Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզաբանում է «ՉԻ»-ն

Դեկտեմբեր 19,2007 00:00

Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել:

ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: «ՉԻ»-ի դեմ կատարված բոլոր ոտնձգություններն, ըստ էության, ուղղված են եղել ազատ խոսքի դեմ: Թվարկելով դեռեւս 2003թ. ապրիլի 30-ից «ՉԻ»-ի եւ նրա լրագրողների նկատմամբ իրականացրած բռնարարքներն ու սպառնալիքները՝ կոնկրետ փաստերով, «ՉԻ»-ն, ի վերջո, մատնանշել է նաեւ 2007թ. դեկտեմբերի 13-ին անհայտ անձանց կողմից «ՉԻ»-ի խմբագրության մուտքի դուռը պայթեցնելու հանգամանքը:

Վերջին միջադեպի առնչությամբ «ՉԻ»-ն անհրաժեշտ է համարել ներկայացնել նաեւ թերթի լրագրող Թագուհի Թովմասյանի պարզաբանումները, որոնք կարող են նպաստել հերթական այս ահաբեկչության բացահայտմանը (եթե իրավապահները նման մտադրություններ ունեն): Նկատի ունենալով, որ տեղի ունեցած պայթյունից հետո թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանի հայտարարությունը, թե ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարորդ Վաչոն մոտեցել է «ՉԻ» լրագրողներից մեկին ու զգուշացրել, որ կարող է «համը դուրս գալ», հետաքրքրություն է առաջացրել քաղաքական ու լրագրողական շրջանակներում, «ՉԻ»-ն տեղեկացնում է, որ այն լրագրողը, որին մոտեցել է Վաչոն, «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանն է եղել: Թե հատկապես Վաչոն ինչ է ասել լրագրողին իր հետ ունեցած զրույցի ընթացքում, ներկայացնում է հենց Թագուհի Թովմասյանը. «Այո, դեկտեմբերի 5-ին խորհրդարանի միջանցքում Սերժ Սարգսյանի վարորդ Վաչիկ Ղազարյանը ինձ հետ զրույցում, որն, ի դեպ, ծավալվում էր բավականին ջերմ, ընկերական մթնոլորտում, ասաց, թե «իսկականից կարող է համը դուրս գա»: Իմ հարցին, թե ի՞նչ նկատի ունի, Վ. Ղազարյանը հարցով պատասխանեց. «Քեզ դուր գալի՞ս ա այսօրվա «Չորրորդ իշխանության» նկարը»: Ես էլ ասացի, որ եթե առարկություններ ունի, ապա պետք է դիմի խմբագրին, քանի որ ես պատասխանատու եմ բացառապես իմ գրած հոդվածների համար, այլ ոչ թե ողջ թերթի: Այստեղ զրուցակիցս ինձ խնդրեց իմ խմբագրին «ընկերական փոխանցել», որ իրենք ունեն բազմաթիվ համակիրներ, որոնք չեն ենթարկվում ոչ մեկին, «կրիշները թռած են», որոնց դուր չի գալիս այդ ամենը, եւ հնարավոր է, որ օրերից մի օր առանց որեւէ մեկին տեղյակ պահելու որոշեն մի բան անել, ու «ես չկարողանամ կանտրոլ անել»: Ես ի պատասխան ասացի, որ եթե ես փոխանցեմ այս ամենը Շողեր Մաթեւոսյանին, ապա նա հաստատ ասելու է` թերթում հրապարակի խոսակցության բոլոր մանրամասները: «Չէ, գրել պետք չի. ուղղակի ընկերական զգուշացրու», առարկեց կոչումով գնդապետ Վաչիկ Ղազարյանը: Ես խոստացա, որ կփոխանցեմ խմբագրիս ու նաեւ կխնդրեմ նրան, որ չհրապարակի այդ ամենը եւ չհամարի սպառնալիք: Այդպես էլ եղավ. ես փոխանցեցի մեր զրույցի մանրամասները Շողեր Մաթեւոսյանին, իսկ նա էլ որեւէ բան չհրապարակեց այդ մասին, ավելին, նույնիսկ մոռացել էինք դրա մասին: Բայց մոտ մեկ շաբաթ հետո, երբ պայթեցրեցին խմբագրության դուռը, Շողեր Մաթեւոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ սպառնալիքներ է ստացել, ասաց, որ Վաչոն «ՉԻ» լրագրողներից մեկին մոտեցել եւ զգուշացրել էր, որ «համը դուրս ա գալիս»: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ եթե չլիներ այդ չարաբաստիկ պայթյունը, հաստատ իմ ու Վաչիկ Ղազարյանի միջեւ տեղի ունեցած զրույցը չէր դառնա հրապարակային քննարկման առարկա, այն կմոռացվեր այնպես, ինչպես օրական բազում այդպիսի խոսակցություններ են ծավալվում ու մոռացվում: Ի դեպ, նշեմ նաեւ, որ մեր զրույցը տեղի է ունեցել խորհրդարանի կարմիր միջանցքում, ուր բազմաթիվ մարդիկ կային, ովքեր նաեւ լսել են մեր զրույցի որոշ՝ հավանաբար կարեւոր հատվածներ եւ կարող էին օգտվել դրանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել