Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 20,2007 00:00

«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկ անցկացված խորհրդարանական լսումներին հրավիրված էին նաեւ 20 թուրքական պետական եւ հասարակական գործիչներ, մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին եւ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու Թաներ Աքչամը: «Տարբեր պատճառներով բոլոր հրավերները մերժվել են»,- հայտնեց լսումները նախաձեռնողը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Իսկ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե թուրքական կողմի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ լսումները համընկել են Թուրքիայում նշվող կրոնական տոնի հետ:

Լսումների ընթացքում անդրադարձ եղավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ե՛վ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ե՛ւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այդ անդամակցությունը համարեցին նպաստավոր Հայաստանի համար՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ընդհանրապես այն առումով, որ Եվրամիության սահմանը փաստացի կհասնի Հայաստանին: Մտահոգություն հայտնեցին միայն այն կապակցությամբ, որ Թուրքիային թույլ տրվեց Հայաստանի հետ սահմանների բացակայության պայմաններում սկսել այդ գործընթացը: Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, «Եթե այսպիսին, ինչպես այսօր կա՝ Թուրքիան ընդունվեց Եվրամիություն, մենք կարող ենք համարել լուրջ պարտություն, քանի որ դա կնշանակի, որ ոչ թե Թուրքիան ընդունեց եվրոպական արժեքային համակարգը, այլ Եվրոպան բոլորովին օտար արժեքային համակարգ թողեց ներս»: Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ելույթում նշեց, թե Թուրքիան կարող է դառնալ ԵՄ անդամ եւ հավատարմություն հայտնել եվրոպական արժեքներին միմիայն այն դեպքում, եթե Անկարայում հիմնի Հայոց ցեղասպանության թանգարան եւ այդպիսով հնարավորություն ստեղծի թուրք երիտասարդների համար ծանոթանալ իրենց պատմության ամենամութ էջերից մեկին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել