Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում են Սերժին չսատարել

Դեկտեմբեր 19,2007 00:00

\"\"Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ եթե իրենց հարցերը մինչեւ տարեվերջ լուծում չստանան, իր ներկայացմամբ՝ մինչ օրս առաջ քաշած սոցիալական հարցերին քաղաքական աստառ կտան: Այս հինգշաբթի կառավարության շենքի մոտ տեղի կունենա իրացման գոտիների նախկին բողոքավոր բնակիչների այս տարվա վերջին բողոքի ակցիան: Նրանց պահանջների փաթեթը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կփոխանցի կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանին: Վ. Հակոբյանը «խոստանում» է ընդդեմ ներկայիս իշխանության ոտքի հանել իրացման գոտիների ողջ բնակիչներին: «Կներեք, բայց վարչապետին մենք արդեն չենք հավատում: Կաշխատենք էն մարդկանց հետ, ով իրոք խոսք պետք ա տա, որ էս ամեն ինչը պետք ա վերականգնվի, եւ էդ մարդիկ պետք ա պատժվեն»: Իսկ թե ով կամ ովքեր են, ըստ Վաչագան Հակոբյանի, այդ թեկնածուները՝ կորոշեն հունվարի 10-ից հետո: ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգություն» կուսակցությանը: Բայց քանի որ «Ժառանգության» նախագահը նախագահական պայքարին չի մասնակցում, ուստի չի բացառվում, որ այս ընտրազանգվածի դիրքորոշման վրա ազդի «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմնորոշումը:

«Չորս տարի մենք պայքարեցինք մեր իրավունքների վերականգնման համար, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ այստեղ բռնապետություն ա. իրանք կարան մարդ էլ սպանեն, մարդկանց իրենց տներից էլ հանեն եւ չպատժվեն»,- ասում է նախկին դաշնակցական՝ Երեւանի կենտրոնի անդամ Վաչագան Հակոբյանը, ով ՀՅԴ-ից հեռանալիս իշխանության մեջ գտնվող իր կուսակցական ընկերներին էլ է ամոթանք տվել. «Ես Վահանին էլ եմ ասել, մյուսներին էլ՝ չեք էլ ամաչում, զենքի վրա երդվել եք, ձեր ծրագրում էլ կա, որ Հայաստանում հայը պետք է աղքատ չլինի. հարուստները պետք է օգնեն աղքատներին՝ միջին մակարդակի հասնելու համար: Եթե հայը հային կողոպտում է կամ բռնություն է կատարում՝ հրապարակայնորեն պիտի դատվի եւ արդար պատիժ կրի: Վերջապես ո՞ւր մնաց ձեր սոցիալիստական ուղղվածությունը…»:

Նշենք, որ իրացման գոտիների բողոքավորները դիմել են նաեւ նորընտրի ԱԺ-ին՝ հույսով, որ թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի ծրագրերի սոցիալիստական ուղղվածությունն իրենց վրա էլ կտարածվի, սակայն մինչ օրս անգամ բանավոր պատասխաններ չեն ստացել:

Իսկ մեր թերթի նախորդ օրվա համարի «Պատրաստ ենք խելամիտ փոխզիջումների» հրապարակման առիթով էլ Վաչագան Հակոբյանը չի հերքում, որ ինքը 2004 թվականին ստորագրել է համապատասխան փաստաթղթերը եւ իր օտարված տան դիմաց ստացել մոտ 76 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում. «Ես ստորագրել եմ՝ օրենքներին լավատեղյակ լինելով: Ինձ այդ գումարը վճարված է 100 քառակուսի մետրի դիմաց, հիմա էլ բողոքում եմ մնացած 350 քառակուսու համար»: Իսկ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ իրեն ոչ թե 120 հազար, ինչպես պնդում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, այլ 90 հազար դոլար է առաջարկվել՝ այն էլ խոսակցության մակարդակով, ոչ թե բանակցության: Բողոքավորներին հուսադրում է Գեւորգ Ճղրյանի դեպքը, ով Եվրոդատարանի որոշման համաձայն՝ ստացավ 150 հազար դոլարին համարժեք փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել