Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում կա՞ն երկակի խաղացող ՀՀԿ-ականներ

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"«Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության նախընտրական տրամադրությունները:

– Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ հիասթափության մեծ ալիք բարձրացավ: Մինչ ընտրությունները կայացած հանրահավաքները վկայում էին այն մասին, որ հարյուր հազարավոր մարդիկ ուզում են իշխանափոխություն, սակայն կեղծված ընտրությունները ցույց տվեցին, որ պարզապես անհնար էր ընդդիմադիր հայացքներով քաղաքական ուժերի հայտնվելը խորհրդարանում:

– Դուք ասացիք, թե խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ անհնար էր ընդդիմադիր ուժերի անցնելը խորհրդարան:

– Անհնարին էր այն պատճառով, որ շատ մեծ քանակությամբ՝ մոտ կես միլիոն կեղծ անձնագրեր էին տպվել եւ դրվել շրջանառության մեջ: Բացի այդ՝ ընդդիմությունը չմիավորվեց, չմիավորվեց, որպեսզի ռեսուրսները կենտրոնացնելով՝ հնարավորություն ունենանք պայքարել նմանատիպ երեւույթների դեմ: Ես համոզված եմ, որ լիբերալ ազատական գաղափարախոսությունը Հայաստանում անխուսափելի է, իսկ այդ գաղափարախոսության կրողը Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որի շուրջը համախմբվել են տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժեր, բոլորը հրաշալի հասկանում են, որ այսօրվա իշխանություններին փոխելու համար հարկավոր է կենտրոնաձիգ ուժ, որը Լեւոն Տեր-Պետրոսյան անձն է: Նա հանրահավաքի ժամանակ ասաց, որ կգա, կկարգավորի, «բեսպրեդելին» վերջ կտա, հասարակությանը կապացուցի, որ հնարավոր են ազատ ընտրություններ, որի երաշխիքը կկանգնի ինքը եւ կհեռանա:

– Ըստ Ձեզ, կգա Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կապահովի ժողովրդի բարեկեցությունը։ Բայց ժողովրդի մի հսկա զանգվածի համար դժվար է դրան հավատալ, քանի դեռ չի մոռացել նրա իշխանության տարիների «բարեկեցությունը»:

– Նույն ժողովուրդը տեսել է նաեւ հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Որեւիցե մեկը չի հիշում, թե Տիգրան Մեծի օրոք ժողովուրդը ինչ պայմաններում է ապրել՝ սով, համաճարակ։ Պատմության մեջ նա հիշվում է որպես հաղթող թագավոր, որը հզորացրել է երկիրը: Դարեր են անցել։ Ոչ միայն հաղթելու, այլեւ տարածքներ գրավելու մասին խոսք լինել չէր կարող: Առաջին անգամ մենք գրավել եւ հաղթել ենք, եւ դրականը միայն ստամոքսով չի որոշվում։ Կանցնեն տարիներ, եւ մեր սերունդները հպարտությամբ կհիշեն Լեւոն անունը։ Մենք գնացել ենք գիտակցական պայքարի՝ հանուն հաղթանակի: Եվ մեր հասարակությունը դա լավ է հասկանում։ Բացի այդ՝ ժողովուրդը պահանջում է նրանից, ումից ինչ-որ բան սպասում է։

– Դուք «Այլընտրանքի» Լոռու մարզի կառույցի ղեկավարն եք։ Որքան էլ վանաձորցիները չսիրեն ներկայիս քաղաքապետին, նրանք դեռ չեն մոռացել ՀՀՇ-ի ղեկավարման տարիները, երբ իրենց տան կահկարասին էին վաճառում՝ օրվա հաց գնելու համար, իսկ ՀՀՇ-ական քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանն ու նրա մերձավորները, եղբայրները, լինելով քաղաքում սեփականաշնորհվող եւ մաս-մաս վաճառվող գործարանների համասեփականատերեր, իրենց համար քաղաքում դղյակներ էին կառուցում, որոնք այսօր էլ համաքաղաքացիների «աչքի փուշն» են:

– Դուք լավ չեք իրազեկված, քաղաքապետն այն ժամանակ ապրում էր տնակում: Իսկ ձեր ասած քաղաքային նախկին իշխանությունների օրոք ընդունված էր քաղաքապետի որոշում՝ կանաչ գոտում շինարարություն չանել կամ կրպակ չտեղադրել: Իսկ հիմա շրջեք քաղաքում, բացի այն, որ կանաչ գոտիները հատվել են, տեղը շինություններ են բարձրացել:

– Ինչպիսի՞ն է մարզի նախընտրական վիճակը, կա՞ լարվածություն:

– Եղել են ճնշումների փորձեր ամենատարբեր մակարդակներում, բայց արդյունքի չհասան։ Մարդիկ ուղղակի վերեւի հրաման կատարեցին:

– Կոնկրետ ո՞ւմ կողմից էին ճնշումները:

– Բոլոր կառույցների կողմից: Բայց ինչ էլ որ անեն, այսօր Վանաձորի ընտրողների մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Անգամ իշխող «Հանրապետական» կուսակցության՝ մարզի կարկառուն շատ դեմքեր մեզ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Շատ պաշտոնյաներ, մտավորականներ, նույնիսկ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են ՀՀՇ-ի դեմ, մոտենում են մեզ եւ ասում, որ արդեն զզվել են սրանցից։ Այսօր արդեն չեն էլ վախենում, շատերը բացահայտ քարոզում են նրա համար:

– Ովքե՞ր են մարզի այդ «երկքաղաքացի» ՀՀԿ-ականները:

– Ինձ իրավունք չեմ վերապահում անուններ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել