Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԾԵԾԵԼՈՎ՝ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ

Դեկտեմբեր 21,2007 00:00

Առաջարկում է քաղաքագետը սեւ PR իրականացնող թեկնածուներին սաստելու համար

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն էր, թեման՝ նախընտրական շրջանում իրականացվող PR-ը: Նախաքարոզչական շրջանը, ըստ Գ. Բարսեղյանի, աչքի է ընկնում մի շարք յուրահատուկ միտումներով, որոնք նախորդ բոլոր ընտրական գործընթացներում նման խիստ դրսեւորումներ չեն ունեցել. «Այսօր շատ է խոսվում սեւ PR-ի մասին: Քաղաքական գործիչներն էլ են իրենց պարտքը համարում վերջինիս մասին դատողություններ անել: Ակնհայտ է, որ նախաքարոզչական շրջանում սեւ PR-ի տեսակարար կշիռը անչափ մեծ է եւ որեւէ առումով համեմատելի չէ նախորդ նախագահական ընտրությունների տվյալ ժամանակահատվածի սեւ PR-ի դրսեւորումների հետ»: Ըստ Գ. Բարսեղյանի, քաղաքական ուժերը սեւ PR-ով լուծում են մի խնդիր՝ նեգատիվ քվեարկություն ապահովելը: «Նախընտրական շրջանի ընդգծված միտումներից մեկն էլ նախընտրական քարոզարշավը գաղափարազուրկ դարձնելն է: Սա է պատճառը, որ այսօր չկողմնորոշված ընտրողների թիվը ավելի շատ է»,- նշեց բանախոսը: Քաղաքագետի ձեւակերպմամբ, նախընտրական ժամանակահատվածների տարաբնույթ հետազոտությունները փաստում են, որ սեւ PR-ը որքան կործանարար է քաղաքական հակառակորդի համար՝ կրկնակի կործանարար կարող է լինել այն կիրառողի համար:

Ըստ բանախոսի, ընտրազանգվածի մեծ մասը չի կողմնորոշվում հոռետեսական վախճանաբանական սցենարներով. «Ինչքան էլ դու փորձես նախընտրական արշավը սարքել սուր դրամայի սցենարով, միեւնույն է՝ լուրջ դիվիդենդներ ակնկալել ընտրազանգվածից՝ չես կարող, այն պարզ պատճառով, որ վերջինիս ճնշող մեծամասնությունը հակված կլինի քվեարկել այն թեկնածուի օգտին, ով իր նախընտրական PR-ը կառուցում է ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա: Իսկ այսօր սեւ PR-ի բոլոր դրսեւորումները կառուցված են անցյալի վրա, մարդիկ հրապարակ են հանում այնպիսի բաներ, որոնք կատարվել են 1994-96 թվերին»: «Առավոտի» հարցին՝ նշեք կոնկրետ անուններ ու փաստեր, Գ. Բարսեղյանը պատասխանեց. «Ես հակված չեմ անուններ տալու, որովհետեւ ցանկացած նման դրսեւորում կընկալվի որպես անկողմնակալություն: Սակայն կասեմ, որ նախագահի թեկնածուներից 3-ը հաստատ ընտրություններին գնալու են սեւ PR-ով»: Դառնալով հաճախակի անցկացվող հարցումներին, որոնք իրականացվում են հեռախոսի, ինտերնետի կամ SMS-ի միջոցով, քաղաքագետն ասաց, որ վերջիններս գիտական հիմք չունեն, չեն ապահովում ներկայացուցչություն եւ զուրկ են ամեն տեսակ արժանահավատությունից. «Հեռախոսային կամ նմանօրինակ դիլետանտ մեթոդներով անցկացվող հարցումները սոցիոլոգիան վաղուց մերժել է, դրանք կիրառական չեն լուրջ քաղաքական իրադարձության վերաբերյալ հասարակական տրամաբանություններ վեր հանելու առումով»:

«Առավոտը» քաղաքագետից փորձեց պարզել, թե այսօրվա դրությամբ նախագահի ո՞ր թեկնածուներն են իրենց PR-ը գրագետ ու ճիշտ կազմակերպում, Գ. Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ որեւէ թեկնածուի նախընտրական PR-ն իդեալական է: Դա շատ հեռու է իրականությունից: Օրինակ, իշխանությունների թեկնածուն առայժմ շատ ավելի կոռեկտ է տանում իր քարոզչությունը ու դեռեւս սեւ PR-ի միտումներ չեն նկատվում: Սակայն քաղաքական կոռեկտությունը դեռ չի նշանակում, թե նախընտրական քարոզչությունը լավն է կամ վատը»:

Քաղաքագետի խոսքերով, նախընտրական քարոզարշավը լինելու է անկանխատեսելի. «Թեկնածուներն իրենց հիմնական զենքերը կարծես թե պահել են «նա դեսերտ» ու շատ հնարավոր է, որ արդյունքում մենք ունենանք ամենասեւ PR-ով հագեցած ընտրությունները: Իսկ այս պարագայում կարող է վտանգված լինել նա, ով կընտրվի, որովհետեւ այդ ամենի միջից չոր դուրս գալը շատ դժվար կլինի»: Մեր մյուս հարցին էլ՝ ինչպե՞ս պետք է վարվել, որ PR-ը «չսեւանա», Գ. Բարսեղյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Թեկնածուները եթե անձը վիրավորող որոշակի դրսեւորումներ են նկատում, պետք է դիմեն դատարան: Դատարանից բացի, երեւի բոլոր թեկնածուներով միավորվեն ու սեւ PR-ը կիրառող թեկնածուին ծեծեն, կարգի հրավիրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել