Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»

Դեկտեմբեր 19,2007 00:00

\"\"Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները:

Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Ադրբեջանի օրեր» ծրագիրը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քառօրյա ծրագրի շրջանակներում կրթահամալիրի աշակերտները կծանոթանան Ադրբեջանի մշակույթին եւ այլ ոլորտներին։ Մինչ «հարեւանների» ժամանելը, հայ աշակերտները նրանց համար անակնկալներ էին պատրաստել՝ շարադրություններ եւ բաց նամակներ գրել՝ ուղղված իրենց ադրբեջանցի հասակակիցներին։ Կրթահամալիրի 7-9-րդ դասարանցիների շրջանում հայտարարված էր ոչ միայն շարադրությունների, այլեւ ցուցապաստառի եւ նկարի ստեղծագործական մրցույթներ։

«Առավոտը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներից հետաքրքրվեց, թե ինչ բովանդակության շարադրություններ են ներկայացրել։ Մինչ մեր հարցին պատասխանելը, երեխաները հավաստիացրին, որ այսպիսի ծրագրի մասնակցելն իրենց համար անակնկալ էր, իսկ «Բաց նամակ Ադրբեջանի իմ հասակակցին», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան» եւ նմանատիպ վերնագրերով շարադրություններ գրելը՝ անսովոր։ Չնայած նրանց խոսքից երեւում էր, որ սրտի խորքում ինչ-որ թաքուն ըմբոստություն ունեն Ադրբեջանի նկատմամբ, սակայն, ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, գերադասեցին հարցին ավելի դիվանագիտորեն պատասխանել։ Օրինակ՝ Հերբերտ Գեւորգյանը նշեց. «Ադրբեջանին մեզ թշնամի չեմ համարում, բայց վստահ եմ, որ այդ երկիրը անպայման պետք է վերադարձնի մեր պատմական տարածքները։ Մանավանդ որ, դրանք Ադրբեջանը կռվի միջոցով չի խլել մեզնից։ Մյուս կողմից էլ կարծում եմ, որ մեր ունեցած տարածքները չենք կարողանում, ինչպես որ պետք է, պահել»։ Աշակերտուհի Մարիամ Բլեյանն էլ նկատեց. «Մեր հարաբերությունները պիտի բարելավենք Ադրբեջանի հետ։ Առանց այդ էլ, արդեն մի թշնամի ունենք՝ Թուրքիան։ Ու եւս մեկ թշնամի երկիր ունենալը՝ մեր կյանքն ավելի ու ավելի է դժվարացնում»։ Սամվել Ասիլբեկյանն էլ մտահոգված է, որ հնարավոր է Հայաստանի ներկայիս տարածքը չբավարարի ժողովրդին բնակեցնելու համար. «Մեր ազգն աստիճանաբար շատանում է։ Որտե՞ղ ենք բնակեցնելու նրանց, որ չթողնեն ու հեռանան երկրից։ Հետեւաբար, Ադրբեջանը պետք է անպայման վերադարձնի մեր տարածքները»։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Սարգիս Մանուկյանն էլ վստահ է, որ հայ-ադրբեջանական թշնամությունը դեռ երկար է տեւելու. «Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պիտի փորձեն հաղթահարել միմյանց միջեւ գոյություն ունեցող թշնամությունը, քանի որ դրանից կշահեն երկու երկրների տնտեսությունները։ Ցավոք, դրա ականատեսը դեռ երկար չենք լինի, քանի որ Ադրբեջանը հաշտության համար պահանջում է Ղարաբաղը, իսկ մենք այն տալ չենք կարող, քանի որ այդ հողի համար բազում մարդիկ են զոհվել»։ «Առավոտի» հետ զրուցած մյուս բոլոր աշակերտները կողմ էին Ադրբեջանի հետ հաշտվելուն, բայց միայն մի պայմանով, որ Ադրբեջանը վերադարձնի մեր պատմական տարածքները։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանից ժամանած հյուրերն ընտրել եւ մրցանակների են արժանացրել 9 լավագույն շարադրությունների հեղինակներին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն էլ իր կողմից է ընտրել 6 լավագույններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել