Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից հետո կարողանանք ասել. «Փառք Աստծո՝ ճիշտ ենք վարվել»: Սակայն նախագահական ընտրություններում մեր ճիշտն ու սխալը ցույց կտա ժամանակը, երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը: Ո՞ւմ կվստահենք մեր վաղվա օրը, երեխաների ապագան, տարեցների վաստակած հանգիստը, երիտասարդների իղձերը, երկրի սահմանները, այդ սահմանները պաշտպանող զինվորի ապահովությունը, զինվորին սպասող մոր հույզերը: Ո՞ւմ կվստահենք մեր երկրի ճակատագիրը: Այսօր, ավելի քան երբեւէ, լուրջ եւ սթափ մտածելու ժամանակն է: Ժամանակն է գործով ապացուցելու, որ ժողովուրդ ենք, ազգ ենք, իրավունք ունենք մեր տեղը գտնելու 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհում:
Արդեն տասը տարի է, ինչ ապրում եւ աշխատում եմ Եվրոպայում: Սեփական փորձից գիտեմ, թե ինչ է նշանակում բարեկեցիկ երկիր, եւ ինչ կարող է այն տալ ազնիվ աշխատող մարդուն: Երբ լսեցի, որ մեր հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը Վահան Հովհաննիսյանն է, ուրախության հետ մեկտեղ հոգիս լցվեց հպարտությամբ, քանզի Վահան Հովհաննիսյան՝ նշանակում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ նշանակում է «Ամեն ինչ ազգի, ժողովրդի համար, պատասխանատվություն նրա անցյալի, ներկայի եւ ապագայի հանդեպ»: ՀՅԴ՝ նշանակում է 117 տարիների անձնվեր աշխատանք, պայքար, հաղթանակներ հանուն ազգի: Ես երջանիկ եմ, որ նաեւ անձամբ եմ ճանաչում Վահան Հովհաննիսյանին: Երեւանյան մեր մանկության ու պատանեկության տարիներին նա մեզ համար օրինակ էր բարձր ինտելեկտի, ընկերության նվիրյալի, վեհ գաղափարներ կրողի: Այն ժամանակների հերոսները այլ մարդիկ էին: Վահանը այն եզակիներից էր, ում ձգտում էինք նմանվել՝ հակադրվելով գործող համակարգին, գնահատելով նրա ազգանվեր գաղափարները, մտքի թռիչքը, անսահման ձգտումը դեպի բարին, արդարությունը:
Կյանքը ցույց տվեց, որ Վահան Հովհաննիսյանը անդավաճան մնաց իր հայացքներին, եւ եկան այն ժամանակները, որտեղ նա կարող է հերոս համարվել: Սակայն նա պարզապես աշխատում է, պայքարում հանուն երկրի զարգացման, իրավական հասարակության ձեւավորման, հանուն խաղաղության եւ կայունության:
Այսօր Վահան Հովհաննիսյանը խոշոր քաղաքական գործիչ է, հայտնի՝ նաեւ արտերկրում: Մեծ հպարտություն եմ ապրում ամեն անգամ, երբ եվրոպական տարբեր ատյաններում բարձր գնահատականներ եմ լսում Վ. Հովհաննիսյանի քաղաքական գործունեության վերաբերյալ: Հայտնի է, որ մտավորականը նա է, ով հասարակությանը տալիս է ավելին, քան կարող է եւ ստանում է շատ ավելի պակաս, քան իրեն պետք է: Ինձ համար իսկական մտավորական է Վահան Հովհաննիսյանը, եւ ես համոզված եմ, որ մեր ժողովրդին այսօր պետք է մտավորական նախագահ, որը մեծ դեր է ունեցել Արցախյան պատերազմում մեր հաղթանակի մեջ եւ, առհասարակ, Հայաստանի նորագույն պատմության բոլոր էջերում:
Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս՝ մեր ազգի համար այս ճակատագրական պահին: Ուզում եմ մեր երկրի ապագան տեսնել հզոր, կայուն, բարեկեցիկ: Սակայն, ինչպես ասում են՝ «ապագան գուշակելու լավագույն միջոցը այն կառուցելն է»: Եկեք կառուցենք այն այսօր միասին, ընտրենք մեր ազգին արժանի նախագահ:
Լավագույն մաղթանքներով եւ ապագայի հանդեպ մեծ ակնկալիքներով՝
ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Հ. Գ. Դոկտ. Գարիկ Իսրայելյանը ծնվել է 1963 թ. Երեւանում։ 1987 թ. առաջին կարգի դիպլոմով ավարտել է համալսարանը, 1992 թ. պաշտպանել է դոկտորական թեզ։ Այնուհետեւ որպես դասախոս-հետազոտող աշխատել է Ուտրեխտում (Նիդեռլանդներ), Բրյուսելում (Բելգիա) եւ Սիդնեյում (Ավստրալիա)։ 1992-ից հաստիքային հետազոտող եւ նախագծի ղեկավար է Իսպանիայում՝ Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» մեջ (European Institute of Astrophysics in Canary Islands, IAC)։ Սույն հաստատությունը (IAC) աստղաֆիզիկայի բնագավառի երրորդ կարեւոր կենտրոնն է աշխարհում։ Իսրայելյանը զեկույցներ է կարդացել 30 միջազգային կոնֆերանսներում եւ հեղինակ է ավելի քան 150 տարաբնույթ գիտական հոդվածների՝ արեգակնային համակարգից դուրս մոլորակների հայտնագործությունից մինչեւ սեւ անցքերի հատկությունների մասին հետազոտություններ։ Դասախոսություններ է կարդացել Ժնեւի եւ Տոկիոյի համալսարանների ասպիրանտուրաներում։ Նրա ջանքերով կազմակերպված միջազգային կոնֆերանսների, հանդիպումների եւ դասախոսությունների շնորհիվ մեծ ճանաչում են ձեռք բերել Կանարյան կղզիները։ Այս փաստը հաշվի առնելով՝ Կանարյան կղզիների իշխանությունները 2002 թ. դոկտ. Իսրայելյանին պարգեւատրել են պատվո շքանշանով։ Երկրին ցուցաբերած գիտական ծառայության համար Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը նրան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել։ Գարիկ Իսրայելյանը Nature, Science, Astrophysical Journal եւ այլ հանդեսների գիտական քարտուղարն է։ Նա, ի թիվս այլոց, համահեղինակն է պրոֆ. Հանս Բեթհեի (ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր), պրոֆ. Մայքլ Մայորի (Ժնեւի համալսարանից, 1995թ. արեգակնային համակարգից դուրս առաջին մոլորակի հայտնագործման հեղինակ), պրոֆ. Կորնելիս դը Ջագերի (Նիդեռլանդներից, «Աստղագիտական միջազգային միության» (International Astronomical Union) նախկին գլխավոր քարտուղար, «Տիեզերական հետազոտության կոմիտեի» (Committee on Space Research) նախագահ եւ «Գիտական միությունների միջազգային խորհրդի» (International Council of Scientific Unions) նախագահ) մի շարք գիտական հոդվածների։
Դոկտ. Իսրայելյանի ամենանշանակալի աշխատությունը լույս է տեսել հանրահայտ Nature գիտական հանդեսում 1999 թ.։ Տիեզերքում «սեւ անցքերի» գոյացման մասին Ջոն Մայքլի նախնական գաղափարի հայտարարումից երկու հարյուր տարի անց Գ. Իսրայելյանը ղեկավարեց միջազգային մի աշխատախումբ, որն ապացուցեց սեւ անցքերի ձեւավորման հարցում սուպերնովա պայթյունների հիմնարար դերը։ Սա, պրոֆ. Հանս Բեթհեի գնահատմամբ, «վերջին տասնամյակի ամենակարեւոր հայտնագործությունն է աստղաֆիզիկայում»։