Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐԸ

Դեկտեմբեր 18,2007 00:00

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ

Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն:

Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ ՏԵՐԸ հեռացավ:

1937 թ. Չարենցը գրել էր՝ «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Տխուր կնստի քաղաքի վրա»: Իջավ: Ու՝ նստեց: Նորից: Շատ տխուր ու շատ լռություն:

Ու լռության մեջ հնչեցին, իհարկե, բառեր, բայց լռությունը չլցվեց, որովհետեւ հեռացել էր ՏԵՐԸ:

Ու նա ՏԵՐ էր մեզ՝ բոլորիս՝ մեր միջի Իշխանին էլ (ում շատ հեշտ է տեր լինելը), մեր միջի Ավետիքին էլ (ում տեր լինելու համար պետք է ՏԵՐ լինել)…

Նա ՏԵՐ էր՝ հոր պես, որ սիրում է իր բոլոր որդիներին ու անառակ որդուն ամենից շատ, թերեւս, որովհետեւ սիրելիս «ինչու» հարցը չի ծնվում: Քոնն է՝ ու սիրում ես, ու՝ վերջ:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ միշտ ինչ-որ մեկը պիտի լինի, որ ուժ ունենա հարց տալու:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ միշտ ինչ-որ մեկը պիտի լինի, որ ուժ ունենա հարցերին պատասխան տալու:

Ու քանի նա մեր կողքին ու մեզ հետ էր՝ մենք մեր հարցերի ու պատասխանների առաջ շատ ավելի պաշտպանված էինք՝ նրանով, որ վահան էր ու սահմանափակ՝ այս փոքրիկ երկիրը կենսատարածք չունենալու, այլ Հայրենիք տեսնելու ու հասկանալու:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ մեզ վերադարձնում էր մեր հիշողությունը ու մեր մեջ արթուն էր պահում մեր խիղճը, որ երբեմն նաեւ Աստված է անվանվում:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ հենց նա անվանում էր մեր կյանքի ժամանակը:

Հենց նա գտնում ու վերադարձնում էր այն կորած ԲԱՌԸ, որ հետո դառնում էր բնորոշում ու հասկացություն: Նա ՏԵՐ էր ԲԱՌԻՆ ու ԲԱՌԻ ԻՄԱՍՏԻՆ, որ օրվա աղմուկի մեջ այնքան հաճախ է ձեւ ու հավուր պատշաճի ասված խոսք դառնում:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ միշտ ուներ ՄԱՐԴՈՒ զգացողությունը՝ անսուտ, անխաբ, քարագրված՝ փակվող էպոխայի ու բացվող էպոխայի մեջ շվարածներիս մեզ՝ մեր էությանը վերադարձնող զգացողությունը:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ միայն նա ուժ ուներ ասելու՝ մի նվնվա: Ու անփոթորիկ ծով մի կարծիր կյանքդ՝ խարիսխդ ամուր պահիր:

Նա ՏԵՐ էր, որովհետեւ միայն նա էր դարերի կարծեցյալ՝ բարոյական հորջորջյալ հաղթանակների փոխարեն օրվա հաղթանակները տեսնելու կոչում, օրվա Սպարապետին օրվա մեջ գնահատելու ու հասկանալու զորում:

Ու նա երբեք իր ՏԵՐ լինելը չէր պարտադրում՝ ինքնին պարզ էր ու ինքնին անվիճարկելի:

Եվ մանրամասն սիրելու այս հայրենիքում նրանից հետո մնաց այնպիսի զնգացող դատարկություն, որ հազարավոր բառերը արդեն հինգ տարի ԲԱՌ չեն դառնում, ու լռությունը տխուր նստած է քաղաքի վրա:

Ու՝ էլի ԻՆՔՆ է, որ արդեն միայն գրքերով վերադառնալու ու խախտելու է այդ անբառ լռությունը, որովհետեւ…

Այս մի «որովհետեւ»-ի պատասխանը թող ամեն մեկը իր համար գտնի՝ յուրովսանն:

Ու հենց դա կլինի ՏԻՐՈՋ վերադարձի սկիզբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել