Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական լուրեր

Դեկտեմբեր 21,2007 00:00

Ուզում են հավաքականն ուժեղացնել

2007 թվականին Հայաստանի սիրողական բռնցքամարտիկները Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեցին օլիմպիական երեք ուղեգիր: Մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, հանրապետական ֆեդերացիան նպատակ ունեն եկող տարի կայանալիք վարկանիշային մրցումներում նոր ուղեգրեր ձեռք բերել: Եվ որպեսզի դա հավանական լինի, մարզաձեւի պատասխանատուները առաջիկա մեկնարկներին նախապատրաստում են ոչ միայն տեղի կադրերին, այլեւ հայազգի բռնցքամարտիկներ որոնում արտերկրներում:

Մասնավորապես, լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան համաձայնել է, որպեսզի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի պատանիների չեմպիոն եւ այդ տարիքային խմբում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, սոչեցի Վլադիմիր Սարուխանյանը հանդես գա Հայաստանի դրոշի ներքո: Այդ առիթով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը երեկ «Առավոտին» տվեց հետեւյալ պարզաբանումը: «Այո, Ռուսաստանի Դաշնության հետ այդ հարցում մենք խնդիրներ չունենք: Սակայն ինքը՝ Վլադիմիրը, դեռ վերջնական համաձայնություն չի տվել: Այնպես որ, հարցը դեռեւս մնում է առկախ: Այնուամենայնիվ, մենք բռնցքամարտիկին հրավիրել ենք՝ մասնակցելու հունվար ամսին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Եթե Վլադիմիրը համաձայնի կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, այդ քաշային կարգում նա Ազատ Հովհաննիսյանից հետո կլինի երկրորդ համարը եւ այդ երկու մարզիկներն էլ միմյանց միջեւ կպայքարեն Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Նախ, Ազատը եկող տարվա փետրվարին Իտալիայում հանդես կգա վարկանիշային մրցաշարում: Եվ եթե անհաջողության մատնվի, ապրիլին Հունաստանում անցկացվելիք երկրորդ վարկանիշային մրցումում ռինգ կմտնի Սարուխանյանը»:

Ասենք, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում Վլադիմիր Սարուխանյանը մեր հավաքականում կդառնա Սոչին ներկայացնող երկրորդ հայ բռնցքամարտիկը: Առաջինը Էդուարդ Համբարձումյանն է, որը նույն Չիկագոյում ճանաչվեց 5-րդը՝ նվաճելով օլիմպիական խաղերի ուղեգիր:

Անանդն ու Կրամնիկը կվիճարկեն աշխարհի թագը

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շախմատի աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ այդ տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը երկարատեւ բանակցություններից հետո դեկտեմբերի 19-ին շախմատային թագի համար մրցամարտ անցկացնելու համաձայնագիր են ստորագրել:

Մրցամարտը կայանալու է Բոննում՝ 2008 թվականի հոկտեմբերի 11-ից 28-ը եւ բաղկացած է լինելու 12 պարտիայից: Մրցամարտի անցկացման գլխավոր երաշխավորը Գերմանիայի ֆինանսների նախարար Պեր Շտայնբրյուկն է: Մրցանակային ֆոնդը, որը հավասարաչափ բաժանվելու է գրոսմայստերների միջեւ՝ կազմելու է 1,5 միլիոն եվրո:

Անանդն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր այս տարվա սեպտեմբերին՝ հաղթելով Մեքսիկայում անցկացված աշխարհի առաջնությունում, իսկ Կրամնիկը գրավել էր երկրորդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել