Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ

Դեկտեմբեր 21,2007 00:00

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը պաշտոնապես սկսվելու է 2008-ի հունվարի 21-ից՝ «Հայաստանում իրավիճակը բավական լարված է»: Այս զեկույցում նաեւ նշված է, թե հիմնական մրցակիցները Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են. «Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, 10 տարվա լռությունից հետո, փաստացի մեծացրեց ուշադրությունը նախագահական ընտրությունների նկատմամբ, որոնք այլապես թվում էին արդեն նախօրոք ավարտված՝ ՀՀԿ թեկնածուի հաղթանակով»: Ժորժ Կոլոմբիեն մասնավորապես նշել է, թե ստացել են հավաստիացումներ, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո հավասար լուսաբանում կապահովվի թեկնածուների համար. «Այդուհանդերձ, ներկայումս, ըստ ԶԼՄ-ների դիտարկման, որը կատարել է Երեւանի մամուլի ակումբը, կա վարչապետի գործունեության չափից ավելի լուսաբանում, որը կուտակում է այդ հնարավորությունը որպես նախագահի թեկնածու, եւ շատ բացասական է լուսաբանվում Տեր-Պետրոսյանը: Ես պնդեցի, որ ապահովվի Հանրային հեռուստաընկերության ավելի հավասարակշռված մատչելիություն բոլոր 9 թեկնածուների համար՝ առնվազն դեկտեմբերի 7֊ից սկսած, երբ նրանք ԿԸՀ-ին կներկայացնեն իրենց փաստաթղթերը»: Ըստ ԵԽԽՎ համազեկուցողի՝ «Մտահոգության առարկա է նաեւ ճնշման վարչական միջոցների կիրառումն ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների դեմ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից նրանց ահաբեկումը եւ որոշ դեպքերում կիրառվող բռնությունը, ինչպես եղավ հոկտեմբերի 23-ին, երբ Տեր-Պետրոսյանի աջակիցները, որոնք հաջորդ հանրահավաքի մասին թռուցիկներ էին տարածում՝ ծեծի ենթարկվեցին ոստիկանության կողմից»: Զեկույցի վերջում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ասված է, թե դեպի առաջ կարեւոր քայլ է արվել Մադրիդում Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպման ժամանակ՝ կողմերին ներկայացված փաստաթղթով. «Այն բանակցությունները շարունակելու հիմք կհանդիսանա Հայաստանի նոր նախագահի համար՝ 2008թ. փետրվարից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել