Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ այս հարցը հաճախակի տվող դաշնակցականները իշխանության տարիներին որեւէ քայլ չարեցին «խարխափող եւ արտաքին ճնշումներին ենթարկվող» արտաքին քաղաքականությունը փոխելու եւ պահանջատիրական դարձնելու ուղղությամբ:

«Բազմաթիվ օրինակելի նվիրյալներով հագեցած այս ազգային-քաղաքական կազմակերպությունը փաստորեն չունի հօգուտ հայ ժողովրդի իրականություն դարձրած մի նախաձեռնություն, մի ներդրում, որը մենք վերագրենք իրեն եւ միայն իրեն: Նախ, անցյալ դարի սկզբին լինելով հիմնական քաղաքական ուժը, չկարողացան կանխել ցեղասպանությունը,- ասում է ԱԻՄ նախագահը:- Հետո Տիրոջ կամքով մեզ տրվեց անկախություն, որին նրանք պատրաստ չէին եւ կորցրին, հետո էլ անկախության համար մեր նորօրյա վճռական փուլում իրենք որեւէ գործնական դերակատարություն չկամեցան ունենալ»: Մեր հարցին՝ մի՞թե դաշնակցությունը կարող էր կանխել ցեղասպանությունը, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Դրանից ավելի մեծ առաքելություն կարող է ունենալ ազգային-քաղաքական կուսակցությունը, իսկ եթե չէին կարող, ուրեմն կոպեկ չարժեն»: Որպես ապացույց ներկայացրեց Վանի ինքնապաշտպանական կռիվներից հետո ռուսական հրամանատարության պահանջով Վանը լքելը:

Այսօր դաշնակցության ներկայացուցիչները հայտարարություններ են անում արդար, ներողամիտ եւ հանդուրժող մթնոլորտում նախագահական ընտրությունները անցկացնելու մասին: ԱԻՄ նախագահը նկատեց, որ այդ հայտարարությունները ուրախացնող են. «Մի քիչ իրենց հեղափոխական ոգուն հարիր չէ, դա ավելի շատ քրիստոնեա-դեմոկրատական ուղղվածության դիրքորոշում է եւ ոչ սոցիալիստական-հեղափոխական, բայց ամեն դեպքում ուրախացնող է: Սակայն չմոռանանք, որ բարի ցանկությունները քաղաքական իրականություն են դառնում Սահմանադրության մեջ ամրագրվելով»:

Պ. Հայրիկյանը նշեց, որ երիտասարդ տարիներին իրեն այդ կուսակցության գաղափարական հետեւորդ էր համարում՝ առանց նրա անդամը լինելու. «Երբ մենք պայքարում էինք ազատ, անկախ Հայաստանի համար, մեզ համար դաշնակցությունը իր «Մահ կամ ազատություն» հիմնական կարգախոսով գաղափարապես առաջնորդող ուժ էր, բայց նույն այդ գործունեությունը վերլուծելու ընթացքում սկսում ես հասկանալ, թե ինչ պատահեց, որ այդքան նվիրյալներ ունեցող ազգային-քաղաքական ուժը ոչ միայն մեր ժողովրդին հաջողությունների չհասցրեց, այլեւ մենք բոլորս ականատես եղանք մի մեծ ողբերգության, հետո ստացանք պետականություն, որը չպահպանեցինք, իսկ եթե 20 թվին ստացած մեր պետականությունը կարողանայինք պահպանել, ապա այսօր կլինեինք առնվազն 7 միլիոնանոց Հայաստան եւ առնվազն Կարս-Արդահան տարածքներ, այսինքն՝ 2-3 անգամ ավելի մեծ տարածքով, չէինք ունենա Արցախի խնդիր եւ այլն: Այդպես կլիներ, եթե հետեւողականություն դրսեւորեինք եւ կարողանայինք հավատարիմ մնալ «Մահ կամ ազատություն» սկզբունքներին»:

Պարոն Հայրիկյանը համաձայն չէ դաշնակցության այն պնդումներին, ըստ որի՝ ՀՅԴ-ն իրեն է վերագրում հայապահպանության բացառիկ դերը. «Դա ինքնախաբեություն է, շատ լավ գիտենք, օրինակ, որ Բեյրութը ամենապահպանված հայկական գաղութն է, բայց անկախությունից հետո միայն մի քանի մասնավոր ընտանիքներ են եկել Հայաստան, իսկ եթե Պարսկաստանից հայեր են եկել, եկել են իրենց հայեցողությամբ,- նշում է ԱԻՄ նախագահը:- Բայց ես ուզում եմ խոսել մեկ այլ խնդրի մասին: Մեր ժողովրդի համար կարեւորը պետականության պահպանման խնդիրն է եւ կասկած չկա, որ 1920 թվականին պետականության կորուստը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ դաշնակցությունն էր իրավիճակի տերը: Այ, այստեղ է, որ հարց է ծագում, մարդիկ փոխանակ հասկանան, որ սա ցավի, անաչառության դրսեւորում է, ընդհակառակը, ներկայացնում են, թե ես խեղաթյուրում եմ իրավիճակը: Տեսեք, «Մահ կամ ազատություն» կարգախոսը կրող կուսակցությունը, որը ձեռքի տակ ուներ Սեւրի պայմանագրի բարոյական աջակցությունը, ռուս-թուրքական անմիջական ճնշման հետեւանքով վիճակը օրհասական համարեց եւ կորցրեց Կարս-Արդահանը, մոռանալով, որ դրանից 2 տարի առաջ թուրքերը շատ ավելի առաջ էին եկել եւ ետ շպրտվել: Եվ մի քանի հարյուր-հազար ընտրող ունեցող կուսակցության մեջ չգտնվեց մեկը, որն ասեր՝ ոչ, մենք ասել ենք «Մահ կամ ազատություն» եւ մեր երկիրը չենք տալիս բոլշեւիկներին: Ես սա ասում եմ տխրությամբ եւ ոչ թե մի օտար երեւույթի, այլ իմ՝ մեր հայրերի մասին»:

ՀՅԴ-ի ինքնավստահությունը այսօրվա նախագահական պայքարում Պարույր Հայրիկյանը պատահական չի համարում. «Դաշնակցությունը 91-ին եւս մտել էր նախագահական պայքարի մեջ եւ ոչ պակաս ինքնավստահ էր, ես դրանում դատապարտելի ոչինչ չեմ տեսնում, քարոզարշավ է: Բայց 91-ի նախագահական ընտրություններին դաշնակցությունը ԱԻՄ-ից երկու անգամ պակաս ձայներ ստացավ, սա փաստ է»: Դաշնակցության շանսերն այս պահին ԱԻՄ նախագահը գնահատում է շատ համեստ. «Ոչ ավելի, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իրենք ասում են՝ ազգային կուսակցություն են: Եթե ազգային կուսակցություն ես ու մի քանի անգամ կրթության նախարար ես ունեցել, էդ ինչպե՞ս պատահեց, որ տարրական ազգային հարցը՝ միասնական ուղղագրությունն ավարտին հասցնելու խնդիրը չկարողացար լուծել: Ուրեմն՝ քո ազգայինը վերացավ: Ի վերջո, դաշնակցությունից է, չէ՞, կախված Էջմիածին-Անթիլիաս հարաբերությունների կարգավորման հարցը: Այստեղ էլ որեւէ քայլ չեն անում, էդ ինչո՞վ պիտի իրենք գրավիչ դառնան մարդկանց համար: Նրանով, որ իմ լավ բարեկամ Վահան Հովհաննիսյանն ասում է, որ իրենք էին սահմանադրական բարեփոխում նախաձեռնողը, շատ լավ իմանալով եւ այնքան ակնհայտ էր, որ իրենք չէին, այլ մենք էինք նախաձեռնողը, ես նույնիսկ այդ հանձնաժողովի նախագահն էի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել