Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-հայկական հարսանիք՝ հնդկական մոտիվներով

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"Գրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին

Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, որ հարսանիքին պարզապես վանդակում տեղը չէր գտնում, որովհետեւ, ինչպես հին հայկական ավանդույթն է պահանջում, այգու տնօրինությունը մինչ հարսանիքը ոչ մի կերպ փեսային հարսին մոտ չէր թողել՝ սիրող սրտերին վանդակներով առանձնացնելով: Ուստի չնայած հարսանիքին բոլորն ուրախանում էին, երգում ու քեֆ անում, Գրանտիկն անհանգիստ պտտվում էր իր վանդակում ու աչքի տակով զննում իր ապագա կնոջը՝ Մաշային, սպասելով հարսանեկան արարողությունից հետո առաջին ամուսնական գիշերվան:

Անկեղծ ասած՝ ցանկացած հայ աղջիկ կերազեր, որ իր հարսանիքն այդքան ճոխ ու հետաքրքիր անցներ, որքան Գրանտիկինն ու Մաշայինը: Հարսանիքին հրավիրված էին հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերը: Կենդանաբանական այգում, մեղմ ասած՝ ասեղ գցելու տեղ չկար: Հետաքրքրությունն այնքան մեծ էր այս հարսանիքի նկատմամբ, որ շուրջ 25000 այցելուները ստիպված էին բարձրանալ ծառերի, վանդակների ու քարերի վրա եւ կյանքը վտանգի ենթարկելով՝ հետեւել հարսանիքին: Հարսանիքից հետո այգու տնօրինությունն արձանագրել է, որ այգու բազմաթիվ ծառերի ճյուղեր վնասվել են, բացի այդ, արմատախիլ է արվել ու անհետացել այգու գլխավոր եղեւնին՝ իր խաղալիքներով ու լույսերով հանդերձ:

Քանի որ թե՛ Գրանտը, թե՛ Մաշան, որը վերանվանվել է Քենդի, ծնունդով Հնդկաստանից են, հարսանիքը կազմակերպվել էր հավասարապես թե՛ հայկական եւ թե՛ հնդկական արարողություններով: Հնդկական երգերի ներքո հարսին ու փեսային սարիներով կապեցին, կրակի շուրջ պտտեցրին՝ նրանց մաղթելով անսահման երջանկություն, առողջություն եւ հարատեւ հնդկական սեր: Հայ հարսանքավորներն էլ իրենց կողմից զույգ ծաղիկներին մաղթեցին մի բարձի ծերանալ, 7 որդով սեղան նստել: Հարսանիքին եկած մեծահասակները հարսին խորհուրդ տվեցին սկեսուր-սկեսրայրին լսող լինել, հեզ տանել ամուսնու բոլոր պահանջները եւ հայկական նորաստեղծ օջախը լցնել հաջողություններով ու լույսով: «Որ ռուս է՝ ես մեր Գրանտիկին կցանկանամ նրան բռի մեջ հավաքել, որ աջուձախ չնայի, իրեն հավատարիմ մնա: Իհարկե, լավ կլիներ մի հատ լավ, տնական հայ աղջիկ գտներ, բայց որ չկա՝ պիտի իրեն տղամարդավարի պահի ու Մաշային սանձի»,- փեսային այսպիսի «հայկական» բարեմաղթանք ուղղեց հարսանիքին եկած պապիկներից մեկը:

Ի դեպ, չնայած այգու տնօրինությունը համոզված է, որ Մաշան կույս է եւ մինչ օրս որձի երես չի տեսել, այնուամենայնիվ, որոշել են «կարմիր խնձորը» խնամիներին ուղարկել ոչ թե առաջին գիշերից անմիջապես հետո, այլ՝ մարտին, երբ օրերը կտաքանան: Մերոնք հույս ունեն, որ Ռուսաստանում դրան այնպես ցավագին չեն մոտենա, ինչպես Հայաստանում: Գրանտն ու Մաշան զագս առայժմ նույնպես չեն գնալու: Դա, ամենայն հավանականությամբ, նույնպես կլինի մարտին: Փեսան դեռ ուզում է կնոջ բոլոր թերություններն իմանալ, նոր քաղաքացիական ամուսնությունն օրինականացնել՝ մանավանդ որ նրա համար այլ հարսնացու էլ է գտնվել: Մաշայի մրցակիցը Շրի Լանկայից է: Ներկայումս այդ փղին մեր երկիր բերելու հետ կապված Շրի Լանկայի բնապահպանական կազմակերպության հայցով դատ է ընթանում, եւ եթե մենք դատը շահենք, ապա Գրանտիկը կունենա երկրորդ կինը: Եթե Հրանտ Վարդանյանի ցանկությանը մնա՝ շատ շուտով Գրանտիկը նույնիսկ մի ամբողջ հարեմ կունենա:

Նշենք, որ Հրանտ Վարդանյանը, որն այս հարսանիքի քավորն էր, իր վրա էր վերցրել ամբողջ ծախսը եւ Կենդանաբանական այգու հարեւանությամբ գտնվող «Արքայաձոր» ռեստորանում Գրանտիկի եւ Քենդիի բարեկամների հետ իսկական հայկական խնջույք կազմակերպել՝ մսացուով, խմիչքով ու քաղցրավենիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել