Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԵՐԵՎԱՆՈՎ

Դեկտեմբեր 20,2007 00:00

\"\"Տարվա երկրորդ եռամսյակում, երբ մայրաքաղաքում սկսվեցին լայնածավալ շինարարական աշխատանքները, շատերն էին թերահավատությամբ վերաբերվում այն խոստումներին, որ մինչեւ տարեվերջ հիմնական աշխատանքները կավարտվեն, եւ թե՛ երթեւեկությունը, թե՛ հետիոտնի տեղաշարժը կլինեն առավել հարմարավետ եւ առանց լրացուցիչ խոչընդոտների:

Փաստերը եւ իրականությունը, սակայն, հակառակն են ապացուցում: Մեկ-երկու օրից ամբողջությամբ կավարտվի մայրաքաղաքում միաժամանակ կառուցվող վեց հետիոտն անցումների շինարարությունը: Միայն Իսակովի պողոտայում կառուցվել է չորս հետիոտն անցում. Ոստիկանության ակադեմիայի մոտ շահագործման հանձնված՝ հանրապետությունում իր տեսակի մեջ միակը՝ կամրջային կապով ու պոլիկարբոնատի ծածկով վերգետնյա անցումը, բացի իր բուն նշանակությունից, նաեւ հետաքրքիր ճարտարապետական լուծում ունի: Արգավանդի եւ Փարաքարի միացման հատվածում կառուցված եւ մայրաքաղաքի երկու թաղամասերը՝ Նորագյուղն ու Կիլիկիան կապող գետնանցումները երթեւեկության այս գերծանրաբեռնվածության պայմաններում հսկայական նշանակություն են ունենում հետիոտնի անվտանգ տեղաշարժի առումով: Ոչ պակաս նշանակություն ունեն Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում կառուցվող հետիոտն գետնուղին եւ ստորգետնյա տրանսպորտային անցումը, մայրաքաղաքի ամենածանրաբեռնված ճանապարհային հանգույցը՝ Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, որտեղ գտնվում են մի շարք բուհեր: Այստեղ՝ ստորգետնյա տրանսպորտային ուղետարին զուգահեռ, կգործի հետիոտնի համար նախատեսված անցումը, որն ունի չորս մուտք՝ երկուսը Ալեք Մանուկյան, մյուս երկուսը՝ Նալբանդյան, Իսահակյան փողոցներից: Ի դեպ, այս հատվածում արդեն 2008 թվականին՝ շինարարության երկրորդ փուլում, կկառուցվեն թունելի թեքանցները, եւ փոխադրամիջոցները տարբեր մակարդակներով երթեւեկելու հնարավորություն կունենան: Մայրաքաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մյուսի՝ Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում կառուցվող հանգույցի շինարարության երթեւեկելի հատվածը շահագործման կհանձնվի առաջիկա տասնօրյակում. Խանջյան փողոցը Մանկավարժական համալսարանի հարակից հատվածից ստորգետնյա ճանապարհով կանցնի Տիգրան Մեծի պողոտայի տակով՝ ապահովելով անխափան երթեւեկություն։ Հանգույցի ստորգետնյա հատվածը շահագործման կհանձնվի 2008-ի կեսերին:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետի պահանջով քաղաքաշինական բոլոր ծրագրերում հաշմանդամների համար պարտադիր ստեղծվում է տեղաշարժման անարգել միջավայր. թե՛ հետիոտն անցման աստիճանավանդակներին զուգահեռ, թե՛ մայթեզրերին կառուցվում են թեքահարթակներ։

Այսօր նաեւ ունենք ժամանակակից ճանապարհաշինական նորմերին համահունչ փողոց՝ ի դեմս Ազատության պողոտայի. վերականգնված արտաքին լուսավորության համակարգով, փոխված եզրաքարերով, նոր հետիոտն ստորգետնյա անցումով (Հաղթանակի զբոսայգու դիմաց)։ Կյանքի է կոչվում դեռեւս 1980-ականներին նախատեսված եւս մեկ խոշոր ծրագիր՝ վերակառուցվում է Բարեկամության հրապարակը, որի նպատակը Օրբելի փողոցի խաչմերուկից մինչեւ Կասյան առանց լուսացույցների երթեւեկության ապահովումն է։ Կասյան-Բաղրամյան հանգույցում կառուցվել է կամրջային էստակադա, որի միջոցով կապահովվի մեքենաների անընդհատ ու անարգել երթը՝ Բաղրամյանից դեպի Կասյան-Կոմիտաս եւ հակառակ ուղղություններով։ Նաեւ՝ Օրբելի-Բաղրամյան հանգույցում կառուցվում է տրանսպորտային թունել։ Այստեղ եւս կապահովվի անընդհատ երթեւեկություն։ Ըստ նախագծի, Օպերայի շենքի կողմից Բաղրամյան փողոցով բարձրացող տրանսպորտային հոսքերը Օրբելի փողոց կմտնեն ստորգետնյա անցումով։ Կառույցների այս շարքի պաշտոնական բացումը նախատեսվում է դեկտեմբերի 26-ին:

Երեկ այս շինարարական օբյեկտներով շրջայցի էր դուրս եկել քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մասնագիտությամբ շինարար քաղաքապետը հիմնականում գոհ էր աշխատանքների թե որակից, թե տեմպերից: Նա հատուկ նշեց շինարարական կազմակերպությունների պատրաստակամությունը, ինչի արդյունքում երկհերթ եւ եռահերթ աշխատանքի շնորհիվ պահպանվեցին շինարարության ավարտի խոստացված ժամկետները: Քաղաքի կապիտալ ծախսերի համար այս տարվա նախատեսված 22 մլրդ դրամն ամբողջությամբ ծախսվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել