Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Դեկտեմբեր 20,2007 00:00

Դեկտեմբերի 17-20

Ինչպես հայց գրել

Նախորդ օրը Հայաստանի մարզերի առաջին ատյանի դատարաններ եւ երեկ Երեւան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարաններ, ինչպես նաեւ վերաքննիչ դատարաններ այցելեցին հանրապետության բարձր դասարանների աշակերտները: Դպրոցականները դատարաններում հանդիպեցին դատավորների, դատական ծառայողների հետ, ներկա գտնվեցին քաղաքացիական եւ քրեական գործերով դատաքննությունների: Դպրոցականներին ներկայացվեցին ՀՀ դատական համակարգը, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված այն փոփոխությունները, որոնք պետք է գործեն 2008 թվականի հունվարի մեկից:

Դատավորներին եւ դատական ծառայողներին ուղղված դպրոցականների հարցերը վերաբերում էին դատարան հայց ներկայացնելու կարգին, ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաեւ դատական իշխանության անկախությանը:

Այսօր, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ա. Ենգոյանի, այն դատական ծառայողները, ովքեր պատրաստվում են ստանձնել դատավորի լիազորությունները, կայցելեն Երեւան քաղաքի թիվ 20 եւ 43 դպրոցներ, Անանիա Շիրակացու ճեմարան, «Օլիմպոս» կրթահամալիր, ինչպես նաեւ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12-ին, Վճռաբեկ դատարանում աշակերտների հետ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ելիզավետա Դանիելյանը, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/CEELI) նախագահ Սոնյա Սմիթը:

2008-ի նվերը՝ խնամուն

Ըստ «Առավոտի» աղբյուրի, այսօր ՀՀ կառավարության նիստում քննության կդրվի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող 3000 քմ տարածքով ունիվերսամի մասնավորեցման հարցը: Քչերը գիտեն, որ վերջինիս մասնավորեցման խնդրով 2006-ից բազմիցս ՀՀ կառավարություն են դիմել հայտատու՝ ՌԴ Օմսկ քաղաքի «Տավրոս» ՍՊԸ-ն, նպատակ ունենալով ներգրավել մարզի գործարար աշխարհը, խոշոր ներդրումներից հետո ստեղծել «Սիբիր» առեւտրային տուն՝ 200 աշխատատեղով, անգլիական «Բաեստ» ընկերությունը՝ դեղագործական արտադրության ծրագրով: Հայտատուների թվում նշվում է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն՝ 200 աշխատատեղով:

Ըստ «Առավոտի», հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ նախագահի խնամին՝ Վոլոդյա Բադալյանը, իր «Էրետրոն» ՍՊԸ-ով, որը հարկային դաշտից դուրս է: Հայտատուն ուղղակի վաճառքով (եւ ոչ թե հրապարակային աճուրդով) կառավարության սահմանած գնով մասնավորեցնելու է այն:

Բախվել են ծառին

Դեկտեմբերի 18-ին Վանաձորի Ներսիսյան փողոցում «ԲՄՎ-525» մակնիշի 22 ՍՍ 122 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Դրա հետեւանքով վարորդը՝ 16-ամյա Արամ Սարգսյանը, եւ ուղեւորը՝ 17-ամյա Էդգար Գեւորգյանը, ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նրանց վիճակը միջին ծանրության է:

Այրվել է ավտոմեքենան

Երեկ ժամը 00.15-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի թիվ 11 տան բակում: Ամբողջությամբ այրվել է Վ. Պետրոսյանին պատկանող «Օպել» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան:

Եղբայրասպանը

ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժինը հարուցել է քրեական գործ՝ կապված Դալարիկ գյուղի բնակիչ Սամվել Հակոբյանի մահվան հետ: Նախ հաղորդում էր եկել, թե Հակոբյանը հանկարծամահ էր եղել: Ապա բժիշկների կողմից պարզվել էր, որ նրա կրծքավանդակին առկա են դանակի հետքեր: Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանին սպանել էր եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը:

Թունավորվել էր գազից

Նոյեմբերի 25-ին Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 83 տան բնակիչ Արտյոմ Սարդարյանը (ծնվ. 1988թ.) լոգանք ընդունելու ժամանակ թունավորվել է գազից: Իսկ Աշտարակ քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել նույն քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 22 տան բնակչուհի Լաուրա Հովհաննիսյանը՝ դարձյալ գազից թունավորվելով:

Մեքենան՝ ջրատարում

Մասիս-Նորամարգ ճանապարհին ջրատարի մեջ էր ընկել «ՎԱԶ 2102» ավտոմեքենան: Ուղեւորուհին՝ 1943թ. ծնված Արեգա Խաչատրյանը տեղում մահացել է:

Կասկածյալներ կան

Ինչպես տեղեկացրել ենք, 2007-ի սեպտեմբերի 17-ին (այլ տվյալներով՝ 18-ին) Սանկտ Պետերբուրգի Ուդելնի զբոսայգում սպանվել է Սարգսյան ազգանունով հայաստանցի: Դեկտեմբերի 1-ին Սարգսյանի սպանության գործը միավորվել է մի շարք ազգայնական հարձակումների վերաբերյալ գործի հետ մեկ վարույթում: Հանցագործությունների կատարման համար կասկածվում են միեւնույն խմբավորման անդամները, 13 կասկածյալ արդեն ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել