Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՅՈԹ ՄԱՀ

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրյալները դժգոհ են առաջին ատյանի դատավճռից

2006թ. օգոստոսի 12-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «ՎՆՍ Եռյակ» ՍՊԸ-ի համար հեղուկ գազ տեղափոխող «ՄԱԶ 5334» մակնիշի ավտոմեքենայի կցորդի վրա տեղակայված ցիստեռնը պայթել էր: Զոհվել էր 7 անձ, իսկ Հռիփսիմե Դեղձունյանը, Արամայիս Մեջլումյանը եւ Հայկարամ Ժամկոչյանը ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ու առաջին ատյանի դատարանում ընթացած դատաքննությունը մնաց լրատվամիջոցների ուշադրությունից դուրս:

Քրեական գործով դատաքննությունը տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 26-ին՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ: Ամբաստանյալներն էին «Եռյակ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Գրիգորյանը եւ «Բութան» ՍՊԸ լցավորման-դատարկման արտադրամասի պետ Յուրիկ Թադեւոսյանը: Երկուսն էլ կալանքի տակ չեն գտնվել եւ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունք տալ: Նրանք մեղադրվում էին «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» ՀՀ կառավարության թիվ 2399 որոշման տեխնիկական կանոնակարգի 96 կետի եւ «Ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման կանոնների» պահանջների խախտման համար:

Ինչ է պարզվել նախաքննության եւ դատաքննության ժամանակ

Ըստ նախաքննության, Գրիգորյանը եւ Թադեւոսյանը, առանց պատշաճ հրահանգավորման, նոր աշխատանքի ընդունված Արամայիս Մեջլումյանին հնարավորություն են տվել «Բութան» ՍՊԸ-ից տեղափոխել հեղուկացված գազ: Ընդ որում, տեղափոխումը կատարվում էր առանց համապատասխան թույլտվության, տեխնիկական անձնագրի տվյալներին չհամապատասխանող ցիստեռնով: Վանաձոր-Դիլիջան ճանապարհին հեղուկացված գազը տաքացել էր, ինչի հետեւանքով ցիստեռնում աճել էր ավելցուկային ճնշումը, տեղի էր ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն: Դատարան հրավիրված փորձագետ Ժորժ Ծատուրյանի ցուցմունքով, պայթյունից հետո ստեղծվել էր փորձագիտական հանձնաժողով, ըստ որի՝ պարզվել էր, որ ցիստեռնի հատակի մասում տեղակայված 43 սմ տրամագծով շրջանաձեւ մետաղյա խցափակումն ունեցել է եռակցման կար, ճնշման ազդեցության տակ այն բացվել է, եւ հեղուկը արտահոսել է՝ օդում փոխվելով գազային վիճակի:

Պայթյունի ժամանակ մեքենայի հետեւից շարժվում էին «ՎԱԶ 2106» մակնիշի 11 0Տ Օ61 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 68 ՕՍ 108 համարանիշի եւ «Պեժո» մակնիշի 505 ԼԼ 05 համարանիշի մեքենաները: Երեք մեքենաների վարորդները՝ Սամվել Հովսեփյանը, Արա Օչինյանը, Մինաս Ղազարյանը եւ 4 ուղեւորները՝ Գոհար եւ Սոնա Հովսեփյանները, Վալյա Օչինյանը, Պյոտր Մարտիրոսյանը մահացել են: Վիրավորների մասին արդեն նշել ենք: Բացի այդ, պայթյունի հետեւանքով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանը, «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ» ՍՊԸ-ին պատճառվել է տարբեր չափերի նյութական վնաս: Տուժողները պետպատվերի շրջանակներում ստացել են բուժօգնություն՝ 746 860 դրամի չափով:

Տուժողը կարեւորագույն վկան է

Հայաստանի Թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար, տուժող Հայկ Ժամկոչյանը երեկ «Առավոտին» ասաց. «Աստված ինձ ողջ է պահել միայն նրա համար, որ ես ասեմ ճշմարտությունը եւ տեր կանգնեմ այն ընտանիքներին, որոնց երեխաները որբացան»: Նա գտնվել է «Պեժո 407» ավտոմեքենայի մեջ, Հռիփսիմե Դեղձունյանի եւ նրա աղջկա հետ մեկնելիս է եղել Վանաձոր՝ կնոջը տեսնելու, նաեւ՝ աշխատանքային այցով: «Դիլիջանն անցնելիս ճանապարհին մեզ մոտեցող կրակե ամպ տեսա, պատուհանները փակ էին, մեքենայի վարորդը՝ Մինասը, արգելակեց մեր մեքենան: Իրար հետեւից անցան երկու «Ժիգուլիները»: Տեսա, թե ինչպես պայթյուն առաջացավ: Մինասը բացեց ավտոմեքենայի դուռը եւ նետվեց դուրս: Ես գլխով պահեցի մեքենայի ղեկը, իսկ ձեռքերով՝ ավտոմեքենայի գազի ոտնակը: Քանի որ դուռը բացվելու հետեւանքով ավտոմեքենայի ներսում նույնպես կրակ էր՝ ստացա այրվածքներ: Հռիփսիմեն դուրս նետվեց մեքենայից եւ հայտնվեց մեքենայի անիվների տակ»: Հ. Ժամկոչյանը պատմում է, որ երեք ամիս անշարժ պառկել է եւ նրա կարծիքով ցավալին այն է, որ երկու ամբաստանյալները մեղավոր չեն ճանաչում իրենց, եւ ինքը, ի վերջո, չի իմանում, թե ով է պատասխան տալու իր աչքի առաջ մահացած 7 մարդկանց համար: Ըստ հրաշքով ողջ մնացած Հռիփսիմեի եւ Հայկի, քննությամբ չպարզվեց, թե ինչպես է բեռնատարը վստահվել Ա. Մեջլումյանին կամ եթե այն տրվել է վարձակալությամբ «Եռյակին», ապա մեքենայի շահագործումից ով ինչ եկամուտ պետք է ստանար: Դատաքննության ժամանակ այդպես էլ չպարզվեց, թե բեռնատարը ինչ բեռնափոխադրումներ է կատարել, արդյոք գրանցվե՞լ էր հարկային մարմիններում, թե՝ ոչ, այսինքն՝ մեքենան օրինակա՞ն է շահագործվել, վարորդը տրանսպորտային այդ միջոցը վարելու իրավունք ունեցե՞լ է, նա իմացե՞լ է, որ իր մեքենան շահագործման է տրամադրվել առանց գրանցման եւ համապատասխան հեղուկ գազ տեղափոխող ցիստեռն ունեցող կցորդով, ի վերջո, մեքենան պետական զննություն անցե՞լ է:

Տուժողի ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանը դատաքննության ժամանակ միջնորդություն էր ուղարկել դատախազություն, քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու համար, սակայն, ի հեճուկս դրա, առաջին ատյանի դատարանը Յուրիկ Թադեւոսյանին եւ Սանասար Գրիգորյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Թե մեղադրյալները, թե տուժողները դժգոհ են մնացել այդ դատավճռից ու դիմել վերաքննիչ դատարան:

Տուժողի իրավահաջորդ Մելինե Պետրոսյանին (վարորդ Մինասի այրին) պետությունը 1997435 դրամ կհատուցի՝ կերակրողին կորցնելու կապակցությամբ, վերապահելով նրան քաղաքացիական հայցի իրավունք, Հռիփսիմե Դեղձունյանին՝ 202500 դրամ, իսկ հօգուտ Հայկարամ Ժամկոչյանի՝ 499440 դրամ եւ 2100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ի դեպ, տուժողի իրավահաջորդները քաղհայցով դիմել էին առաջին ատյանի դատարան՝ ամբաստանյալների անշարժ եւ շարժական գույքի վրա արգելանք դնելու պահանջով:

Պատահարից մահացած Մ. Ղազարյանի այրին՝ Մելինե Պետրոսյանը եւ տուժածներ Հ. Դեղձունյանն ու Հ. Ժամկոչյանը դիմել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, հայտնելով, որ «նախաքննության եւ դատավարության պրոցեսը օբյեկտիվ եւ անաչառ տանելու ակնկալիքով խնդրում են իրավական օգնություն եւ հսկողություն գործի վարույթի վրա, այն վստահություն կներշնչի, որ խեղված քաղաքացիների եւ ծնողազուրկ դարձած անչափահաս երեխաների ճակատագիրը իրավական անհրաժեշտ պաշտպանվածություն կստանա»:

Հ. Ժամկոչյանը, որը դարձել է անգործունակ, միջազգային կարգի մրցավար է եւ կորցրել է նաեւ աշխատանքը: Գործի դատաքննությունը օրեր առաջ հայտնվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, որտեղ նախորդ օրը հետաձգվել է նիստը՝ դատավորների կազմը համալրված չլինելու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել