Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրական ապտակ-3

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"Հիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» է ունեցել նախկին կուսակից Հունան Մազմանյանի հետ: «Մենամարտն» ավարտվել է նրանով, որ նախկինում բոքսի մասնագետ Բազեյանը ապտակել է Հունան Մազմանյանին: Վերջինս դեպքի առիթով դիմել է իրավապահներին, նույնիսկ քրեական գործ է հարուցվել: «Առավոտի» հետ զրույցում Բազեյանը չհերքեց մեր տեղեկությունը: Նա հիշեցրեց, որ ժամանակին Հունան Մազմանյանը շահարկելով իր (Բազեյանի) անունը՝ կատարել է «անթույլատրելի գործարք»: Այդ ժամանակ նրան առաջարկվել է դիմում գրել եւ սուսուփուս հեռանալ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից, ինչպես նաեւ՝ ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պաշտոնից: Նա բանավոր համաձայնություն է տվել, սակայն չի հրաժարվել հանձնաժողովի անդամի կարգավիճակից. «Ըստ «Առավոտի» նախորդ օրվա հրապարակման, Մազմանյանն ասել է, որ ինչ-որ «Կայունություն» հ/կ-ի նախագահ է եւ գարնանը պաշտպանել է ՀՀԿ-ին: «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը խորհրդարանական ընտրություններում պաշտպանել է այլ քաղաքական ուժի. սա խոսում է այդ մարդու անբարո վարքագծի մասին: Այդ մարդուն ի՞նչ գնահատական տամ»,- ասում է Ալբերտ Բազեյանը: Մեր զրուցակիցը նաեւ հիշում է, որ ժամանակին Վաղարշակ Հարությունյանը մեծ ջանք է գործադրել, որպեսզի հենց Հունան Մազմանյանը նշանակվի տվյալ հանձնաժողովի անդամ. «Եվ այդ մարդը նշանակել է 40 ընտրատեղամասերում անդամներ՝ չլինելով ընդդիմադիր կուսակցությունում եւ պաշտպանելով իշխանական կուսակցությանը»:

Ա. Բազեյանն ասում է, որ Հ. Մազմանյանի՝ «Ազգային վերածնունդից» հեռանալուն հաջորդած մեկուկես տարիների ընթացքում այդ անձնավորությունը բազմաթիվ անգամ եղել է Գյումրիում, տեղական հեռուստաալիքներով ելույթներ է ունեցել եւ այլն. «Եթե հարցեր ուներ ինձ հետ, կարող էր, չէ՞, հանդիպել եւ փորձել դրանք արժանապատվորեն լուծել… Երեք օր առաջ Գյումրիում մենք մասնակցում էինք մեր ազատամարտիկ ընկերներից մեկի հուղարկավորությանը. ինքն էնտեղ էր: Արժանապատիվ մարդկային կեցվածքը պահանջում է, որ եթե խնդիրներ ուներ՝ մոտենար եւ ինձնից պարզաբանումներ պահանջեր: Բայց չի մոտեցել: Հետո ես տեղեկացա, որ անգամ այդ միջավայրում, մի անկյուն քաշված, բամբասում է մի քանի հոգու հետ եւ հերյուրանքներ տարածում իմ հասցեին: Այդտեղ չցանկացա կոնֆլիկտ ստեղծել: Ճանապարհին առաջարկել եմ կանգնեցնել մեքենան, որում նա էր: Ես իրեն առաջարկել եմ՝ իջնել եւ զրուցել: Այդ մարդը չիջավ մեքենայից՝ ես էլ դաստիարակչական ապտակ եմ տվել իրեն: Դրանից հետո՝ Մազմանյանը ի՞նչ կխոսի, ի՞նչ կանի՝ իր իրավունքն է»:

Ընդհանրապես, իր մասին «հերյուրանքներ տարածողների» մասով Բազեյանն ասում է, որ ժամանակը ցույց կտա՝ ով ով է: Բայց ցավում է, որ «էդ կատեգորիայի, էդ կարգի մարդկանց հետ որոշակի ճանապարհ եմ անցել: Ի վերջո, համոզվում եմ այն ճշմարտության մեջ, որ չափազանց ներողամիտ լինելով անարդարների հանդեպ՝ անարդարություն ես ցուցաբերում անմեղների նկատմամբ»:

Հունան Մազմանյանն «Առավոտի» հետ զրույցում կտրականապես հերքեց մեր տեղեկությունը: «Առավոտի» դիտարկմանը, թե Բազեյանն ընդունել է, որ ապտակել է իրեն՝ ասաց. «Ես էլ ասում եմ, որ նման բան չի եղել»:

Հ. Գ. Հակիրճ տեղեկանք հայրական ապտակների (հա) պատմությունից: Հա-1. 1998-ին Պարույր Հայրիկյանը «հա» տվեց «երկրապահացած» Արամազդ Զաքարյանին: Հա-2. այս տարի Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ը չկարողացավ կիսել Հայկ Բաբուխանյանի հետ եւ նրան նույնպես «հա» տվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել