Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"Այստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին:

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի օրերը: Ծրագիրն իրականացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի, ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան, «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանից ժամանած՝ Մինգեչաուրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Ջիանշա Օմարովը, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Աղստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ Խամիս Մասիմովը, իրավապաշտպան, փաստաբան Սահիբ Բաբաեւը, գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանը, վերլուծաբան Ռաուֆ Ռաջաբովը, «Համաձայնություն» հ/կ-ի նախագահ Աֆետ Սարիեւը մինչեւ դեկտեմբերի 20-ը կրթահամալիրի աշակերտների համար կբացահայտեն Ադրբեջանի արդի գրականությունը, կրթական եւ իրավական ոլորտի առանձնահատկությունները եւ այլ հարցեր: Կրթահամալիրի սաների շրջանում նախօրոք շարադրությունների մրցույթ էր հայտարարվել՝ «Բաց նամակ Ադրբեջանի իմ հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան», «Ադրբեջան» թեմաներով: Երեկ հյուրերը եւ հայաստանցիները պատվոգրեր փոխանակեցին: «Առավոտը» «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞, արդյոք, որ այս ծրագիրը շահարկումների կենթարկվի: «Ի՞նչ է, Հայաստանում այսօր իշխանությունների մակարդակով չի՞ քննարկվում հաշտության եւ համաձայնության գալու հարցը: Մի՞թե կոչ չի արվում հասարակությանը նախապատրաստել, լինել ավելի հանդուրժող: Եթե պաշտոնապես տարվում է այդ քաղաքականությունը, ապա կրթական համակարգը չի կարող դուրս մնալ ընդհանուր զարգացումներից: Այնպես որ, աննորմալ բան չեմ տեսնում, որ ադրբեջանցիներ են մասնակցում նման միջոցառմանը»,- կարծում է պրն Բլեյանը: Չնայած նրա խոսքով՝ «միջոցառումը զուտ մաքուր աշխատանքային բնույթ ուներ», սակայն, այնուամենայնիվ, այն քաղաքականացվեց: Հայտնվեցին 4 երիտասարդներ, որոնք Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանին՝ որպես բողոքի նշան, օճառ տվեցին: Հետո պարզեցինք, որ նրանք Հայ բլոգերների միության անդամներից են: Նրանցից Արմեն Քոչարյանը հայտնեց. «Այս միջոցառումը ճիշտ չէր կազմակերպելը՝ հաշվի առնելով հայերի հանդեպ ադրբեջանցիների անհանդուրժողականությունը: Նրանք նույնիսկ բուլղարահայերին են Բաքվի սահմանից վռնդել: Այսօրվա ակցիան փող աշխատելու միջոց է, որը լավ բան չի բերի ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Սա ազգի արժանապատվության հաշվին փող մուրալու ակցիա է: Ադրբեջանցիներին էլ չենք մեղադրում, քանի որ նրանք էլ են զոհի դերում, դեռ պիտի հայրենիք վերադառնան: Մենք չենք ուզում որեւէ մեկին վիրավորած լինել, մանավանդ չենք ուզում, որ այդպիսով Վանյան կոչվածը «աչոկներ» հավաքի»: Բլոգերները նաեւ «Առավոտին» հավաստիացրին, որ հաղթած կողմը՝ Հայաստանը, քայլեր չպիտի անի պարտվածների հետ համերաշխություն հաստատելու համար: Իսկ Ա. Բլեյանը օճառի կապակցությամբ ասաց, որ հիգիենիկ միջոցներ կրթահամալիրին միշտ էլ անհրաժեշտ են:

Զրուցեցինք նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ իրավապաշտպան Ջ. Օմարովը «Առավոտին» ասաց. «Հիմա ես նոստալգիա եմ ապրում, քանի որ Մինգեչաուրում, որտեղ բնակվում եմ, 100.000 բնակչության 40 տոկոսը հայեր էին: Ինչ վերաբերում է այս նախագծին, այն չպետք է համարել Ադրբեջանի օրեր Հայաստանում: Սա Ադրբեջանի օրերն են այն երեխաների համար, որոնք սովորում են այս կրթահամալիրում»: Իսկ հայտնի գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ նման միջոցառումները նպաստեն նրան, որ ադրբեջանցիները ի դեմս հայերի՝ թշնամու չտեսնեն, նշեց. «Թող ընկերներս չնեղանան, բայց ես խիստ վատատես եմ… Ամեն ինչ կախված է իշխանություններից: Օրինակ, երբ ժամանակին գալիս էինք Հայաստան, Ադրբեջանում մեզ վիրավորում էին, դավաճան անվանում: Հիմա քիչ են նման դեպքերը: Ինչ վերաբերում է ստատուս քվոյին, այն շահեկան է ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունների համար»:

Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Գյանջայի մասնաճյուղի նախագահ Սահիբ Բաբաեւն էլ հայտնեց. «Մեր նպատակն այն է, որ ավելի լավ ճանաչենք միմյանց եւ ցույց տանք, որ շարքային ադրբեջանցին պատերազմ չի ուզում: Ադրբեջանում անցկացված սոցհարցումները փաստում են, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պատերազմին: Պիտի կոտրենք այն կարծրատիպը, որ հայերի հետ թշնամիներ ենք, մենք հարեւաններ ենք: Եթե կովկասյան պետություններով միավորվենք, ԵՄ-ից էլ լա՛վ տուն կկառուցենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել