Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին:

Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ»-ականները պաշտպանելու են վարչապետ, ՀՀԿ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախ, մի քանի կազմակերպչական մանրամասներ՝ ամեն ինչ արված էր, որ երեւա այս կուսակցության «հզորությունը»՝ ամեն քայլափոխի ինչ-որ տղաներ եւ կարճոտն (ի տարբերություն ՀՀԿ 11-րդ համագումարի, երբ երկարոտն աղջիկներն էին ուղեկցում հյուրերին) աղջիկներ ստուգում էին հրավիրատոմսերը, հետո քեզ հանգիստ չէին թողնում այնքան ժամանակ, մինչեւ չէիր նստում տոմսովդ նախատեսված տեղում: Մեր տեղեկություններով, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Երկիր-Մեդիա»-ի, այդպես էլ չհաջողվեց ներս մտնել, քանի որ «հրավիրատոմս չունեին»: Հանդերձարանը լեփ-լեցուն էր վերարկուներով, եւ աշխատողները տեղեկացնում էին, որ «էլ տեղ չկա»:

Միջոցառմանը այլ հյուրեր չկային, միայն Հանրապետական կուսակցության առաջին դեմքերն էին՝ կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նախագահությունում ԲՀԿ-ի ամբողջ վերնախավն էր, տիկին Ռոզա Ծառուկյանը՝ կանանցով շրջապատված, բուհերի ԲՀԿ-ական ռեկտորները, Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ), Գուժ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Հետաքրքիր էր, որ այս կուսակցության կոալիցիոն երկու նախարարները նստած էին դահլիճում՝ վարչապետին մոտ, իսկ նիստը վարում էր սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գեւորգյանը:

Սերժ Սարգսյանին սատարելու մասին կուսակցության որոշումը նախ փաստարկեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ կառավարության ծրագրում ներառված են նաեւ ԲՀԿ-ի ծրագրային շատ դրույթներ. «ԲՀԿ-ն այսօր երկրորդ ուժն է: Այս վերջին հարցումների ժամանակ ԲՀԿ-ի վարկանիշը նույնպես եղել է բարձր, որը եւ մեծ նշանակություն ունի, կարեւոր նշանակություն ունի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների համար»: Ասաց նաեւ, որ իրենք հավատարիմ են մնալու իրենց ստորագրած փաստաթղթին (խոսքը կոալիցիոն հուշագրի մասին է), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ «ամբողջ կազմով աշխատելու է նրա հաղթանակի համար, ոչ թե նրա համար, որ մենք փաստաթուղթ ենք ստորագրել», այլ նրա համար, որ ԲՀԿ-ի թեկնածուն «կարող է լուծել բոլոր խնդիրները»:

Եղան նաեւ այլ ելույթներ: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց. «Մեր որոշումը խիստ գիտակցված է եւ խորապես հիմնավորված: Պարոն Սերժ Սարգսյանի մարդկային եւ գործնական բարձր հատկանիշները քաջ հայտնի են: Ազգային, պետական, ռազմական եւ քաղաքական գործչի նրա գործունեությունը եղել է հրապարակային, բոլորիս աչքի առաջ: Սերժ Սարգսյանը նախ ԼՂՀ-ում, ապա ՀՀ-ում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, եղել է Արցախի անկախության եւ ազատագրական շարժման ակունքներում, ամենաբարձր եւ վտանգավոր պահերին անգամ Սերժ Սարգսյանը չի խուսափել պատասխանատվությունից»: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արծրուն Ավագյանն իր հերթին գովերգեց վարչապետին եւ ասաց. «Սերժ Սարգսյանը իր անցած ճանապարհով, իր վաստակով, իր հեղինակությամբ եւ իր գործունյա ունակություններով մշտապես աշխատելով հանրապետության ամենաբարձր պաշտոններում, պատասխանատու պաշտոններում՝ մշտապես մեծագույն հոգատարություն է ցուցաբերել դեպի մեր պետական խնդիրները, ժողովրդական առաջադրանքները, եւ մեր կուսակցության ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ»:

Պրոֆեսոր Արամ Իսաբեկյանն էլ իր եւ իր շրջապատի մտավորականների անունից ասաց. «Այդ մարդիկ, որոնց մեջ են շատ մեծ ծառայություններ ունեցող արվեստի մշակներ, լավատեսությամբ են նայում ապագային եւ գնահատում են այն դրական փոփոխությունները, որ վերջին տարիներին սկսել են նկատվել երկրի կյանքում, այդ լավատեսությունը հիմք է տալիս քաղաքական գործիչներին շարունակելու աշխատանքը նույն թափով եւ հետեւողականությամբ, մանավանդ որ՝ կան հաշվարկներ, որ զարգացման միտումները գալիք մի քանի տարիներին շարունակելու են պահպանվել: Ես կարծում եմ՝ կարեւոր է խոսել քաղաքական կայունությունը պահպանելու ջանքերի մասին: Ժողովրդավարությունը օդի եւ ջրի պես մեր երկրին անհրաժեշտ է, եւ նախագահական ընտրություններին նախորդող շրջանում բոլորն էլ պետք է ջանքեր գործադրեն, որ քաղաքական բանավեճը չվերածվի իրարամերժության եւ թշնամանքի»:

ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միասնական թեկնածու Սերժ Սարգսյանը եւս ելույթ ունեցավ եւ «անկեղծ շնորհակալություն» հայտնեց իր թեկնածությանը սատարելու համար: Նրա ելույթը կարելի է համարել մինի-նախընտրական ելույթ, որը ուղղված էր ոչ միան ԲՀԿ-ականներին, այլեւ ընդհանրապես ընտրողներին. «Ճանապարհը մեկն է՝ միավորվել մեր արժեքների շուրջ, հպարտ լինել մեր ձեռքբերումներով եւ վստահ՝ ապագայի հանդեպ: Սա է այն ուղին, որով պիտի առաջ գնա Հայաստանը: Հայաստանի ամեն մի հաջորդ օրը պիտի շատ ավելի լավը լինի, քան նախորդ օրը: Մենք պիտի անընդհատ հիշենք սա, հիշենք բոլորս եւ գործենք հենց այս տրամաբանությամբ, ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ, բարեկեցիկ Հայաստանի, բարգավաճ Հայաստանի, հզոր Հայաստանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել