Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"Ասում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը

Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին բազում սխալներ, մեւնույն է, դժգոհողների տոկոսը մնաց նույնը՝ 5-7 տոկոս: Փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում դա բացատրեց իրացման ժամանակահատվածին բնորոշ գործոններով: Այսօր, այսպես կոչված, վտարված բողոքողների թիվը չի հասնում երկու տասնյակի: Նրանք ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ շարունակում են հավաքվել եւ ներկայացնել իրենց պահանջները: Հնարավոր չէ՞, արդյոք, լուծումներ գտնել այդ դեպքերի համար էլ: Հարցին փոխքաղաքապետը փորձեց պատասխանել ամենաակտիվ բողոքավորներ Վաչագան Հակոբյանի եւ Սեդրակ Բաղդասարյանի օրինակներով, ովքեր նույնիսկ հասարակական կազմակերպություններ են ստեղծել՝ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» եւ «Պետական կարիքների զոհեր»: Օրինակ, 2004 թվականին Վաչագան Հակոբյանը համաձայնել է իրեն առաջարկվող պայմաններին եւ ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ ստացել է $75 346 գումարը: Այդ ժամանակ կենտրոնում մեկ քառակուսի մետրի արժեքը $300-1000 էր: Որոշ ժամանակ անց նա դժգոհություններ է ներկայացնում: «Բողոքելու տեղ կար,- ասում է Կ. Դավթյանը,- բայց ոչ Վաչագան Հակոբյանի պարագայում, այլ՝ մարդկանց, ովքեր գրանցված լինելով, սակայն սեփականության իրավունք չունենալով՝ պետք է հաստատագրված գումարներ ստանային. յուրաքանչյուրին $3500 եւ $6000՝ միայնակ լինելու դեպքում: Տվյալ ժամանակահատվածի համար այդ գումարը բավականացնում էր մեկ սենյականոց բնակարան գնելուն: Սակայն, այսպես կոչված, անցումային փուլում շուկայում գնաճ տեղի ունեցավ եւ մոտ 60 մարդ գումարը ձեռքներին՝ չէին կարողանում բնակարան ձեռք բերել: Այդ ժամանակ իրավիճակային լուծում գտնվեց եւ շատ արագ լրացուցիչ գումարներ տրամադրվեցին ու բոլորը գոհ մնացին: Եղան սեփականատերեր, որ գումարը փուլային ստացան: Այդ դեպքերը նույնպես առանձին քննարկվեցին եւ լրացումներ արվեցին: Բացի այդ, անցած տարի բնակիչներից պահված 10 տոկոս եկամտահարկն էլ վերադարձվեց»: Գալով Վաչագան Հակոբյանի օրինակին, ով, ի դեպ, եղել է սեփականատեր, Կ. Դավթյանն ասում է, որ վերջինս պատճառաբանում է, թե այն ժամանակ իրեն ստիպել են ստորագրել փաստաթղթերը: Թե ովքեր եւ ինչպես՝ չի մանրամասնում: Նկատենք, որ դժգոհության հիմնական պատճառը ցածր արժեքն է: Այդ առիթով մեր զրուցակիցը պարզաբանում է. «Իրենք անընդհատ համեմատություններ են անում. եթե այդպես է՝ այսօրվա գների հետ համեմատելով՝ ստացվում է, որ այն ժամանակ իրեն հեչ բան չենք վճարել: Բայց այդպես չի կարելի: Նշանակում է՝ գնային փոփոխություններին զուգահեռ, այդ մարդը անընդհատ պիտի բողոքի՞: Եվ ընդհանրապես, մեր մեծահոգությունը կայանում է նրանում, որ մենք չգնացինք այն տվյալների բացահայտմանը, թե խորհրդային տարիներին ով քանի անգամ է այդ տեղերից տուն ստացել, հետո՝ նորից եկել գրանցվել են: Ասում են՝ դրսում ենք մնացել… Ոչ ոք դրսում չի քնում. փոքրիկ քաղաք է, մեկս մյուսին գիտենք: Բոլորը տներ են առել, բայց ոչ իրենց անունով»:

Այս խնդիրը Կ. Դավթյանը մի քիչ էլ մենտալիտետով է պայմանավորում՝ «Գումարը վերջանում է՝ նորից գալիս են. մեկն ասում է հիվանդ էի՝ վիրահատվեցի, մյուսը այլ պատճառ է բերում. այս ամենն այնքան ենք լսել… Կան մարդիկ, որ արդեն երրորդ անգամ են գումարի պահանջ ներկայացնում: Բանակցում ենք, լրացուցիչ գումարներ ենք տրամադրում, իրենք էլ գրում-ստորագրում են, որ այլեւս պարտք-պահանջ չունեն՝ որոշ ժամանակ անց նորից են հայտնվում: Մի կին էլ ասաց՝ լիազորագիր ունեմ, ամուսնուս տեղն եմ ցույցի մասնակցում: Մյուսը թե՝ ես իմ փոխարեն ստացա, բայց աղջիկս պահանջ ունի, նրա տեղն եմ եկել: Վերջերս մի կին գումարը ստացավ եւ գնաց ցույցին մասնակցելու, հետո ասում է, թե ես գիտեի պիտի կուրսը 556-ով հաշվեք, բայց հիմիկվա կուրսով եք հաշվել: Ես միշտ զուսպ եմ եղել, բայց ինձ թույլ եմ տալիս ասել, որ ցույցերին մասնակցելն այդ մարդկանց համար ոչ միայն զբաղմունք է, այլ եկամտի աղբյուր»:

Հետաքրքիր է նաեւ Գլխավոր պողոտայի տարածքից վտարված Սեդրակ Բաղդասարյանի օրինակը: Պարզվում է, նրա հետ մինչ օրս բանակցում են: Մոտավորապես տասն օր առաջ նրան առաջարկվել է $120000: Ըստ Կ. Դավթյանի, Սեդրակը ներքին խնդիրներ է ունեցել եղբոր հետ՝ հայրական տնից, այսպես կոչված, բաժին տալու: Թե նախնական, թե մինչ օրս նրան առաջարկվող գումարները, պարզվում է, չեն բավականացնում բոլոր գույքային հարցերը կարգավորելու. «Բայց եկեք ճիշտ հասկանանք խնդիրը՝ ինչքան էլ քաղաքի կենտրոն, բայց դիմացը գույք է, որը սահմանափակ գնահատում ունի. եթե սկսենք գույքի վերածել եւ բոլոր պահանջները բավարարել՝ հնարավորությունները, պարզապես, չեն բավականացնի: Մեկ տունը չի կարող դառնալ 3-4 տուն: Կրկնապատիկ գումարից ավելին էլ ենք առաջարկել, որպեսզի հարցը լուծում գտնի. ցավոք… մի քանի անգամ խախտվել են նախնական պայմանավորվածությունները: Հիմա էլ՝ Սեդրակի ընտանիքը բաղդատվել է ու բնակարանների քանակը գնալով ավելանում է: Հիմա էլ՝ 160000 է պահանջում: Եթե մենք մեզ չհարգենք, գոնե մյուս բնակիչներին պիտի հարգենք. մարդիկ հավասար պայմաններում ապրել են…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել