Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է

Դեկտեմբեր 18,2007 00:00

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: «Առավոտը» նախարարին երեկ հարց ուղղեց նրա ընտրության պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե գաղափարախոսական ի՞նչ ընդհանրություններ կան Կոմկուսի եւ Հանրապետական կուսակցության միջեւ. արդյոք միակ ընդհանրությունն այն չէ՞, որ ինչպես այժմ ՀՀԿ-ն, այնպես էլ ՀԿԿ-ն է ժամանակին եղել իշխող կուսակցություն: «Կարելի է մտածել, թե դրանից հետո կուսակցություններ չեն եղել, եւ ես ընտրության հնարավորություն կարծես թե չեմ ունեցել»,- պատասխանեց Գեւորգ Դանիելյանը: Մեր դիտարկմանն էլ՝ «Լինելով դատախազության համակարգում, այո՛, չեք ունեցել» պատասխանեց. «Բայց եթե ես իսկապես ուզենայի կուսակցական լինել, եւ դա ինձ համար շատ հետաքրքիր լիներ՝ ես անպայման դուրս կգայի դատախազությունից: Եվ ամբողջ շրջանում չէ, որ ես եղել եմ դատախազ: Բնականաբար, ես նաեւ զբաղեցրել եմ դասախոսի պաշտոն՝ Երեւանի պետական համալսարանում, որն ինձ բացարձակապես չէր զրկում կուսակցական լինելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է նրան, որ երկուսն էլ իշխող են՝ դրան բնականաբար նախապատվություն չեմ տալիս, այլ այսօր ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, եւ գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ իսկապես պետք է անդամագրվի այն կուսակցությանը, որի գաղափարներն ինքն ընդունում է: Չեմ ժխտում, չեմ բացառում, որ կարող են լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք շարունակում են իրենց անկուսակցական կարգավիճակը. սա, իհարկե, չի հակասում օրենսդրությանը, Սահմանադրությանը: Բայց թե՛ սահմանադրական, թե՛ քաղաքական չափանիշներով ավելի տրամաբանական եմ համարում այս մոտեցումը»: Մեր հիշեցումից հետո, թե ինքը ոչինչ չասաց իր նախընտրած երկու կուսակցությունների միջեւ գաղափարական ընդհանրությունների մասին՝ արդարադատության նախարարն այլեւս ոչինչ չհավելեց ասվածին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել