Ասում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը
Երեկ ԱԺՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով մի հոդված, որն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց: Թերթն իր այդ հրապարակմամբ անցել է լրագրողական էթիկայի եւ բարոյականության բոլոր սահմանները, ինչը, ըստ իս, վիրավորական է ոչ միայն ինձ, այլեւ ընթերցողների համար: Թերթի ամբողջ հոդվածը կառուցված է ինձ անհիմն վերագրված ձեռագիր փաստաթղթի վրա: Դեկտեմբերի 18-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ես հրապարակայնորեն՝ լրատվամիջոցների ներկայությամբ, հայտարարեցի, որ նախընտրական այս շրջանում չեմ ցանկանա որեւէ լրատվամիջոցի դեմ քրեական գործ հարուցել, ուստի առաջարկեցի, որ իմ եւ «Հայկական ժամանակ» թերթի ներկայացուցիչները միասին թերթի հոդվածի աղբյուր հանդիսացող ձեռագիր փաստաթուղթը ներկայացնեն ձեռագրաբանական փորձաքննության: Հրապարակային հայտարարեցի նաեւ, որ թերթի խմբագիրն ինքը կարող է որոշել՝ որտեղ տալ փաստաթուղթը փորձաքննության, նույնիսկ առաջարկեցի այն արտասահմանյան որեւէ երկիր փորձաքննության ուղարկելու տարբերակը: Այնուհետեւ իմ լիազորված անձը՝ փաստաբան Վարդան Զուռնաչյանը, նույն օրը զանգահարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին առաջարկի պատասխանը ստանալու համար: Միայն ուշ երեկոյան իմ ներկայացուցչին հաջողվել է կապվել նրա հետ, բայց խմբագիրը հրաժարվել է իր ներկայացուցչի միջոցով մեզ հետ համատեղ ձեռագիր բնօրինակը ձեռագրաբանական փորձաքննության ներկայացնելու մեր առաջարկից: Նման պայմաններում, հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաեւ այն ցինիզմը, որով թերթը փորձել է ինձ վիրավորել, զրպարտել, ինչպես նաեւ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցել, ես ստիպված եմ դիմել դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել իմ անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով: Ընդգծում եմ, որ ես չէի դիմի դատախազությանը, եթե թերթի խմբագիրը համաձայնվեր իր ներկայացուցչի հետ միասին փաստաթուղթը փորձաքննության ուղարկելու իմ առաջարկին»:
Հիշեցնենք, որ ԱԺՄ նախագահի հայտարարության նախօրեին «ՀԺ»-ն նրան առաջարկել էր թերթին փոխանցել իր ձեռագրի վավերական նմուշ, որը առանց մեկնաբանությունների «ՀԺ» խմբագիրը կտպագրեր կողք կողքի այն ձեռագրի հետ, որով գրված է վիճահարույց փաստաթուղթը, իսկ եզրակացությունը կթողնվեր ընթերցողի դատին: «ՀԺ»-ի փոխանցմամբ, սակայն, Վ. Մանուկյանը հրաժարվել է, ասելով, որ ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու համար կա պաշտոնական մարմին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ն. Փաշինյանը հաստատեց փաստը, որ Վ. Մանուկյանի ներկայացուցիչը կապվել է իր հետ եւ ինքը հրաժարվել է ԱԺՄ նախագահի հետ համատեղ փորձաքննություն անցկացնելու առաջարկից: Իր այդ որոշումը «ՀԺ» խմբագիրը բացատրեց նրանով, որ ինքն այդ հրապարակումն անելով` վստահ է եղել, որ ձեռագիրը Վ. Մանուկյանինն է, ուստի՝ նրա հետ համատեղ ձեռագրաբանական փորձաքննությանը դիմելը նշանակում է, որ ինքը հրապարակումն անելուց առաջ դրանում վստահ չի եղել, ինչն անլուրջ է: Ն. Փաշինյանը սարսափելի ոչինչ չտեսավ նրանում, որ Վ. Մանուկյանը՝ ինքը, եթե ուզում է՝ դիմի փորձաքննության, իսկ քրգործ հարուցելու պահանջն էլ «ՀԺ» խմբագիրը համարեց ԱԺՄ նախագահի իրավունքը:
«Առավոտի» հարցին ի պատասխան` նույն խնդրին անդրադառնալով, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նախ արձանագրեց, որ իր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում եմ եւ առաջիկա նախագահական ընտրություններում իմ քվեն անպայմանորեն տալու եմ ՀՀ առաջին նախագահին: Ինչ վերաբերում է հրապարակված հոդվածին, ապա՝ նախ, անթույլատրելի եմ համարում նման նյութի հրապարակումն առհասարակ՝ անկախ այն բանից, թե ում կողմից դա կարվի: Երկրորդ, ես Վազգեն Մանուկյանին ճանաչում եմ բավականին լավ, ուստի շատ հստակ եւ միարժեքորեն կարող եմ ասել, որ նա այն մարդը չի, որն ինքն իր մասին խոսի երրորդ դեմքով: Իմ բոլոր շփումները նրա հետ, իսկ դրանք եղել են բավականին տեւական ժամանակաշրջան, նաեւ, երբ ես ԱԺՄ վարչության անդամ էի, երբեք չեմ տեսել, որ նա իր մասին խոսի երրորդ դեմքով: Երրորդ, 1996-ին ԱԺՄ գրասենյակը խուզարկվել եւ բռնության է ենթարկվել ճիշտ նույն ապօրինի մեթոդներով, ինչ 2004թ.-ին դրանք տեղի ունեցան «Հանրապետություն», ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների գրասենյակներում: Ուժային որեւէ քայլի կիրառմամբ եւ դրա միջոցով ձեռք բերված որեւէ ապացույց ինձ համար գրոշի արժեք չունի: Եվ ես երբեւէ ուժային գործողության արդյունքում ձեռք բերված որեւէ ապացույց երբեք չէի օգտագործի: Ես միանշանակ համոզված եմ, որ այդ փաստաթղթի բովանդակությունը չի պատկանում Վազգեն Մանուկյանին: Անկախ նրանից, որ ես հիմա իր քաղաքական թիմում չեմ եւ իմ քվեն նրան չեմ տալու, վստահաբար ասում եմ, որ Վազգեն Մանուկյանի ե՛ւ մարդկային, ե՛ւ քաղաքական որակը նման անհեթեթ գրվածք հեղինակելու հիմքեր չի ստեղծում»: