Լրահոս
Օրվա լրահոսը

Կերպարվեստի բնագավառում որակը զիջում է քանակին

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"Հայտարարում է ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը

Հայաստանում կերպարվեստի բնագավառում նկատվում է նկարիչների եւ նրանց ստեղծագործությունների քանակի աճ, ինչը հաճախ հակառակ համեմատական է նրանց գործերի որակին: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը: Ըստ նրա, ներկայումս նկարիչների քանակը 6-7 անգամ ավելի է, քան նույնիսկ խորհրդային տարիներին էր: «Այսօր կերպարվեստի բնագավառում մեծամասամբ գնորդն է առաջարկում իր ճաշակը ստեղծագործողին, այսինքն՝ ստեղծագործությունը ձեւավորվում է հասարակության առաջարկով, ինչը, անշուշտ, ոչ միշտ է որակ պահանջում: Մեր օրերում նկարչի խնդիրը դարձել է գնորդ գտնելը, ուստի ավելի հեշտ է նրա ճաշակին ու պահանջներին հարմարվել, քան նրանց արվեստի ուղղություններն ու պահանջները բացատրել»,- շեշտեց ՀՆՄ միության նախագահը: Շատ արվեստագետներ համագործակցում են նաեւ մասնավոր պատկերասրահների հետ, որոնք փոխշահավետ հիմունքով զբաղվում են նրանց գործերը վաճառելով, բայց այս նկարիչների թիվն էլ մեծ չէ: Եվ հետո ոչ բոլորն են պատկերասրահներից նկարներ ձեռք բերում:

Կերպարվեստի այժմյան շրջանի խնդիրներից Կ. Աղամյանն առանձնացնում է նաեւ օտարերկրյա ճաշակով, պահանջներով ուղղորդվելը եւ հայկական բազմադարյա նկարչության ակունքներից հեռանալը: «Կարծում եմ, մեր երկրում իսկապես որակյալ, արվեստի իսկական գործեր ունենալու համար անհրաժեշտ է մշակել պետական ծրագիր, որի շրջանակներում կնախանշվեն ոլորտի գերակա ուղղությունները»,- համոզված է նկարիչը:

Կ. Աղամյանը խոսեց նաեւ նկարիչներ «պատրաստող» բուհերի մասին՝ ընդգծելով, որ այսօր վերջիններս ընդամենը շրջանավարտներ են տալիս, եւ որակյալ մասնագետներ «թողարկելու» խնդիր ունեն:

Խոսք գնաց նաեւ ՀՆՄ սրահում երիտասարդների՝ անվճար ցուցադրվելու մասին: Նախագահը հավաստիացրեց, որ Նկարիչների միության սրահում ժյուրիով ընտրված գործերը կարող են նաեւ անվճար ցուցադրվել: Կ. Աղամյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի նկարիչների միության շենքի վերանորոգմանը, որը շուտով կավարտվի: «Վերանորոգումից հետո 620 քմ մակերես ունեցող շենքը կընդարձակվի եւ կզբաղեցնի 860 քմ տարածք: Միայն առաջին հարկը կկազմի մոտ 550 քմ մակերեսով տարածք, ինչը ցուցադրություններ կազմակերպելու համար ավելի հարմար կլինի: Դահլիճը կծառայի տարբեր ուղղություններով միջոցառումներ կազմակերպելուն, սակայն հիմնականում կանցկացվեն կերպարվեստի բնագավառին վերաբերող ակցիաներ»,- ասաց նկարիչը:

Միության նախագահի խոսքով, մոտ 40 տարի շենքը վերանորոգման չի ենթարկվել, իսկ իր աշխատասենյակը վերջին անգամ հարդարվել է 1981 թվականին. «Շենքը վթարային վիճակում էր, իսկ երկրորդ հարկում գտնվելն ուղղակի վտանգավոր էր դարձել»:

Նկարիչների միությունը պատրաստվում է վերանորոգումից հետո հարդարված եւ ժամանակակից պայմաններին բավարարող նոր ցուցասրահում կազմակերպել խոշոր ցուցահանդես, որտեղ առանց ընտրության կներկայացվեն հանրապետության բոլոր նկարիչների գործերը: «Կերպարվեստի հանրապետական այդ ցուցադրության անցկացման հիմնական նպատակն այն է, որպեսզի կարողանանք պարզել, թե ինչ ունենք Հայաստանի այժմյան նկարչության բնագավառում»,- ավելացրեց ՀՆՄ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել