Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ԳԱԼԱ-ի ծառը, մենք նրանց անտառը»

Դեկտեմբեր 20,2007 00:00

Երեկ Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գյումրիի անկախ լրատվական ալիքի անտառապահ երկրպագուները իրենց զայրույթն արտահայտել էին այսպիսի հայհոյանքով:

Հանրահավաքը արտասովոր էր նրանով, որ մասնակիցներից գրեթե յուրաքանչյուրը իր հետ բերել էր սեփական ցուցապաստառը: Դրանցից ամենասուրը, որը մերթ ընդ մերթ հաճույքով կրկնում էր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հասցեագրված էր Ռադիոհեռուստատեսության պետական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Գյումրիի հարկային պետական տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանին եւ հեռուստաընկերության գլխին գործ սարքող մյուս պաշտոնյաներին: «Ամոթ Զիլֆիմյանին, Ամալյանին եւ մյուս վնասատուներին»,- շարադրված էր ցուցապաստառում: Ի դեպ, հանրահավաքի սկիզբը ազդարարվեց «ամո՛թ, ամո՛թ» գոռալով: Ազատ խոսքի ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբը համակարգող Լեւոն Բարսեղյանը մեկ անգամ եւս մասնակիցներին հիշեցրեց, որ իրենցից փորձում են խլել Աստծո տված ազատությունը: Դրան ի պատասխան՝ հավաքվածները տասը րոպեն մեկ բացականչում էին՝ «ազատություն»: Իսկ մասնակիցները ոչ միայն գյումրեցիներ էին, այլեւ Շիրակի մարզի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, կուսակցության լիդերներ, հանրահայտ հ/կ-ների նախագահներ: Կային հյուրեր նաեւ Վանաձորից եւ մայրաքաղաքից: Եվ չնայած սարսափելի ցրտին՝ վերջիններս չէին զլանում ելույթի համար հերթ կանգնելու: Հանրահավաքը սկսվելուն պես թատրոնի լույսերը անջատեցին, որը Լեւոն Բարսեղյանը բացատրեց նրանով, որ այս երկրում բոլորը ենթականեր են, իհարկե՝ ի նկատի ունենալով թատրոնի տնօրինությանը: Հանրահավաքը շարունակվեց էլեկտրաշարժիչի օգնությամբ:

Լեւոն Բարսեղյանը մանրամասն ներկայացնելով տարբեր գերատեսչությունների՝ անկախ լրատվական ալիքին հալածելու գործում կիրառած յուրատեսակ մեթոդները՝ հայտնեց, որ հարկայինի օպեր-լիազոր Հովհաննես Հովհաննիսյանի (մականունը՝ Կլոր) կողմից «ԳԱԼԱ»-ի օպերատոր Գրիգոր Շաղոյանին խեղդելու ու նրանից տեսախցիկը խլելու փաստի առթիվ ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել: «45 օր շարունակ՝ մինչեւ երեկ, ոստիկանությունը ասում էր՝ դեռ որոշված չէ, պարզվում է՝ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, իսկ նամակը ուղարկվել է դեկտեմբերի 17-ին: Պատկերացրեք, ոստիկանությունը հատուկ նամակը, որը տեղ է հասնում ամենաշատը երկու- երեք օրից, ուղարկում է ուղիղ 17 օր հետո»: Ազատ խոսքի ու «ԳԱԼԱ»-ի պաշտպանության շտաբի մյուս համակարգողը՝ ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանն էլ զարմանում էր, թե էդ ի՞նչ պետական հանցանք է կատարել, ի՞նչ պետական գաղտնիք է հրապարակել հեռուստաընկերությունը, որ ընկել են նրա հետեւից: «Ես կուզենայի խոսել դատավարությունների մասին, որոնք տեղի են ունենում «ԳԱԼԱ»-ի նկատմամբ, պարզ է, որ կազմակերպիչները դրանով ծաղրում են նախեւառաջ իրենց, պատկերացրեք, ամբողջ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, բայց դատարաններն ինչո՞վ են զբաղված՝ «ԳԱԼԱ»-ի դեմ սարքովի թեմաներով դատավարություններ անցկացնելով»,- ասաց ԱԺՄ կառույցի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել