Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»

Դեկտեմբեր 19,2007 00:00

Իրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը

Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն 300 հազար դրամ:

«Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար հանդիպեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին:

– Գրողների միությունը երկու տարի անընդմեջ կազմակերպում է մարաթոն, որի արդյունքում հավաքված գումարները, ըստ որոշ մտավորականների, ոչ միշտ են նպատակին ծառայեցվում: Արդյոք ՀԹԳՄ-ի քայլը պատճենը չէ՞ր «գրողական» միջոցառումների:

– Մարաթոնը, ընդհանրապես, ո՛չ գրողները եւ ո՛չ էլ մենք ենք հորինել: Փորձեցինք հանրապետության թատրոնների ուժերով անցկացնել միջոցառում, ինչը իմ ակնկալիքները երկու անգամ գերազանցեց: Սկզբում մտածել էինք անցկացնել ընդամենը համերգ, իսկ հետո «հ2» հեռուստաընկերության ղեկավարության պատրաստակամության շնորհիվ համերգը վերաճեց հեռուստամարաթոնի: Վաճառվեցին տոմսեր, կատարվեցին հանգանակումներ: Վերջինին մասնակցեցին հանրապետության անխտիր բոլոր թատրոնները, ինչպես նաեւ իրենց մասնակցությունն ունեցան հ/կ-ներ, բիզնեսմեններ եւ պարզապես քաղաքացիներ: ՀԹԳՄ շենքի վերին հարկում ունենք դահլիճ, այն կվերանորոգվի ժամանակակից պահանջներով եւ բացման օրը՝ 2008թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, իր դռները կբացի հանդիսատեսի առջեւ: Իսկ թե ո՞րն է լինելու առաջին ներկայացումը, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ ռեժիսորները՝ անկախ տարիքից ու կոչումից, պետք է ներկայացնեն փաթեթ, թե ինչ ներկայացում են ցանկանում բեմադրել եւ պետք է անպայման նշված լինի վերջինիս համար անհրաժեշտ նախահաշիվը: Դերասանների ընտրության հարցում ռեժիսորն ազատ է. նա կարող է հրավիրել տարբեր թատրոններից: Մի խոսքով, մենք կունենանք ազատ ստեղծագործական կենտրոն: Շուտով ՀԹԳՄ-ն կգումարի վարչության նիստ, կստեղծվի հանձնաժողով, որը կտնօրինի մարաթոնից ստացված հասույթը: Անձամբ ինքս եմ ստորագրելու բանկային փաստաթղթերը: Իսկ որ ամենակարեւորն է, համոզված եմ՝ ՀԹԳՄ-ի շենքը դեպի իրեն կձգի միության անդամներին:

– ՀԹԳՄ-ի ընդդիմադիրները արդեն քննադատում են մարաթոնի աննպատակահարմարությունը…

– Հեռուստամարաթոնը առաջին հերթին համախմբեց ՀԹԳՄ անդամներին: Ցավոք, մարդկանց մի զանգված կա, որ պարզապես վատ է զգում, երբ ինչ-որ բան հաջողվում է: Վստահորեն ասում եմ՝ թող այդ մարդիկ այսօրվանից համապատասխան դեղորայք ձեռք բերեն, որովհետեւ մոտ ապագայում ՀԹԳՄ դահլիճում այնպիսի անակնկալների կհանդիպեն, որոնք կազդեն նրանց նյարդերի վրա: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես խուսափում եմ բանավեճերից ու չեմ էլ գտնում, որ իմ արած գործերը իդեալական են: Պատրաստ եմ լսել ցանկացած մասնագիտական հիմնավորված քննադատություն: Ի դեպ, ՀԹԳՄ-ում այլեւս կհրավիրվեն կլոր սեղաններ՝ բանավիճելու ցանկություն ունեցողներին հրավիրում ենք:

– Կառավարությունը 2008թ. բյուջեով չի նախատեսել թատրոններում աշխատավարձի բարձրացում: Մեզ հայտնի է, որ դուք այս հարցով պատրաստվում էիք դիմել վարչապետին…

– Պետբյուջեի շրջանակներում թատերարվեստի ոլորտի գործիչների աշխատավարձերի անփոփոխ թողնելը համարում եմ լուրջ բացթողում: Եվ սա ոչ այնքան վարչապետի, որքան «ներքին էշելոնների» գործն էր, ինչը բավական լուրջ սեպ է թատրոնի ու պետության միջեւ: Թեեւ բյուջեն արդեն ընդունված է, բայց հույս ունեմ, որ մեր հարցն իր լուծումը կստանա լրացուցիչ ֆոնդերից: Ցավոք, մեկ- երկու հոգու հնչեցրած միտքը, թե խաղացանկային թատրոնները պետք չեն մեզ, պարզվում է, իր գործն արել է: Յուրաքանչյուր ուղղվածության թատրոն մի օրգանիզմ է, բոլորին մի պրիզմայով անցկացնել եւ մի հարթության վրա դիտել՝ կարող է միայն թատրոնից հեռու, անտեղյակ անձը: Ուրիշ բան է, որ խոսվեր այն մասին, թե խաղացանկային թատրոնների ներսում անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ: Եթե որեւէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի հետ խնդիր է ծագել, դա չպետք է տարածվի բոլորի վրա: Հայաստանում ունենք բավական պատրաստված թատերական գործիչներ եւ մեկ-մեկ էլ նրանց կարծիքն է պետք լսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել