Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանավոր լուծեցին բոլոր հարցերը

Դեկտեմբեր 18,2007 00:00

Նախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են:

Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով կլոր սեղան էր, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Ելույթներով հանդես եկան Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՀՀ ԱԺ սոցիալական առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների պաշտպանության բաժնի պետ Լենա Հայրապետյանը եւ այլք: Լ. Ասատրյանի ձեւակերպմամբ. «Ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է, անհոգ մանկությամբ երեխաները»: Նա փաստեց, որ չնայած պետությունն ունի մշակված քաղաքականություն ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների հաղթահարման համար, սակայն դեռ կան անելիքներ, որոնց լուծելու համար հ/կ-ները կարող են աջակցել պետությանը. «Հասարակական կազմակերպություններս ի վիճակի ենք եւ ցանկություն ունենք մասնակցելու այս մասով իրականացվող քաղաքականությանը»:

Մ. Մինասյանն էլ նշեց, որ հ/կ-ները պետք է բացահայտեն այն բոլոր բացերն ու չլուծված խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ. «Այդ հարցերը պետք է ներկայացնել ԱԺ եւ կառավարություն, տալ դրանց հասարակական հնչեղություն, որպեսզի նրանք էլ թե՛ օրենսդրորեն, թե՛ կազմակերպչաիրավական որոշակի ֆունկցիաներ իրականացնելու ճանապարհով՝ լուծեն այդ խնդիրները»: «Նախորդ տարվա համեմատ՝ 30-35%-ով ավելանում են բյուջետային հատկացումները, որոնց 47%-ը նպատակաուղղվում է մարդկային կապիտալի զարգացմանը: Ծերերին, երեխաներին միանվագ գումարներ եւ նպաստներ են տրվելու»,- 2008թ. բյուջեի վրա հղում անելով՝ ասաց պրն Մինասյանը: Նա նաեւ շեշտեց. «Չնայած հակված չեմ կարծելու, որ մեզ մոտ բոլոր խնդիրները լուծված են, որովհետեւ ցավոք դա այդպես չէ, սակայն վստահ եմ, որ կա նաեւ քաղաքական կամք ու ցանկություն՝ մեր հասարակության հիմնական կորիզ հանդիսացող ընտանիքի զարգացման, պահպանության բոլոր հնարավորությունները ստեղծելու համար»:

Ըստ Լ. Հայրապետյանի, այսօր մեր երկրի ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ դժվար իրավիճակներում հայտնված երեխաները: «Ոչ միայն մանկատներ ընդունվածները, այլեւ խնամակալութան հանձնված երեխաները հաշվառվում են: Նրանց թիվը հանրապետության մասշտաբով հասնում է 1500-ի: Այդ երեխաները ստանում են առողջապահական, կրթական աջակցություն, պետությունը լուծում է վերջիններիս բնակտարածության հարցը: Առաջիկայում էլ կընդունվի օրենք՝ բազմազավակ ընտանիքների երեխաներին աջակցություն տրամադրելու մասին»,- հավելեց Լ. Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել