Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարագետը պարուսույցը չէ

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"Հավաստիացնում է իրեն պարագետ համարող Գարեգին Գեւորգյանը

Արվեստի ցանկացած տեսակի հետ «ծնվել» են համապատասխան մասնագետներ: Ըստ որոշ աղբյուրների, թատերագետներն ու գրականագետները ի հայտ են եկել արիստոտելյան ժամանակներից, երաժշտագետները՝ 18-րդ դարասկզբից, իսկ քանի որ կինոն 110 տարեկան է, ապա կինոգետների ծնունդը կարելի է համարել 20-րդ դարի սկիզբը: Պարարվեստը միակ ոլորտն է, որ աշխարհում չունի «գետ»-եր, թեպետ մեզանում դասական, ժողովրդական ու ազգագրական պարի ոլորտը հայտնի է իր տեսաբաններով՝ Սրբուհի Լիսիցյան, Վահրամ Արիստակեսյան, Ազատ Ղարիբյան եւ այլք: «Առավոտը» հանդիպեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի պարային ամբիոնի դասախոս, պարագետ Գարեգին Գեւորգյանի հետ, որն իրեն պարագետ է համարում:

– Դուք բանաստեղծ եք, բայց ձեզ համարում եք նաեւ պարագետ, այն դեպքում, երբ անգամ պարող կամ պարուսույց չեք:

– Հայկական պարերի պատմագեղագիտական ուսումնասիրության եւ ծագումնաբանական հարցերով զբաղվում եմ վաղուց: Այո, պարուսույց կամ պարող չեմ, ինչը տարօրինակ եք համարում: Իսկ ճի՞շտ է, որ այդ ոլորտում զբաղվել են հենց իրենք՝ պարուսույցները, որոնք, փաստորեն, բեմադրել ու մեկնաբանել են իրենց աշխատանքը: Դարեր շարունակ ոչ մեկը չի զարմանում, որ կան թատերագետներ, երաժշտագետներ կամ գրականագետներ, իսկ պարագետ լինել չի՞ կարելի:

– 20-րդ դարավերջին սկսվեցին անտե ղի շահարկումները ազգային պարի վերաբերյալ: Ավելին, վերջին տարիներին անվանի շատ արվեստագետների կողմից ազգային պարարվեստին վերաբերող իրարամերժ կարծիքներ են հնչում:

– Այդ ամենը նրանից է, որ մեր օրերում ասպարեզ են գալիս անհասկանալի կրթության ու գրագիտության տեր «պարուսույցներ», ովքեր պատմաաշխարհագրական որոշակի տարածքում ձեւավորված եւ մեզ հասած էթնիկ պարերը չեն ընկալել որպես տվյալ ազգին բնորոշ արտահայտչալեզու: Յուրաքանչյուր ազգ ունի արտահայտչամիջոցների այն ամբողջությունը, որով արտահայտել է իր ազգային հոգեկերտվածքին բնորոշ հույզերն ու պատկերացումները: Ես տարիներ շարունակ տարբեր առիթներ եմ ունեցել շփվելու անվանի շատ պարուսույց-բեմադրիչների հետ: Անկեղծ ասած, նրանցից ոմանք անչափ հեռու են մշակույթի զարգացման օրինաչափությունները, սերնդափոխության անհրաժեշտությունը տեսնելու ունակությունից, ուստի խոչընդոտում են եւ «մարտնչում» առաջընթաց ապահովող մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդների դեմ: Կան այնպիսի պարուսույցներ էլ, որոնց լսելիս թվում է, թե պարարվեստը նախահեղափոխական շրջանի ծխական դպրոցի դասի պես մի բան է եւ բարձրագույն համալսարանական կրթությունն ավելորդ է: Սա տգիտության յուրատեսակ դրսեւորում է մշակույթի այս ոլորտում, ինչը գալիս է ազգային բարձր ինքնագիտակցության, հանդուրժողականության պակասից:

Մինչեւ 20-րդ դարասկիզբ ազգային պարը խորապես եւ համակողմանիորեն չի ուսումնասիրվել եւ որպես առանձին արվեստ՝ պետականորեն չի խրախուսվել ու չի դիտարկվել պատմամշակութային, ուսումնագեղագիտական ու մանկավարժության տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել