Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն

Դեկտեմբեր 19,2007 00:00

«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը:

Ունե՞ք արդյոք դրանք», «Համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացմանը: Եթե այո՝ ապա ինչպե՞ս», «Պատրաստվո՞ւմ եք հասնել մինչ օրս առանձնապես խոշոր չափերի հասնող հարկեր չմուծած անձանց, յուրացումներ կատարած եւ/կամ քաղաքական հետապնդումներ իրականացրած պետական պաշտոնյաների բացահայտմանն ու պատժմանը: Եթե այո՝ ապա ի՞նչ առաջնահերթությամբ», «Ձեր կենսագրության մեջ կա՞ն արդյոք այնպիսի փաստեր (զորօրինակ՝ կոռուպցիա, քրեորեն հետապնդելի այլ արարքներ), որոնք թույլ կտան որեւէ մեկին ազդեցություն ունենալ Ձեր որոշումների վրա: Եթե այո՝ խնդրում ենք մանրամասնել», «Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, Ձեր մասնակցությամբ կամ իմացությամբ՝ թեկուզեւ դատարանի որոշման միջոցով, որեւէ անմեղ մարդ ազատազրկվե՞լ է, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին: Եթե այո՝ խնդրում ենք մանրամասնել», «Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, կատարե՞լ եք էական սխալներ կամ բացթողումներ: Եթե այո՝ ապա որո՞նք են այդ վրիպումները եւ ինչպե՞ս եք մտածում դրանք սրբագրել», «Եթե երբեւէ ընտրությունների մասնակցել եք որպես թեկնածու, Դուք տեղեկություններ ունեցե՞լ եք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների, ընտրողների կաշառման որեւէ փաստի մասին: Եթե այո՝ խնդրում ենք մանրամասնել», «Ինչպիսի՞ն է տարբերությունը 1991-ին Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների ունեցած սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ՝ թե՛ անձնական եւ թե՛ որպես բիզնես, թե՛ ուղղակի եւ թե՛ այլոց անուններով ձեւակերպված) եւ այժմյան սեփականության միջեւ, եւ ինչո՞վ դա կբացատրեք»: «Ժառանգությունը» նաեւ խնդրել է մանրամասնել, թե ում կուզենար թեկնածուն տեսնել մի շարք առանցքային պաշտոններում: Եվ վերջապես՝ հարցրել է. «Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Դուք մինչեւ քվեարկության օրը հանեք Ձեր թեկնածությունը: Եթե այո՝ ապա ո՞ւմ օգտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել