Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»

Դեկտեմբեր 19,2007 00:00

Երեկ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

Երեկ «Հայելի» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը առնչվում էր դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակում» լույս տեսած հրապարակմանը, որը վերաբերում էր նախկին իշխանության դեմ պայքարի մեթոդներին, եւ որի բովանդակությունն ու ձեռագիրը վերագրվել էր Վ. Մանուկյանին: ԱԺՄ նախագահը հաստատեց իր մտադրությունը՝ այդ փաստաթղթի ձեռագիրն իր ձեռագրի հետ համեմատելու եւ այն պաշտոնական փորձաքննության ենթարկելու մասին. «Ինձ պետք է ցույց տալ, որ իրենք սուտ են ասում, եւ որ ես տեռորիստ չեմ»:

Ընդդիմության կողմից միմյանց դեմ թույն թափելու պրակտիկան ԱԺՄ նախագահն անընդունելի համարեց. «37-ին չեկիստները՝ սեւ բաճկոններով ու սիրահարված իրենց չիբուխ ծխող ղեկավարի վրա, նմանատիպ հոդվածներ էին գրում: Այդ հոդվածի ոճը գերազանցում է նույնիսկ 37-ի հոդվածներին, երբ գրում էին ժողովրդի թշնամիների մասին՝ նրանց պիտակ կպցնելով»: Սահմանափակելով սույն հրապարակմանն առնչվող Վ. Մանուկյանի հայտարարությունների թեման՝ հավելենք նրա որոշ դիտարկումները այդ փաստաթղթի բովանդակության մասին. «Էնտեղ բառեր կան, որոնք ես կյանքում չեմ օգտագործել, եւ դա իմ ոճը չի: Այնտեղ նույնիսկ երրորդ դեմքով է գրված Վազգեն Մանուկյան անունը: Դուք հիշեք մի դեպք, երբ ես իմ մասին երբեւէ երրորդ դեմքով եմ խոսել»:

Վ. Մանուկյանին ուղղված հարցերի մյուս բլոկը վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ ինքը, իշխանություններին թողած, քննադատում է հատկապես ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին: «Ես Տեր-Պետրոսյանի դեմ խոսել եմ այն ժամանակ, երբ ինքը հրապարակում հայտարարեց, որ ով իրեն չմիանա՝ նշանակում է ծառայում է Սերժին, եւ կոչ արեց միանալ իրեն: Ես դա ընդունեցի որպես քաղաքական շանտաժ, ես շանտաժը չեմ ընդունում: Երկրորդ, ինքը հայտարարեց, որ 96-ին ընտրությունների համար իշխանությունները մեղք չունեին, ու հիմնական մեղքը բարդեց ընտրական հանձնաժողովների վրա: Ես ասում եմ, որ 96-ը կազմակերպված էր իշխանությունների կողմից: Ես սա եմ ասում, բայց ուրիշի վրա ցեխ չեմ շպրտում»,- պարզաբանեց ԱԺՄ նախագահը:

Եղավ նաեւ այսպիսի հարցադրում՝ զգո՞ւմ եք, որ իշխանությունները Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչություն անելու համար նաեւ ձեզ են օգտագործում: Վ. Մանուկյանը պատասխանելով այս հարցադրմանը, ասաց. «Դիմացս կանգնած լինի Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, կոմունիստական ռեժիմը, թե ուրիշը, ես հետեւողականորեն տանում եմ գաղափարական, քաղաքական իմ գիծը: Արանքում իմ կողքն ո՞վ կկանգնի, ո՞վ ինձ կխփի, ո՞վ կպաշտպանի, կամ ո՞ւմ կթվա, թե իրեն օգուտ է իմ այդ կեցվածքը՝ իր գործն է: Ես չեմ առաջնորդվում նրանով, թե ում է ձեռնտու իմ դիրքորոշումը եւ ում՝ ոչ: Ես չեմ ուզենա, որ հայտնվեն մարդիկ, որոնք ուզենան ժողովրդին խաբել, իսկ ես ստիպված ձայն չհանեմ՝ համարելով, որ դա ասողն ընդդիմություն է»:

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, թե ընտրություններում ձեւավորվել է հիմնականում երկու բեւեռ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի, Վ. Մանուկյանն ասաց, թե դա ինչ-որ իմաստով բնական է, որովհետեւ, օրինակ՝ Սերժ Սարգսյանը իշխանության թեկնածու է, ու «մանավանդ, որ Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն փոխել չի ստացվել», եւ որի դեմ պետք է լինի ընդդիմության պայքարը: Տեր-Պետրոսյանը հիմնական բեւեռ է համարվում, Վ. Մանուկյանի դիտարկմամբ, այն պատճառով, որ նա անսպասելի մտավ քաղաքական դաշտ եւ նրա նկատմամբ հետաքրքրություն առաջացավ, մարդիկ գնացին հանրահավաքների: Այդուամենայնիվ, ԱԺՄ նախագահն ասաց, թե այդ հանրահավաքներին մասնակցությունը ընտրություններում ձայներ ստանալու երաշխիք չէ: Ըստ նրա, բնական է, որ ամենամեծ ուժն այսօր ունի իշխանությունը եւ նրա թեկնածուն, թեեւ այդ ուժը Սերժ Սարգսյանի ստանալիք քվեները չեն, այլ՝ իշխանության ձեռքին ամբողջովին կենտրոնացած վարչական ու ֆինանսական ռեսուրսները, ընտրական մեխանիզմների վրա ազդելու լծակները: «Այսինքն՝ քանի որ ոչ դեմոկրատական պետությունում ենք ապրում, իշխանության հնարավորությունները շատ մեծ են, ու դրա համար նրա դիմաց մեծ ուժ պիտի լինի, որ կարողանա հաղթել»,- ասաց ԱԺՄ նախագահն ու հավելեց, թե այսօր ինքը նման ուժ դեռեւս չի տեսնում՝ նկատի ունենալով նաեւ Տեր-Պետրոսյանին եւ նրա շուրջ համախմբված ուժերին: Նա, իհարկե, չբացառեց, որ առաջիկայում այդպիսի ուժեղ առանցք կհայտնվի՝ «առջեւում դեռ ճանապարհ կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել