան՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Սա իրոք վտանգավոր է, բայց ես կարծում եմ՝ մենք սա կարող ենք հաղթահարել եւ մենք կունենանք ընտրությունների առավել ակտիվ եւ առավել ընդունելի արդյունքներ:
– Դուք ուզում եք ասել, որ հիմա ամենից ավելի Հանրապետակա՞նն է շահագրգռված, որ ընտրությունները արդար անցնեն:
– Բնականաբար, որովհետեւ դա զուտ ցանկություն չէ, նախ եւ առաջ մեզանում բավականին ընտրական պրակտիկա է հասունացել, առավել եւս այս դեպքում՝ Հայաստանի հետագա քաղաքական զարգացումները կամ տնտեսական խնդիրները կախված են լավ ընտրություններից: Ես կարծում եմ, լավ ընտրությունները միակ բանալին են, որ աշխարհը ճիշտ ձեւով համագործակցի մեզ հետ:
– Չկա քաղաքական ուժ, որ չխոսի լավ եւ արդար ընտրությունների մասին, սակայն նաեւ հայտնի է, որ բոլոր ժամանակներում կեղծիքները հենց գործող իշխանությունների կողմից են արվում: Այսինքն՝ կեղծում է նա, ով լծակներ ունի:
– Այս դեպքում ոչ միայն լծակներն են մեր ձեռքում, այլեւ այն քաղաքական հարուստ կապիտալը, որ տարիներ շարունակ մենք կուտակել ենք: Բայց պիտի ասեմ, որ, իրոք, վտանգներ տեսնում եմ: Հատկապես վերջին շրջանի միտինգները՝ չգիտեմ ում կողմից եւ ինչ կերպ են հրահրվում, համենայնդեպս, ենթատեքստում կրկնվող նույն բանաձեւերով փորձում են հայրենադավություն սերմանել մեր ժողովրդի առանձին հատվածներում: Վստահ եմ, սա էլ անպտուղ է լինելու: Սակայն տարբեր ժամանակաշրջաններում եկած-անցած պրակտիկան, հայրենադավության մոլուցքը կարծես արդեն արտահայտվում են միտինգներում: Անհասկանալի եւ նոր երեւույթ է, որ այդ միտինգներում նաեւ ընդդիմադիր դաշտն է քարկոծվում, չմտածելով, որ այդ ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչները երբեմն իրենց հետ, երբեմն այլոց հետ երկար ճանապարհ են անցել, եւ դա այդ գործիչների իրավունքն է՝ չհամագործակցել եւ առանձին գնալ նախագահական ընտրություններին: Գնում է նույն դավանանքը. ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է, առավել եւս «հանճարեղությունը» այնտեղ հասավ, որ քաղաքական դպրոցի հեղինակներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին քարկոծեցին այդպես բարբարոսաբար, ես դա համարում եմ ենիչերական մոտեցում:
– Արդեն մի շարք կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ սկսել են հայտարարել, որ սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին: Նախորդ օրը ԲՀԿ-ն էլ միաձայն հայտարարեց, որ սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին: Դուք անհանգստություն չունե՞ք, որ այս կարգի նախկին կոմունիստական ոգով շոուները եթե շատանան, կարող են հակառակ ազդեցությունն ունենալ ձեր թեկնածուի համար:
– Նախ, միակուսակցական համակարգ երբեք չի լինի, որ այդպիսի համեմատություն անենք: Հանրապետականը ազգային-պահպանողական կուսակցություն է, առավել եւս՝ տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ ինչպիսի հզորություն էլ ունենում է Հանրապետականը, միեւնույն է՝ այն քաղաքական ուժերը, որոնք առավել ձայներ են ստացել, Հանրապետականի հետ կիսում են նաեւ իշխանական լծակները: Իսկ ԲՀԿ-ի մոտեցումը այդպես ինքնաբուխ պիտի լիներ, որովհետեւ վերջին ամիսների մեր խոսքը, նաեւ ծրագրային նյութերը, նաեւ մեր կուսակցության համագումարում մեր առաջնորդի խոսքում ըստ էության խոսքը գնում է նաեւ բարգավաճ Հայաստան կառուցելու մասին: Եվ, բնականաբար, պետք է առավել ոգեւորված լինեին:
– Վերջերս ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բոլոր գյուղապետերը եւ քաղաքապետերը ՀՀԿ-ի թեկնածուի շտաբների պետեր են, այդպե՞ս է, արդյոք, եւ չկա՞ այստեղ օրենքի որոշակի խախտում:
– Ոչ, օրենքի խախտում այստեղ չկա, դա մեր քաղաքական ակտիվն է եւ մենք մեղավոր չենք, որ մեր քաղաքական ուժերը, ժողովրդական խոսքով ասեմ՝ բանի տեղ չեն դնում համայնքային կառույցները, չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, երեւի գիտակցում են, որ դա ամենածանր բեռն է, իսկ համայնքային կառույցները երկրի ողնաշարն են: Բարի լինեին, ժամանակին մասնակցեին համայնքային ընտրություններին եւ իրենք էլ ձեւավորած ակտիվ կունենային: Այստեղ խանդի տեսարաններ պետք չէ սարքել, ես չեմ կարծում, որ բոլոր համայնքների ղեկավարները մեր շտաբների պետերն են, բայց, այո, մեր ակտիվ անդամներն են:
– Բայց դուք կթողնեի՞ք, որ ուրիշները ընտրվեին:
– Մի առիթով երբ այս մասին ասացի, ընդդիմության ներկայացուցիչներից մեկն էլ ձեր այս հարցը տվեց: Ես պատասխանեցի՝ ուրեմն ձեզ համար ավելի հեշտ է երկրի ղեկավար ընտրվել, քան համայնքի՞ ղեկավար: Այսինքն՝ մարդիկ մտածում են, որ վերեւից պետք է իշխանությունը վերցնել եւ հետո ներքեւ իջնել: Մենք հակառակ կարծիքին ենք, մենք ե՛ւ պետության պահակն ենք, ե՛ւ սեւագործ բանվորը: