Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ երեկ հանդիպման ժամանակ (տես լուսանկարը) վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատասխանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի՝ նախօրեին արված քննադատությանը, որը հիմնված էր Երեւանի մամուլի ակումբի դիտարկման արդյունքների վրա: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ՝ չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ նրա ներկայացուցչին հետաքրքրում է իրական վիճակը, արդյոք չի՞ կարող պայմանագրային հիմունքներով վարձել մասնագիտացված մի կազմակերպություն, որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ՝ դիտարկելով ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ տպագիր մամուլը: Այդ դեպքում որեւէ մեկն առարկություն չի ունենա անաչառության հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը, նշելով, որ այժմ հարկ կլինի այդ նպատակով բանակցություններ վարել միջազգային հեղինակավոր այդպիսի կազմակերպություններից մեկի հետ, որ բարձր մասնագիտական որակով լիարժեք մոնիտորինգի ենթարկվի ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը: