Լրահոս
Օրվա լրահոսը

70-ԱՄՅԱ ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՏՐՈՆ

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնը դեռ կիսավեր «տանն» է

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գործունեության ընթացքում արձանագրվել են տարօրինակ իրողություններ. 1936թ. հիմնադրված թատրոնն առայսօր չունի մշտական տանիք, տվել է ընդամենը մեկ ժողովրդական արտիստ՝ Միլիտոս Ղազարյանը, այն էլ կոչմանն արժանացել է որպես Հայրենական պատերազմի վետերան, երկու վաստակավոր արտիստ՝ Կամո Արզումանյանն ու Վազգեն Սարգսյանը: Որպես սահմանամերձ գոտու մշակութային օջախ, թատրոնը կոչված է սպասարկել նաեւ մարզի հեռավոր շրջանները, սակայն չունի նույնիսկ սեփական փոխադրամիջոց: Մինչեւ 1996թ., երբ գործում էր մշակույթի նախարարության ենթակայությամբ, մշակութային այս օջախն ընդամենը 2 անգամ է պետպատվեր ստացել, կոլեկտիվը գոնե մեկ անգամ չի մեկնել արտերկիր՝ հյուրախաղերի եւ այլն: Թատերարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչներ էլ հավաստիացնում են, թե շուրջ 15 տարի թատրոնը մատնված է պարապուրդի:

«Առավոտի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կամո Արզումանյանը մեր դիտարկմանը, թե Սյունիքի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանի՝ թատրոնին տրամադրած 30 մլն դրամով կարելի է գոնե կոսմետիկ վերանորոգել վերջերս թատրոնին հատկացված «Սյունիք» կինոթատրոնի շենքը, ասաց. «Ես 30 մլն-ից տեղյակ չեմ: Կառավարությունը նախկին կինոթատրոնի շենքի վերանորոգման համար տրամադրել է 52 մլն դրամ, տեխնիկական վերազինման համար էլ երկարաժամկետ ծրագրով՝ 19,8 մլն: Եթե հիմնական շենք չենք ունեցել, դա չի նշանակում, թե թատրոնը չի գործել: 1996թ. ղեկավարում եմ թատրոնի 53 հոգանոց կոլեկտիվը, որից 23-ը դերասանական խումբն է: Այսօր խաղացանկում ունենք շուրջ 15 ներկայացում, այդ թվում՝ Շիրվանզադեի «Չար ոգի», Պսաֆաս՝ «Պահանջվում է ստախոս», Անանյան՝ «Տաքսի-տաքսի», Էնեկեն՝ «Զուտ կանացի խաղեր», Թումանյանի երկերից եւ այլն: Չենք մեկնել արտերկիր՝ հյուրախաղերի, բայց ամեն տարի Գորիսում, Սիսիանում, Քաջարանում, Մեղրիում եւ հանրապետության այլ քաղաքներում խաղացել ենք ներկայացումներ, իսկ 2006թ. Երեւանում մասնակցելով «Հայֆեստ» միջազգային փառատոնին՝ արժանացել ենք 4 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն մարզային թատրոն» անվանակարգում»:

Պրն Արզումանյանը հավելեց նաեւ, որ արցախյան պատերազմի տարիներին խաղացել են խրամատներում, անգամ ունեցել՝ երկու զոհ: Նա հպարտությամբ հիշեց, որ 3 տարի անընդմեջ Ֆրունզիկ Մկրտչյանը Պաղտասար ախպար է խաղացել իրենց թատրոնում, Վիգեն Ստեփանյանն ու Արմեն Սանթրոսյանն էլ բեմադրություններ են իրականացրել: Հարցին, թե ինքն ինչո՞ւ է աշխատանքից ազատել թատրոնի միակ ռեժիսոր Վազգեն Սարգսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը ծանր վիրահատությունից հետո ապաքինվում էր ու վերջերս էլ նրա ու իմ բեմադրությամբ ներկայացրինք Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ»-ը: Ի դեպ, նա արդեն մեր թատրոնի գլխավոր ռեժիսորն է»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ կապանցի երիտասարդները ուսում չեն առնում Գորիսում բացված Երեւանի թատրոնի եւ կինոյի մասնաճյուղում, Կ. Արզումանյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին 4 հոգի սովորել են Երեւանում, սակայն թատերականն ավարտելուց հետո ընդամենը երկուսն են վերադարձել Կապան: «Մեղադրել չես կարող: Եթե մայրաքաղաքում դերասանը կարող է միաժամանակ 2-3 թատրոնում զբաղված լինել, կապանցին իր քաղաքում այլընտրանք չունի: Հետո էլ՝ մեզ համար անհասկանալի մնաց 2008թ. պետբյուջեով թատրոնների աշխատողների աշխատավարձը անփոփոխ թողնելը: Պետությունն առաջինն ինքը պետք է ինչ-որ ձեւով շահագրգռի մարզային թատրոններին, մեր դեպքում՝ սահմանամերձ շրջանների արվեստագետներին: Փաստեմ, որ հենց Կապանի թատրոնում են իրենց մկրտությունը ստացել ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Գուժ Մանուկյանը, Արծրուն Մանուկյանը եւ այլք: Ժամանակին մեզ մոտ բեմադրություններ են իրականացրել Նոդիա Բաղդասարյանը, Հակոբ Ղազանչյանը»:

Տեղեկացնենք, որ Կապանի թատրոնում աշխատած անվանի թատերական գործիչները Հայաստանի կառավարության որոշմամբ են 1958թ., ավարտելով Երեւանի թատերական ինստիտուտը, իրենց արվեստանոցի ղեկավար Առնոլդ Մարտիրոսյանի ղեկավարությամբ մեկնել Կապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել