Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻ՞Ց

Դեկտեմբեր 21,2007 00:00

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը հայտարարեց, որ իրենք աշակերտներից հավաքված գումարի կարիքը չունեն:

«Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացող վարկային ծրագրերը 10 տոկոսի չափով համաֆինանսավորվում են տեղական համայնքների կողմից, այդ պատճառով էլ որոշ դպրոցներ աշակերտների շրջանում մեր անունից դրամահավաք են իրականացնում։ Գուցե ծնողները չգիտեն, որ մենք ունենք բարերարներ՝ սփյուռքահայեր, «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, որոնք համայնքի անունից ներդրումներ են կատարում։ Այնպես որ, վարկային ծրագրի համար երեխաներից գումար հանգանակելու կարիք չկա»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

2006 թվականի դեկտեմբերի վերջից մեկնարկել է 3-րդ վարկային ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 33.3 մլն դոլար։ Ա. Կիրակոսյանի փոխանցմամբ՝ այդ ֆինանսավորմամբ իրենք իրականացնում են հանրակրթական դպրոցների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, մասնագիտացված դպրոցների վերանորոգում եւ կառուցում, դպրոցական գույքի տրամադրում, խմելու ջրի հետ կապված եւ այլ ծրագրեր։ Ըստ ծրագրի պայմանների՝ այն համայնքում (դրանք դպրոցներ են, մշակույթի տներ, հիվանդանոցներ), որտեղ 2-րդ ծրագիրն է իրականացվում, համաֆինանսավորման չափն աճում է՝ դառնալով 20 տոկոս։ «Խնդիրներ են առաջանում հատկապես վերջին խմբին պատկանող դպրոցներում։ Սակայն կրկին դրամահավաքի անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ 10 տոկոսը մեր հիմնադրամի աջակցությամբ կներդրվի, մյուս 10 տոկոսը՝ Երեւանի քաղաքապետարանի եւ բարերարների հաշվին։ Գյուղական համայնքներում դա կարող է անել գյուղական իշխանությունը՝ իրենց բյուջեի հաշվին»,- կարծում է Ա. Կիրակոսյանը։ Ժամանակին մեծ դժգոհություններ է առաջացրել Նոր Նորք համայնքում ծայր առած դրամահավաքը։ «Չէին էլ փորձել մի բարերարի գտնել, միանգամից սկսել էին գումարներ հանգանակել, ինչի արդյունքում էլ անառողջ մթնոլորտ էր ստեղծվել։ Վանաձորում էլ խնդիրներ առաջացան. տեղի դպրոցին հիմնադրամը գումար հատկացրել էր, սակայն թյուրիմացաբար սկսել էին դրամահավաք իրականացնել։ Այնինչ, եթե դպրոցի տնօրենը ճարպիկ լինի, բարերարներ կգտնի, կգա մեզնից էլ ինչ-որ բաներ կխնդրի եւ համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը կհայթայթի առանց ներդպրոցական դրամահավաքի»,- նշեց Ա. Կիրակոսյանը։ Վարկային ծրագրի համար 10 տոկոսի չափով համաֆինանսավորում իրականացնելը ծրագրի սկզբից էլ մեծ խնդիրներ է առաջացրել։ Մի կողմից համայնքը ի վիճակի չէ վճարել այդ գումարը, մյուս կողմից՝ ծրագրին միանալով՝ իր վրա պարտավորվածություն է դրվում։ Այս հանգամանքն ավելի սրված էր հատկապես վարկային առաջին ծրագրի իրականացման շրջանում, երբ համաֆինանսավորումը համայնքն իր հաշվին էր իրականացնում։ Դրա պատճառով էլ անընդհատ կարելի էր հանդիպել ծնողների դժգոհություններին, թե դպրոցին հատկացված համակարգիչների համար 6000-ական դրամ են հավաքում եւ այլն։

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվում դպրոցները, որոնք պիտի ընդգրկվեն ծրագրում, մտավախություն չունե՞ն, որ ծրագրից կօգտվեն այն դպրոցները, որոնք բարվոք վիճակում են։ «Նախ յուրաքանչյուր մարզ ունի իր ֆինանսական լիմիտը։ Բացի այդ, մենք հաշվի ենք առնում տնտեսական եւ սոցիալական որոշ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում առաջնահերթություն է տրվում տվյալ դպրոցին։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ, աղետի գոտում, բարձր լեռնային շրջաններում գտնվողներին։ Ընտրության հարցով հիմնականում զբաղվում են կրթության վարչությունները»,- տեղեկացրեց պրն Կիրակոսյանը։ Վերջինիս փոխանցեցինք հասարակության մեջ տարածված այն մտավախությունը, որ եթե ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից, գուցե որոշակի հեռահար նպատակներ ՀԲ-ն ունենա: «Մենք այդպիսի խնդիր չունենք, քանի որ հիմնականում վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում։ Համենայնդեպս, Համաշխարհային բանկի ընթացակարգերը, որ օգտագործվում են, մեր երկրում դրական արդյունք են տվել։ Դա են հավաստել նաեւ անկախ փորձագետների ուսումնասիրությունները»,- «Առավոտի» հարցին պատասխանեց Ա. Կիրակոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել