Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինի աշխատակիցները «գրոհել» էին դատարանի շենքը

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը:

Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հեռուստաաշտարակի շուրջ ծագած դատական վեճը չլուծած՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նորից հայտնվեց «մեղադրյալի» աթոռին: Այս անգամ Գյումրու անկախ լրատվական ալիքին դատի են տվել՝ 25 միլիոն 2 դրամ տուգանքը բռնագանձելու պահանջով: Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ հարկային տեսչության օպեր-լիազորները ստուգումներ անցկացնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում՝ իբրեւ թե հայտնաբերել էին քսանհինգ միլիոն երկու հազար վեց հարյուր վաթսունհինգ դրամի խախտումներ, որի հետ էլ համաձայն չլինելով, «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը բողոքարկել էր հարկայինի վերադասին: Եվ քանի որ «ԳԱԼԱ»-ն հարկայինին հավելավճար ուներ մուծած՝ դրամի չափով, ուստիեւ այս անգամ հեռուստաընկերությունից պահանջում էին տուգանքի մնացորդ գումարը: Ի դեպ, դատարանը նախապես արգելանք էր դրել հեռուստաընկերության դրամական միջոցների ու գույքի վրա:

Երեկ հարկայինի կողմից որպես հայցվոր ներկայացել էր 7 անձ: Գյումրեցի իրենց գործընկերներին օգնության էին եկել մայրաքաղաքի օպեր-լիազորները: Դատական նիստերի դահլիճում հպարտ-հպարտ նստել էր նաեւ օպեր-լիազոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով նկարահանումներ կատարելու համար փորձել էր խեղդել «ԳԱԼԱ»-ի օպերատոր Գրիգոր Շաղոյանին՝ նրանից խլելով տեսախցիկը:

«ԳԱԼԱ»-ի փաստաբան Կարեն Թումանյանը (նա Վանաձորի Հելսինկյան գրասենյակի իրավաբանն է) մինչեւ գործի քննությունը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի վերջինս պարտավորեցնի հարկայինին երեք օրվա ընթացքում հեռուստաընկերությանը տրամադրել չորս հարյուր հազար դրամ՝ որպես «ԳԱԼԱ»-ին պատճառած հնարավոր վնասների փոխհատուցում: Նա իր միջնորդությունը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Դատարանը նախնական կալանքներ է դրել «Չապ» ՍՊԸ-ի դրամական միջոցների եւ ամբողջ գույքի վրա, այսպիսի պայմաններում չենք կարողանա հարկային պարտավորությունները կատարել, իսկ սա լրացուցիչ պրոբլեմներ է առաջացնում հեռուստաընկերության համար: «ԳԱԼԱ»-ն հարկային պարտավորությունները չկատարելու համար կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, հեռուստաընկերության համար կարող է առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ եւ տույժ-տուգանքներ: «Չապ» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա արգելանք դրվելու հետեւանքով սահմանափակվում է հեռուստաընկերության հիմնական գործունեությունը, այն է՝ տեղեկատվության հավաքումը եւ տարածումը, ինչը հիմնական առաքելությունն է հեռուստաընկերության, այս պահին նաեւ Եվրոպական կոնվենցիայի տասներորդ հոդվածի խախտում է տեղի ունենում, քանի որ ԶԼՄ-ի նկատմամբ սահմանափակումը թույլատրվում է Եվրոպական կոնվենցիայի տասներորդ հոդվածի երկրորդ մասում նշված պայմաններով»: Սակայն փաստաբանի այս միջնորդությունը եւս մերժվեց դատավոր Էդուարդ Նահապետյանի կողմից, ում, ի դեպ, քաղաքապետարանի հետ ունեցած կոնֆլիկտի դատավարության ժամանակ բացարկ էր հայտնել «ԳԱԼԱ»-ի փաստաբանը: Ըստ դատարանի պատճառաբանության, «եթե հետագայում հեռուստաընկերությունը վնասներ կրի՝ պետությունը պատրաստ է փոխհատուցել»: Հեռուստաընկերությունը ներկայացրեց հակընդդեմ հայց՝ հարկայինի կողմից կազմված ակտն անվավեր ճանաչելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել