Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 22,2007 00:00

Սա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները

Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, համակարգել, արդյունքներն էլ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup»-ը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, ֆինանսավորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին:

Նախորդ՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հարցման համեմատ, դեկտեմբերին փոքր-ինչ պակասել է այն մարդկանց թիվը, որոնք համարում են, թե երկրում գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ. այժմ նրանք կազմում են 1200 հարցվածների 41%-ը, հոկտեմբերի 40%-ի դիմաց: Եվ համապատասխանաբար՝ ավելացել են հոռետեսները. եթե հոկտեմբերին 49%-ն էր կարծում, թե ընթանում ենք սխալ ուղղությամբ, այժմ նրանց քանակը հասել է 53%-ի: Հոկտեմբերի համեմատ՝ պակասել է նաեւ այն մարդկանց քանակը, որոնք համարում են, թե վերջին 3 ամսում Հայաստանում տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է. այժմ այդպես է կարծում 25%-ը, իսկ նախորդ հարցման ժամանակ՝ 29%-ը:

Երկրի առջեւ ծառացած խնդիրների եւ այն հարցի վերաբերյալ, թե առաջին հերթին ի՞նչ է մտահոգում բնակչությանը՝ հետազոտության սանդղակներում անփոփոխ են մնացել առաջին 3 տեղերը զբաղեցնող հիմնահարցերը՝ գործազրկություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Սակայն եթե նախորդ հարցման ժամանակ 3%-ն էր կարեւորել իշխանափոխությունը եւ ընտրությունները՝ այժմ նրանց թիվը պակասել է եւ կազմում է ընդամենը 2%:

Լավ լուր՝ հարցվածները փոքր-ինչ ավելի են սկսել կարեւորել ժողովրդավարությունը. եթե հոկտեմբերին 3%-ն էր այդպես պատասխանել հարցին, թե ինչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն առաջին հերթին, որ ստանան ՀՀ բնակչության մեծամասնության աջակցությունը՝ դեկտեմբերին արդեն 5%-ն է կարեւորել ժողովրդավարությունը:

Նշենք, որ այս անգամ «Գելափի» հետազոտությունը գաղտնազերծել է «Ժառանգություն» կուսակցությունը: Ուստի նրանց տրամադրված տվյալներից պարզ է դառնում, որ ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ «Ժառանգության» վարկանիշն աճել է: Կուսակցությանը հոկտեմբերին դրական էր վերաբերվում 55%-ը, իսկ այժմ՝ 57%-ը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դրական վարկանիշը դեկտեմբերին 63% է, բացասականը՝ 30%:

Սակայն հայտնի է, որ նախընտրական այս ժամանակահատվածում ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես են ընտրողները պատասխանել այն հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի: Նախորդ հարցման համեմատ՝ անփոփոխ է մնացել իրենց ձայնը Սերժ Սարգսյանին տալ պատրաստվողների թիվը, եւ վարչապետն էլի առաջին տեղում է իր 29%-ով: 2-3-րդ տեղերում գտնվող թեկնածուների օգտին պատրաստ են քվեարկել հավասար քանակությամբ ընտրողներ՝ 12%: Այդ թեկնածուներն են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Նշենք, որ երկուսի տոկոսներն էլ ավելացել են՝ հոկտեմբերին ՕԵԿ առաջնորդի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել 11%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 9%-ը: Վերջինիս ընտրազանգվածի աճն ուշագրավ է՝ եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին՝ այս հարցումն անցկացնելու ընթացքում, արդեն իսկ հայտնի էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրվելու:

Իսկ թե որ թեկնածուների անուններն են վարկանիշների գծապատկերում 4-9-րդ տեղերի դիմաց՝ կփորձենք պարզել առաջիկայում: Առայժմ ուշադրություն հրավիրենք, որ բավական մեծ է այն մարդկանց տոկոսը, որոնք չեն ուզում քվեարկել եւ ոչ մի թեկնածուի օգտին՝ 18%: Սակայն նաեւ նշենք, որ անցած հարցման համեմատ՝ ավելացել է այն մարդկանց տոկոսը, որոնք պատրաստվում են մասնակցել նախագահական ընտրություններին. հոկտեմբերին 42% էր, իսկ այժմ՝ 53%:

Ու մի վատ լուր էլ ԱԺ-ում մեծամասնություն կազմած ուժերի համար. ավելացել է այն մարդկանց տոկոսը, որոնք համարում են, թե խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար չէին՝ հոկտեմբերին այդպես էր կազմում 63%-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 67%-ը: Միեւնույն ժամանակ, եթե անցած հարցման ժամանակ 53%-ն էր բացասաբար պատասխանել այն հարցին, թե իրենց կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է, որ կանխվեն կեղծիքները նախագահական ընտրություններում, եւ դրանք կլինե՞ն ազատ ու արդար, դեկտեմբերին արդեն այդպես է պատասխանել 58%-ը: Եվ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքին է վստահում ընդամենը 27%-ը, նախորդ ամսվա 31%-ի փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել