Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4 հոդվածի վերաբերյալ 12 հոդվածանոց վետո

Դեկտեմբեր 18,2007 00:00

Մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա

ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ: Այն ընդունվել էր նոյեմբերի 28-ին եւ ներառված էր «Վարչական դատավարության» օրենսգրքի հետ միասնական փաթեթում: Եվ միայն նախագահի վավերացմանը հասնելուց հետո էր պարզ դարձել, որ այս «Ընտրական օրենսգրքով» սահմանված ժամկետները, ասենք, ընտրական գործընթացներին առնչվող որոշակի վեճերը բողոքարկելու ժամկետների վերաբերյալ՝ հակասում են «Վարչական դատավարության» օրենսգրքով սահմանված ժամկետներին: Ավելի ստույգ՝ ԸՕ-ով սահմանված է, թե նման գործերով վճիռը պիտի կայացվի 3-օրյա ժամկետում, իսկ «Վարչական դատավարության» օրենսգրքով՝ պիտի ընդամենը քննվի 3 օրվա ընթացքում: Եվ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ քննարկումների ընթացքում մտահոգություն հայտնեց, թե վճիռների ընդունումը կարող է ձգձգվել, ու խոչընդոտներ կստեղծվեն, ասենք, իրենց ընտրական խախտված իրավունքը վերականգնել ցանկացողների համար:

Անահիտ Բախշյանը, որ պարտաճանաչ ներկայանում է կառավարության նիստերին, հիշեցրեց, թե գործադիր մարմինը դեռ նոյեմբերին է գումար հատկացրել, որ «Ընտրական օրենսգիրքը» հրատարակվի 17 հազար օրինակ տպաքանակով: Եվ հիմա այն էլի փոխվում է: Ի դեպ, հենց կառավարության օրենսդրական նախաձեռնությունն էր «Վարչական դատավարության» օրենսգրքի վերաբերյալ փաթեթը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որը նախագահի առարկության եւ առաջարկությունների հիմնական զեկուցողն էր՝ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե արդյոք թերացումը հենց կառավարությա՞նը չէր, որն օրենքին հակասող նախագիծ է բերել խորհրդարան, համաձայնեց, որ հակասության հեղինակը հենց ներկայացնողն էր. «Ես չեմ էլ պատրաստվում որեւէ մեկին մեղադրել սրա մեջ»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, թե նախագահի առաջարկած փոփոխությունները շատ ավելին են, քան իրենց ընդունած օրինագիծը: Նա թվարկեց մի շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ ՀՀ նախագահն արել է առաջարկներ, սակայն դրանց անդրադարձ չի եղել ԱԺ ընդունած փոփոխություններում: Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ըստ էության, սա օրենսդրական նախաձեռնություն է նախագահի կողմից: Մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ նա չունի դրա իրավունքը. օրենսդրական նախաձեռնությամբ կարող են հանդես գալ միայն կառավարությունը եւ ԱԺ-ն:

Ըստ ՀՀ նախագահի առաջարկության՝ «Ընտրական օրենսգրքում» այս նոր փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեն 2008-ի հունվարի 1-ից: «Ժառանգություն» խմբակցությունը մտահոգիչ դիտեց, որ սահմանված «խաղի կանոնները» փոխվում են ընտրական գործընթացի ընթացքում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես համոզմունք հայտնեց, թե ընտրություններից կարճ ժամանակ առաջ ճիշտ չէ նման փոփոխություններ կատարելը, որոնք կապված են ընտրական գործընթացների բողոքարկման մեխանիզմների վերանայման հետ: Սակայն նշեց, թե այս առաջարկությունները չընդունելու եւ հակասությունները չշտկելու դեպքում՝ «Ստացվելու է, որ 2 ամիս հետո գնալու ենք նախագահական ընտրությունների երկու օրենսգրքերով, որոնք մեկը մյուսին հակասում են, ինչն ընդհանրապես անթույլատրելի է»: Նախագահի առարկության քվեարկությունը տեղի կունենա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել