Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց են տվել մեկը, վաճառել՝ մյո՞ւսը

Դեկտեմբեր 20,2007 00:00

Բնակիչն «էլիտար» շենքում տուն է գնել ու փոշմանել

Այսօր մայրաքաղաքում շատ «էլիտար» շենքեր կառուցման փուլում են: Դրանց հիմքը դեռ չգցած՝ էլիտարների սեփականատերերն արդեն զբաղվում են չկառուցված բնակարանների առուվաճառքով: Այդպես գնորդների վրա բնակարանների գինն անհամեմատ էժան է նստում: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Ջուլիետա Կարապետյանը նույն սկզբունքով բնակարան է ձեռք բերել Մոսկվայի տան հարեւանությամբ՝ Արգիշտի փողոցում կառուցվող «Երեւանյան բերդ» թաղամասում:

«Ես տուն գնելու համար դիմել էի «Պրեմիեր» անշարժ գույքի գործակալություն, որտեղ ինձ բնակարան առաջարկեցին գինու գործարանի մոտ կառուցվելիք «էլիտարում»: Նրանք անգամ հատակագիծը ցույց տվեցին ու ասացին, որ բնակարանը գտնվում է 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկում, 36.4 քմ-ով մեկ սենյականոց է: Չթողեցին գոնե մեկ օր մտածեմ, անմիջապես զանգեցին ու ասացին, որ շտապ պատասխանեմ՝ ուզո՞ւմ եմ, թե՞ ոչ, քանի որ ուրիշ գնորդ ունեն: Ես էլ հաջորդ օրը պայմանագիր կնքեցի, նոտարով հաստատեցի եւ բանկով 11,5 մլն դրամ փոխանցեցի»: Ջ. Կարապետյանի պատմելով՝ պայմանագիրը կնքելուց հետո եղել է շենքի տարածքում եւ պարզել, որ իրեն գործակալությունից ոչ հավաստի տեղեկություններ են տրամադրել: Ըստ Ջ. Կարապետյանի, իրեն բրոքերը ասել է, որ իր գնած բնակարանը ոչ թե 3-րդ, այլ 4-րդ մասնաշենքում պետք է լինի, ինչն էլ տիկնոջը զայրացրել է. «Ինձ մինչ այդ ասել էին, որ 4-րդ շենքում 1քմ-ն արժե 700 դոլար, իսկ 3-րդում՝ 1050 դոլար, ինձ հարմար էր հենց 3-րդում: Հերիք չէ ինձ խաբեցին՝ ուրիշ մասնաշենքում տվեցին, մի բան էլ էժան տունը թանկ վաճառեցին»: Տիկին Ջուլիետայի կարծիքով՝ շենքի շահագործման ժամկետի վերաբերյալ էլ են նրան սխալ տեղեկատվություն տվել: Պայմանագրում ֆիքսված է, որ 2009-ին պետք է շենքը շահագործման հանձնել, մինչդեռ, կնոջ պատմելով՝ շենքը կառուցող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից նրան տեղեկացրել են, որ շենքը պատրաստ կլինի ավելի ուշ՝ 2011-ին:

Ջ. Կարապետյանը անշարժ գույքի գործակալությունից պահանջել է վերադարձնել իր գումարը: Սակայն գործակալությունը մերժել է: Բանն այն է, որ այդ բնակարանը նախնական սեփականատեր է ունեցել, որից էլ, փաստորեն, տիկինը գնել է այն: Ուստի, թե ինչու կնոջ գումարը չեն վերադարձնում, «Պրեմիեր» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արայիկ Միսկարյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ տիկին Ջուլիետայի վճարած գումարը հնարավոր կլինի վերադարձնել այն դեպքում, երբ բնակարանը վաճառած Սուրեն Ունուսյանը, որն այժմ երկրից դուրս է գտնվում, կնքած պայմանագիրը լուծարի. «Ըստ էության, 3-րդ եւ 4-րդ մասնաշենքերի միջեւ ոչ մի տարբերություն չկա, դա մեկ շենքի մասնաճյուղեր են, սակայն մենք տիկին Ջուլիետայի հետ հենց սկզբից էլ 4-րդ շենքի շուրջ ենք բանակցել: Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք եւ ասել, որ 2009-ի նոյեմբերի 1-ին շենքն արդեն կշահագործվի: Այս պահին բնակարանի վկայական չկա, որպեսզի հնարավոր լինի բնակարանը նորից վաճառել ու գումարը վերադարձնել, կամ պետք է տիկինը սպասի մինչեւ 2009 թվականը, կամ էլ Սուրենի միջոցով գործարքը լուծարվի»:

«Երեւանյան բերդ» թաղամասի շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ վստահեցրեց, որ պայմանագրում նշված ժամկետների շեղում չի լինի եւ Ջուլիետա Կարապետյանը նշված ժամկետում իր բնակարանը կստանա. «Մենք մեր տված բոլոր խոստումների պատասխանատուն ենք»: Ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Վահե Ալմոյանը հաստատեց, որ 3-րդ եւ 4-րդ մասնաշենքերի միջեւ ոչ մի տարբերություն չկա, եւ քանի որ տիկինը անմիջապես իրենցից չի գնել բնակարանը, ուստի ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի համար: Մասնաշենքերի քմ-ների գնային տարբերության առնչությամբ էլ ընկերությունից վստահեցրին, որ եւ 3-րդ, եւ 4-րդ մասնաշենքերում 1 քմ-ի վաճառքի գինն ի սկզբանե էլ եղել է $1000, եւ իրենք $700 գին չեն ունեցել. «Իսկ թե վերավաճառողները գնորդներին ինչ թիվ են ասում՝ մենք պատասխանատու չենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել