ԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի:
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների առաջին օր
վա ընթացքում իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց, թե այս քննարկումների ամբողջացման մեջ պետք է լինի մի շատ կարեւոր բաղկացուցիչ՝ ինչ է մեր պատկերացմամբ հատուցումը. «Մենք այն ակնկալում ենք, այո՛, բայց ի՞նչ ձեւով, ի՞նչ ժամկետներում: Պատրաստ են որոշ փաստաթղթեր, բայց հիմա դրա մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսք բացել: Կարծում եմ, որ այսօր դեռ մեր այս քննարկումների մեջ չենք հասել այդ կետին, բայց շուտով կհասնե՛նք»: Երեկ էլ լսումների նախաձեռնողը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում հայտարարեց. «Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու նախապայմանը դնելով՝ Թուրքիան հետապնդում է ինչպես առավելագույն, այնպես էլ նվազագույն նպատակ: Առավելագույնը խուսափելն է որեւէ պատասխանատվությունից այս հարցում՝ թե՛ բարոյական, թե՛ նյութական: Նվազագույնն այն է, որ եթե ճանաչումն անխուսափելի է դառնում, ապա խոսք անգամ չպետք է լինի հատուցման մասին՝ լինի դա նյութական կամ մանավանդ՝ տարածքային: Սակայն ում-ում, բայց Թուրքիային քաջ ծանոթ են միջազգային իրավունքի նորմերը, որոնք կասկածի տակ չեն առնում, օրինակ, վնասների հատուցման անհրաժեշտությունը»:
Այս լսումներում իբրեւ անկախ փորձագետ հանդես եկող, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հանդես եկավ «Հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության ժամանակ» ելույթով, որտեղ անդրադարձավ որոշ պաշտոնական փաստաթղթերի, որոնցում ամրագրվել է հայ ժողովրդի փոխհատուցում ստանալու իրավունքը, եւ նշեց. «Հայության ամբողջական նյութական կորուստը 1914֊ 1919-ին 1919֊ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ»: «Նվազագո՛ւյնը»,- բացականչեցին դահլիճից: Արա Պապյանն էլ նշեց, թե այդ թվի մեջ ներառված չեն հայերի 1920-1922 թթ. նյութական կորուստները. «Եթե հաշվառվեն նաեւ նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի»։ Նաեւ նշեց, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի մեկ ֆրանսիական ֆրանկը ներկայումս հավասար է 2.17 դոլարի: Եվ այդ փոխարժեքով հաշվարկեց, որ հայության նյութական կորուստների չափը Ցեղասպանության հետեւանքով կազմում է առնվազն 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 դոլար։ «Բռավո՛»,- գոչեցին դահլիճից:
Սակայն հավաքվածները շատ ավելի բուռն ոգեւորությամբ էին լսել այս ելույթին նախորդող՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի ծավալուն զեկույցը: «Ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է՛լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա»,- մասնավորապես հայտարարեց նա: Առանց անունը տալու՝ պատասխանեց Վահան Հովհաննիսյանին, որը նախօրեին խորհուրդ էր տվել, որ այս լսումների արդյունքներն ուղարկվեն ամբողջ թուրքական պառլամենտին՝ ասելով. «Մենք պետք է աշխատենք թուրք հասարակության հետ»: Արմեն Այվազյանի կարծիքով՝ սա «գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։ Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տվեք, որ հայ երեխաների ուղեղները լվան Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները»։
Նա նաեւ կշտամբեց Արմեն Ռուստամյանին, որ ափսոսանքով է խոսել «թուրք գործընկերների» Հայաստան չժամանելու մասին։ «Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող, երկրպագող թուրք պատգամավորները դարձան գործընկեր,- հարցրեց Արմեն Այվազյանը:- Ոչ արժանապատիվ կեցվածքի փայլուն մի օրինակ է այս քննարկումներին թուրք պատգամավորներ հրավիրելը»: Ըստ նրա, առհասարակ իմաստ չունի հրավիրել «թշնամի պետության պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկումներին։ Խորաթափանց դիվանագիտության անվան տակ անցկացվող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջո, վատ ավարտվում հայերի համար (հիշենք թեկուզ ՀՅԴ համագործակցությունը երիտթուրքերի հետ)։ Ձեր հրավերն ընդունելու մերժումը ընդամենը ցույց է տալիս այդ արհամարհանքի աստիճանը»: Այս ելույթը կարծես միակն էր, որին հետեւեցին բուռն ծափահարություններ:
Հ. Գ. Ամփոփելով լսումները՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ դրանք արդարացրին կազմակերպիչների սպասումները, եւ համապատասխան հայեցակարգ մշակելու համար առկա է հարուստ նյութ. «Դա կլինի մի մեկնարկային փաստաթուղթ, որն ուղղություն կտա մեր քայլերին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մակարդակով»: