Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարագ ներկրողը կդիմի դատարան

Դեկտեմբեր 19,2007 00:00

Տնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի

Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց կարագ ներկրող շուրջ 50 ընկերությունների, այդ թվում՝ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ին: Սակայն «Արմեն ՕՍՍ»-ի ղեկավարները պատրաստվում են դիմել դատարան ու վիճարկել այդ որոշումը: «Հանձնաժողովն անօրինական որոշում է կայացրել՝ առանց իրական հիմքի: Նրանք որեւէ ապացույց չունեն, որ մեր ընկերությունը կարագի թանկացման ժամանակ, այսինքն՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, կարագ է ներկրել կամ իրացրել»,- հանձնաժողովի որոշումից բողոքում էին «Առավոտի» խմբագրություն եկած «Արմեն ՕՍՍ»-ի ներկայացուցիչները: Ընկերության իրավաբան Էդուարդ Ղուկասյանի հավաստմամբ՝ «Այս տարի մեր ընկերությունը խանութներին կամ այլ վերավաճառողների ոչ մի կիլոգրամ կարագ չի իրացրել, ուստի զարմանալի է, թե ինչ կերպ ենք մենք կարագի գնաճին նպաստել: Հանձնաժողովը փաստեր չի ներկայացնում, թե կոնկրետ որ խանութներին, ինչ գնով եւ քանի կիլոգրամ կարագ ենք վաճառել: Մեզ ուղարկված որոշման պատճենի մեջ հստակորեն նշված է, թե տուգանված մյուս ընկերություններն ինչի համար են տուգանվել, մեր ընկերության վերաբերյալ այս մասին որեւէ խոսք չկա»: Ըստ Է. Ղուկասյանի, հանձնաժողովը խախտում է տնտեսվարողների իրավունքները, քանի որ ստիպում է իրենց ապացուցել ընկերության արդարացի լինելը, մինչդեռ դա հանձնաժողովի խնդիրն է, ու հենց իրենք պետք է ապացուցեն տվյալ գործարարի մեղավորությունը. «Մենք պնդում ենք, որ ամբողջ տարվա մեջ միայն 20 հազար կիլոգրամ կարագ ենք իրացրել՝ արտադրության մեջ օգտագործելու նպատակով, այն վաճառել ենք «Թամարա» ընկերությանը»:

Նշենք, որ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն կարագը ներկրել է Ուկրաինայից 752.8 դրամով եւ «Թամարային» է վաճառել 762.5 դրամով՝ ունենալով ընդամենը 10 դրամի շահույթ: Հենց այս հանգամանքը հանձնաժողովի անդամների մեջ կասկած էր հարուցել, քանի որ փաստաթղթերում ընկերության կողմից ներկրված կարագի մաքսային արծեքը 770 դրամ է: Ըստ Է. Ղազարյանի, իրենք իրավունք ունեին չնչին եկամտով «Թամարային» կարագ վաճառել, քանի որ նրանց հետ փոխշահավետ համաձայնություն են ունեցել եւ ինքնարժեքով կաթի փոշի են գնել: Այսինքն՝ տվել են էժան կարագ՝ էժան կաթի փոշու դիմաց: «Կարագը իմն է, կուզեմ թանկ կվաճառեմ, կուզեմ էժան: Եթե հանձնաժողովը օդային որոշումներ կայացնելու փոխարեն փորձեր ամեն ինչ նորմալ պարզել, ապա այսպիսի թյուրիմացություն չէր լինի»,- կարծում է Է. Ղազարյանը: «Արմեն ՕՍՍ»-ի ղեկավարները հանձնաժողովին ասել էին, որ բացի «Թամարային» վաճառած կարագից, մնացած ապրանքը՝ 19.500 կգ կարագ, ներկայումս իրենց պահեստում է եւ ոչ մի կիլոգրամ մանրածախ կամ մեծածախ վաճառք չի իրականացվել: Մինչդեռ հանձնաժողովն իր ստուգումների ժամանակ այլ բան էր պարզել:

Ի՞նչ շահ ունի հանձնաժողովն անմեղ տնտեսվարողներին տուգանելու՝ մեր հարցին, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Հանձնաժողովի նպատակը իրենց իմիջը բարձրացնելն է, նրանք նախապես վերեւներին՝ վարչապետին ու նախագահին զեկուցել են իրենց հայտնաբերած խախտումների մասին՝ հիմա արդեն չեն ուզում ընդունել իրենց սխալը»:

Այս առնչությամբ հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանն «Առավոտին» պարզաբանեց, որ օրենքը չի պահանջում եւ հետեւապես իրենց գործառույթների մեջ չի մտնում տնտեսվարողներին որեւէ բան ապացուցել. «Մենք միայն գնահատական ենք տալիս՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի եւ մեր կողմից իրականացված ստուգումների վրա: «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն որեւէ ընդունելի հիմնավորում չի ներկայացրել, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կարագի իրացում չի ունեցել: Իսկ մեր ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրանք նշված ժամանակահատվածում կարագի մանրածախ վաճառք են իրականացրել, որն էլ շուկայի վրա էական ազդեցություն է ունեցել»: Հանձնաժողովից տեղեկացրին նաեւ, որ շատ հաճախ տնտեսվարողներն իրենց իրական եկամուտները թաքցնելու համար գործարքների մեծ մասն իրականացնում են՝ առանց փաստաթղթերի, ինչն էլ ապացուցում է, որ միմյանց փաստաթղթեր չտալով՝ նրանք ոչ միայն խուսափում են հարկային պարտավորություններից, այլեւ հակամրցակցային համաձայնության են գալիս:

Նկատենք, որ «Արմեն ՕՍՍ»-ը ներկրում է ուկրաինական կարագ: Այն ներկայումս մայրաքաղաքի խանութներում լիքն է: Ոչ ոք չի կարող ասել՝ դա խանութին մատակարարել է «Արմեն Օ՞ՍՍ»-ը, թե՞ մեկ այլ իքս կազմակերպություն, որովհետեւ այնպես, ինչպես ընկերությունը փոխշահավետ գործարք էր կնքել «Թամարայի» հետ ու նրան էժան կարագ վաճառել, նույն կերպ կարող էր խանութների հետ համաձայնության գալ ու մի քիչ էժան կարագ մատակարարել՝ առանց փաստաթղթային ձեւակերպման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել