Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկ տարի անց

Դեկտեմբեր 21,2007 00:00

Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: Նախ խնդրեցինք մանրամասներ պատմել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումից, եւ երկրորդ՝ շարունակո՞ւմ է ինքը պնդել, որ ժամանակին Սաշիկ Սարգսյանը մահափորձ էր իրականացնելու Գագիկ Ծառուկյանի դեմ: Մեր առաջին հարցին՝ ավելի մանրամասն պատմել Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մասին, պարոն Գեղամյանը այսպես պատասխանեց. «Նախ ես այդ հանդիպումն այն աստիճանի չեմ կարեւորում, որ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ անդրադառնամ դրան: Հանդիպումների շարքում սովորական մի հանդիպում էր, որի մասին ամենայն մանրամասնությամբ քանիցս «Ազգային միաբանությունը» եւ մեր կուսակցության լրատվական ծառայությունը իրազեկել է հասարակությանը, նաեւ՝ մամուլի ասուլիսների ժամանակ: Առավել մանրամասնությունները տպագրված են այս տարվա դեկտեմբերի 19-ին Կորյուն Առաքելյանի հոդվածում, կրկնել իմ տեղակալին նպատակահարմար չեմ գտնում»:

Հիշեցրինք, թե ժամանակին պարոն Գեղամյանը պնդում էր, որ մահափորձ է կազմակերպվել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ Սաշիկ Սարգսյանի կողմից: Հիմա, երբ բավականին երկար ժամանակ է անցել, շարունակո՞ւմ է պնդել, որ նման մահափորձ էր նախապատրաստվում: Արտաշես Գեղամյանն այս կապակցությամբ նկատեց. «Ձեր հարցի մեջ նաեւ մեկնաբանություններ կան: Խնդրո առարկայի շուրջ իմ տեսակետները, իմ պարզաբանումները քանիցս տպագրվել են մամուլում, դրան անդրադառնալու անհրաժեշտություն ես հիմա չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության նախագահի հետ իմ հանդիպումներին, իմ կողմից տրված գնահատականներին, վարվող քաղաքականությանը, ապա դրանց մանրամասնությունները տպագրվել են «Առավոտ» օրաթերթում, եւ կարծում եմ, պարոն Աբրահամյանը եթե ուշադիր կարդար այդ հարցազրույցը, ապա ավելի կարեւոր խնդիրների մասին մենք այսօր ձեզ հետ միասին կկարողանայինք խոսել»:

Օգտվելով պրն Գեղամյանի խորհրդից՝ թերթեցինք «Առավոտի» այն համարները, որոնցում ԱՄ նախագահը «խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանումներ էր տվել»: Այս տարվա հունվարի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Գեղամյանը հայտարարել էր. «Բարգավաճ Հայաստանը» ստեղծվել է մի իրավիճակում, երբ պարոն Գագիկ Ծառուկյանին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի հարազատների կողմից պատրաստվում է սպանություն, քիլլեր էր վարձվել, որ սպանի Գագիկ Ծառուկյանին: Այս գործը բացահայտվել էր, համենայնդեպս՝ համառորեն այդ լուրերը գնում էին: Այդ ամենի մասին տեղեկացվել է պարոն Քոչարյանը, առերեսում էր տեղի ունեցել, որի արդյունքում հանգստի, թոշակի գնաց Կառլոս Պետրոսյանը, որի արդյունքում շինարարական իր բիզնեսը Սաշիկ Սարգսյանը սկսեց իրականացնել արդեն ԱՄՆ-ում, էլի՞ ասեմ: Տարօրինակ պայմաններում սպանվեց աշտարակցի Մուշեղը, որը փայատեր էր Հրազդանի «ցեմզավոդի»: Մի հատ էդ բոլորը համադրեք, եւ, բնականաբար, մարդիկ գիտակցեցին, թե ինչ ահավոր իրավիճակ կստեղծվի ՀՀ-ում: Ահա սա է «ԲՀ»-ի ստեղծման պատճառը» («Առավոտ», 16.01.07): Տրամաբանական է եզրակացնել. եթե այսօր պարոն Գեղամյանն այդ թեմայի շուրջ չի ուզում նոր բան ասել եւ վկայակոչում է իր նախկին հայտարարությունները, ուրեմն չի հրաժարվում վերոհիշյալ մտքերից եւ իր մեղադրանքները թողնում է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել