Լրահոս
Օրվա լրահոսը

24 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵԱՀԿ-ԻՑ

Դեկտեմբեր 20,2007 00:00

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի նախագահական ընտրությունների մասին:

Զեկույցը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միթչելի եւ ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտի դեկտեմբերի 4-5-ին Հայաստան այցելության ընթացքում հավաքած փաստերի վրա: Առաքելության նպատակն է նշված գնահատելը, թե ընտրություններին նախապատրաստության աստիճանը եւ պայմաններն արդյոք համապատասխանո՞ւմ են ԵԱՀԿ չափանիշներին: Ջերալդ Միթչելն ու Նիկոլա Շմիդտը հանդիպումներ են ունեցել ինչպես իշխանությունների, այնպես էլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Զեկույցում նախ նշված է, որ 2008-ի նախագահական ընտրությունները լինելու են կարեւոր ցուցիչ՝ պարզելու ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացումը, որի միտումները երեւացին 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:

Անդրադարձ կա «Ընտրական օրենսգրքի» վերջին՝ նոյեմբերին կատարված փոփոխություններին, եւ նշված է, թե առաքելության որոշ զրուցակիցներ դրանք անվանել են «կոսմետիկ» եւ ոչ էական բնույթի, նաեւ անվստահություն են հայտնել, թե այդ փոփոխություններն արդյունավետ կլինեն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Ոմանք նշել են, թե առավել արդյունավետ կլիներ ընտրողների մատների թանաքոտումը՝ բազմակի քվեարկությունից խուսափելու համար, եւ քվեաթերթիկները Հայաստանից դուրս տպագրելը: Կարելի է ենթադրել, թե ով է փոխանցել այս առաջարկը, հաշվի առնելով, որ պատվիրակության անդամները հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին:

«Ընդդիմության համար ԶԼՄ-ների մատչելիությունը մնում է գլխավոր մտահոգիչ խնդիրը»,- նշված է զեկույցում, եւ փոխանցված է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զրուցակիցներն ասել են, թե մինչեւ 2008-ի հունվարի 21-ին սկսվելիք պաշտոնական քարոզարշավը՝ ներկա ժամանակահատվածում խիստ սահմանափակված է մամուլի մատչելիությունը, եւ ընդդիմադիր առանձին գործիչներ ենթարկվում են հեռուստաընկերությունների՝ հատկապես Հ1-ի կողմից, տեղեկատվական չհայտարարված շրջափակման: Այս փաստաթղթում հիշատակված է նաեւ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության հետ կատարվածը: Եվ նշված է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ Հ1-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը հանդիպման ընթացքում հերքել են այս մեղադրանքները եւ վստահեցրել, թե հավասար հնարավորություններ կտրամադրվեն թեկնածուներին՝ նրանց գրանցումից հետո. «Հատկապես Հ1-ը խոստացել է իրականացնել իր դերը՝ որպես հանրային հեռարձակող, եւ հանգամանալից լուսաբանել նախագահական ընտրարշավը, ներառյալ՝ հնարավոր բանավեճերը թեկնածուների միջեւ»:

Ըստ զեկույցի՝ առաքելության շատ զրուցակիցներ նշել են, թե հասարակության վստահությունը Հայաստանում ընտրական գործընթացների արդարության նկատմամբ մնում է շատ ցածր, եւ հիշատակել են բազմակի քվեարկության, ձայների գնման, նաեւ կեղծ անձնագրերի մասին պնդումները: Արտահայտել են իրենց կասկածը, թե գործարար շրջանակների հնարավոր բացասական ազդեցության, ձայներ գնելու եւ վարչական ռեսուրսը չարաշահելու պրակտիկան կիրառվելու է նաեւ նախագահական ընտրությունների ընթացքում. «Այնուամենայնիվ, չկան մանրամասն տեղեկություններ կամ ապացուցող փաստաթղթեր հիմնավորելու համար նման պնդումները: Բացի այդ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ստացել է իշխանությունների հավաստիացումը, որ առաջիկա ընտրությունները լինելու են լավ կազմակերպված եւ առավել բարելավված: Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե նրանք մտադիր են առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնել ԵԱՀԿ եւ միջազգային այլ չափանիշներին համապատասխան»:

Զեկույցում հույս է հայտնված, թե հնարավորություն կունենան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտարկումը սկսել իրականացնել 2008-ի հունվարի սկզբից: Եվ արդեն իսկ նշված է, թե ակնկալվում է 24 երկարաժամկետ դիտորդների գործուղումը Հայաստան: Իսկ քվեարկության ընթացքին, նախատեսվում է, թե կհետեւեն արդեն 250 կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել