Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր եւ ազատություն

Դեկտեմբեր 19,2007 00:00

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը

Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների շղթան իր սկիզբն առավ օգոստոսի վերջին, Սերգեյ (Յոժ) Օհանյանի հիշատակին նվիրված վեց ժամանոց փառատոնով: Այն, ինչպես եւ համերգների մեծ մասը, կազմակերպել էր «Vibrographus» ընկերությունը: Փառատոնին հաջորդեցին գերմանական «Zen Zebra» եւ հայկական «MDP» խմբերի միացյալ համերգը՝ «Rock for Peace» կարգախոսով, եւ «Classic Rock 2» փառատոնը, որտեղ հնչեցին համաշխարհային ռոքի հանրահռչակ ներկայացուցիչների («The Beatles», «Deep Purple», «Led Zeppelin», «Pink Floyd» եւ այլն) լավագույն ստեղծագործությունները՝ հայ երաժիշտների կատարմամբ: Այս փառատոնին որպես հանդիսատես ներկա էին ինչպես 70-ականների «ռոք-վետերաններ», այնպես էլ «ոչ ռոքեր» ժողովուրդ: «Եկել եմ հայերին տեսնեմ, տղերքս էլ թող լսեն»,- ասաց երկու զավակների հետ եկած հայրը: Կատարումներն իսկապես գերազանց էին, կարծում ենք՝ «տղերքը» գոհ էին:

Հիշարժան էր նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում կայացած «Rock for Freedom» համերգը, որն անցկացվում էր «Սկսել ա» քաղաքացիական երիտասարդական շարժման ծրագրերի շրջանակներում: Երեւանի քաղաքապետարանը երկար ժամանակ համերգի համար թույլտվություն չէր տալիս, բայց ի վերջո երիտասարդությունը հաղթեց, եւ համերգը կայացավ, այն էլ գերմարդկային, գրեթե հերոսական անվտանգության միջոցառումներով: Մուտքի մոտ կանգնած էր բերետավոր «սպեցնազը», իսկ ներսում՝ «քաղաքացիական» հագուստով «ջենթլմեններ», որոնք խուզարկում էին նման ուշադրությունից փոքր-ինչ շվարած տղաներին եւ աղջիկներին: Հայաստանյան ռոք շարժումը համալրվում է հիմնականում մտավորական ընտանիքների պատանիներով, այնպես որ, նման «արտասահմանյան» պատկերը ապացուցում էր, որ «ստուգողները» ուղղակի գաղափար չունեն մեր ջահելությունից:

Մեկամսյա ընդմիջումից հետո շղթան շարունակեց բոլորի կողմից անհամբեր սպասված «Rock and Dram» փառատոնը, որը կազմակերպված էր ՀՀ Կենտրոնական բանկի եւ HaiFM105.5-ի հովանավորությամբ եւ նվիրված էր հայկական դրամի 14-րդ տարեդարձին: Համերգին պիտի մասնակցեին հայկական վեց հանրահայտ ռոք խմբերը՝ «Sakvoyage», «Eva», «The King\’s Cross», «Roxygen», «Empyray» եւ «Vostan Hayots»: Վերջինս երկար ընդմիջումից հետո այս տարի կրկին բեմ բարձրացավ: Սակայն, բախտի բերմամբ, թե պատահմամբ, էլցանցը անջատեց Տիկնիկային թատրոնի լույսը, եւ համերգը կեսից ընդհատվեց: Ստեղծվեց խառնաշփոթ, բայց «The King\’s Cross» խմբի հարվածող Կորյունը փրկեց իրավիճակը՝ իր հիասքանչ մենանվագով որոշ ժամանակ զբաղեցնելով հիասթափված ժողովրդին: Ասում են՝ հաջորդ օրը, երբ էլեկտրականությունը վերջապես վերականգնվեց, համերգը կրկին շարունակվեց:

Դեկտեմբերի 8-ին (բարեբախտաբար՝ առանց նման միջադեպերի) տեղի ունեցավ հռչակավոր «The Beatles»-ի առաջնորդ Ջոն Լենոնի հիշատակին նվիրված համերգը, որին մասնակցեցին «Vox», «Sakvoyage», «Roxygen», «Oaksenham», «The King\’s Cross» խմբերը: Սկզբում հնչեց Լենոնի հայտնի «Working Class Hero» երգը, որն էլ բնորոշեց համերգի կարգախոսը՝ սեր եւ ազատություն: Համերգի ընթացքում ցուցադրվեցին Լենոնի եւ «Beatles»-ի լավագույն երգերի տեսահոլովակները: Համերգային կատարումների ցանկը բազմազան էր. «Yesterday», «Come Together», «Imagine», «Help!», «Don\’t Let Me Down», ինչպես նաեւ «Oaksenham» արտ-ռոք խմբի «Beatles Fantasy» կոչվող՝ մի քանի երգերի հանճարեղ մեկնաբանումը: Վառ ելույթներով հանդես եկան նաեւ փորձառու «The King\’s Cross» եւ երիտասարդ «Roxygen» խմբերը: Դահլիճը, որտեղ ներկա էին ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, համերգի վերջում հրճվանքից սկսեց երգել երաժիշտների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել