Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"Այս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը:

– Նախագահական ընտրությունների քարոզարշավը ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները փաստացի սկսել են դեռեւս երկու-երեք ամիս առաջ: Ինչպիսի՞ն են այդ քարոզարշավի արդյունքները:

– Ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հասարակական ընկալմամբ հստակ արձանագրվեց, որ Հայաստանում գոյություն ունի երկու բեւեռ: Մեկը իշխանությունն է՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մյուսը՝ ընդդիմությունը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Քաղաքական այս երկու ֆավորիտների կողքին, անշուշտ, կան առանցքային թեկնածուներ, որոնք կարող են որոշակիորեն ազդել ընտրարշավի արդյունքի վրա: Դրանց թվին ես կդասեի 4 մարդու՝ Արթուր Բաղդասարյան, Վազգեն Մանուկյան, Վահան Հովհաննիսյան եւ Արտաշես Գեղամյան, կան նաեւ ակնհայտորեն երեք հետնապահ թեկնածուներ: Կախված առաջին երկու, նաեւ մյուս 4 թեկնածուների վարքագծից՝ պարզ կլինի, թե ընտրարշավն առաջիկայում ինչ տրամաբանությամբ կընթանա: Այդուամենայնիվ, ասեմ, որ դրականն այս ընթացքում այն է, որ ընտրությունների կանխատեսելիությունը վերացավ, այսինքն՝ հիմա ընտրությունների ելքը միանշանակ ու կանխորոշված չէ, ինչպես իշխանություններն են ասում: Բայց մյուս կողմից, ինձ համար ցավալի է այն, որ քաղաքական բանավեճի որակը բավարար մակարդակի վրա չէ:

– Բայց Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացված ընդդիմության առաջին երկու հանրահավաքներից հետո միանշանակ գնահատական կար, որ դրանք բարձրացրին այդ բանավեճի նշաձողը:

– Կա այդ մակարդակն իջեցնող երկու հանգամանք. նախ՝ պաշտոնական քարոզչության շատ ագրեսիվ պահվածքը, որը, ըստ էության, սեւեռվեց մեկ թեկնածուի վրա, ընդ որում՝ ոչ միայն գաղափարական կամ քաղաքական հարթությունում, այլեւ նույնիսկ անձնավորված որակումների մակարդակով: Երկրորդ, ազատ մամուլի կեցվածքը: Ըստ իս, նրա դերակատարությունը պետք է այն լիներ, որ իշխանության կողմից ընդդիմությանը տրված որակումները չհակադարձվեին նույնատիպ բառապաշարով, եւ բանավեճը ծավալեին այլ՝ ավելի քաղաքակիրթ հարթությունում:

– Ակնարկում եք իշխանություն-ընդդիմությո՞ւն, թե՞ նաեւ ընդդիմության տարբեր թեւերի մեջ սկսված բանավեճի մասին:

– Ե՛վ, ե՛ւ: Ընտրարշավին մասնակցում են ՀՀ առաջին նախագահը, գործող վարչապետը, առաջին վարչապետը, ԱԺ նախկին խոսնակը, եւ եթե նման պատկառելի կազմով մենք չկարողանանք իսկապես քաղաքակիրթ ու բարձր մակարդակի ընտրարշավ անցկացնել, որտեղ սահմանագիծն անցնի գաղափարների եւ քաղաքական սկզբունքների միջեւ, եւ քաղաքական պայքարը անձնավորված ու սուբյեկտիվ չլինի, մենք իսկապես արտաքին աշխարհի առջեւ, էլ չեմ ասում՝ մեր հասարակության մասին, մեր պետության մասին, ոչ դրական իմիջ կձեւավորենք:

Մի բան եւս ակնհայտ է, եւ դա ապացուցեցին 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եւ 2007-ի ԱԺ ընտրությունները. մեզ պետք է ընտրությունների գնալ ոչ թե կոնֆրոնտացիոն, այլ մրցակցային մեթոդներով, որովհետեւ առաջին դեպքում հաղթողներ չեն լինում, լինում են ոչնչացողներ եւ ոչնչացվողներ, իսկ մրցակցության դեպքում կարող են լինել հաղթողներ եւ պարտվողներ: Ես ակնկալում եմ, որ առաջին նախագահի վերադարձը ակտիվ քաղաքականություն պետք է նպաստի մրցակցային եւ ոչ թե առճակատումների մթնոլորտի ձեւավորմանը, որը երկրին ոչինչ չի տալու: Մենք՝ ընդդիմադիր թեկնածուների ճամբարով, մեզ դրել ենք շատ տխուր իրավիճակի մեջ: Պետք է արձանագրել, որ իշխանությանը հաջողվեց կոնֆլիկտի սահմանը տեղափոխել ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ՝ ընդդիմություն-ընդդիմություն հարթություն: Կարծում եմ, բոլոր ընդդիմադիր թեկնածուները գոնե կարող են գալ համաձայնության մեկ հարցի շուրջ (խոսքը Գեղամյանի մասին չէ, որովհետեւ նա ինքն իրեն արդեն ընդդիմադիր դաշտից դուրս է դրել), ձեռնպահ մնալ փոխադարձ մեղադրանքներից եւ փոխադարձ ոչնչացումներից եւ նաեւ շանտաժներից: Կարծում եմ, այս իմաստով մամուլի դերն էլ է մեծ:

– Ձեր կարծիքով՝ այս պահի դրությամբ, մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, ո՞վ ավելի ռեալ շանսեր ունի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

– Եթե ես լինեի պոպուլիստ եւ խոսեի Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցչի կարգավիճակով, պիտի միանշանակ ասեի՝ Տեր-Պետրոսյանը: Բայց քանի որ ես ուզում եմ քիչ թե շատ օբյեկտիվ լինել, ասում եմ՝ կանխատեսելի չէ: Թե՛ Ս. Սարգսյանը, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը ունեն գրեթե հավասար հնարավորություններ՝ նույնիսկ նկատի ունենալով Ս. Սարգսյանի վարչական լծակներին տիրապետելու եւ այլնի հանգամանքը: Եթե Տեր-Պետրոսյանին հաջողվի ընտրարշավը տեղափոխել գաղափարական, քաղաքական հարթություն՝ նրա հաղթանակի հնարավորությունները շեշտակիորեն կմեծանան: Եթե նրան դա չհաջողվեց՝ այդ դեպքում առաջնային դեր կխաղան վարչական ռեսուրսներն ու կմեծանան Ս. Սարգսյանի հաղթանակի հնարավորությունները: Թեկնածուներից յուրաքանչյուրն ունի իր հաղթաթուղթը: Ս. Սարգսյանինը մոբիլիզացված պետական համակարգն է, հասարակության ապատիկ եւ ապագաղափարականացված վիճակն է, Տեր-Պետրոսյանինը՝ ճիշտ հակառակը՝ հրապարակային քաղաքականությունն է՝ դրանից ածանցվող քաղաքացիական կեցվածք ունեցող հասարակությունը: Իմ կարծիքով, հիմա երկու թեկնածուները պետք է պայքարեն ոչ թե քվեների, այլ՝ իրենց համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու համար: Կողմերի եւ մասնավորապես ընդդիմության թեկնածուի համար կարող է ոչ նպաստավոր լինել նաեւ օֆիցիոզ քարոզչությունը: Պետք է հարգել մեր հասարակությանը, որովհետեւ մեր հասարակությունը շատ ավելի խելոք է, քան ամբողջ քաղաքական դաշտը միասին վերցրած, եւ քաղաքական իմաստով շատ ավելի որակյալ պրոդուկտի կարիք ունի, քան այն ասելիքը, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու ամիսների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել