Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է»

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"Երեկ այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին:

– Պարոն Սարգսյան, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դուք պայմանավորվածություն ունեք ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի հետ, եւ դրա արդյունքում է նա իր թեկնածությունն առաջադրել:

– Նախ պիտի ասեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շատ-շատ հարցերում ես Գեղամյանի հետ համաձայն չեմ, համաձայն չեմ նաեւ այն պատճառով, որ հաճախ նրա քննադատությունները իմ եւ իշխանությունների հասցեին դուրս են գալիս կառուցողական տրամաբանությունից, բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի ժխտել, որ Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարեւորագույն իրադարձությունների ժամանակ: Եվ ես, ղեկավարվելով այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ համեմատության մեջ պետք է գնահատել, համարում եմ, որ Գեղամյանը կարող է լինել գաղափարական եւ քաղաքական մրցակից, ինչո՞ւ ոչ:

– Բոլորս հիշում ենք ձեր համեմատությունները երաժշտական որոշ գործիքների հետ, եւ հիմա ասում եք, որ որեւէ պայմանավորվածություն չկա:

– Գիտե՞ք, ոչ Գեղամյանը, ոչ էլ ես մեր հանդիպումը չենք թաքցրել, որեւէ գաղտնիություն չի եղել, մանավանդ՝ ոչ նա եւ ոչ էլ ես չենք հրաժարվում, որ հանդիպել ենք, իհարկե, եղել է հանդիպում, եւ այստեղ ի՞նչ տարօրինակ բան կա, երբ հանդիպում են շատ ավելի կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ եւ դրանից PR են անում, երբ հանդիպում են մի կողմից՝ ընդդիմադիր, մյուս կողմից՝ կիսաընդդիմադիր գործիչներ, այս պարագայում որեւէ մեկը ոչինչ չի ասում, իսկ ինչո՞ւ պիտի չհանդիպեն: Ես պատրաստ եմ մշտապես եւ հանդիպել, եւ բանավիճել, եւ քննարկումներ անցկացնել բոլոր այն գործիչների հետ, անկախ նրանից՝ նրանք ընդդիմադիր են, թե իշխանամետ, որոնք կառուցողական են:

– Ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ դուք շատ եք վախենում ժողովրդից, եւ այս ընտրությունները լինելու են փշալարերի ընտրություն, իսկապե՞ս շատ եք վախենում ժողովրդից:

– Ոչ իշխանությունը եւ ոչ էլ ես ժողովրդից չենք վախենում, եթե ես ժողովրդից վախենայի, ամեն շաբաթ, ամեն կիրակի չէի հանդիպի այդ նույն ժողովրդի հետ, դուք էլ գիտեք, բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում եմ լինում, բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում եւ, ընդհակառակը, այդ հանդիպումներից ես ոգեւորվում եմ, որովհետեւ տեսնում եմ, որ մարդկանց մեջ փոփոխություն կա, հսկայական փոփոխություն: Ես բազմաթիվ անգամ եմ մասնակցել նախընտրական պայքարների եւ, իրոք, ձեզ հավատացնում եմ, որ հիմա վերաբերմունքը բոլորովին ուրիշ է, եւ սրանից, անշուշտ, ուրիշները պետք է վախենան, եւ սա պարտավորեցնող է: Այս առումով, այո, ես վախենում եմ, որ երբեւէ կարող եմ չարդարացնել ժողովրդի վստահությունը, այ, սրանից վախենում եմ, բայց ուրիշ որեւէ մեկը չի վախենում, որովհետեւ վստահություն իրենց նկատմամբ ժողովուրդը չի հայտնել եւ իրենց վստահությամբ չի օժտել:

Հ. Գ. Երեկ մենք հեռախոսով տեղեկացրինք պարոն Գեղամյանին, որ Սերժ Սարգսյանն իրեն գովել է: Խիստ շոյված Արտաշես Գեղամյանն ասաց. «Ինձ համար դա անակնկալ է, թեպետ, չեմ թաքցնում՝ հաճելի անակնկալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել