Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"Պաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը

Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն էր: 1987-1991 թթ. նա Թուրքիայի դեսպանն էր ԵՄ-ում, 1991թ.-ից մինչեւ 1995 թ. զբաղեցնում էր Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը: 1995-2000թթ. Սանբերկը Թուրքիայի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: 2000 թ. նա պաշտոնաթող է եղել եւ մինչեւ 2003 թվականի սեպտեմբեր ամիսը գլխավորում էր թուրքական TESEV հետազոտական ինստիտուտը: Օզդեմ Սանբերկը «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամ էր:

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այսօր ամենագլխավոր խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին:

– Խոչընդոտները մի քանիսն են: Բոլորն էլ էական են, բայց դրանցից ոչ մեկը չպետք է անհաղթահարելի համարել: Առաջինը. կա վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եթե մենք գտնենք դրա լուծումը, ամեն ինչ ավելի հեշտ կընթանա: Երկրորդը, կան տարածքային նկրտումների, պատմական արշավների, Թուրքիայի նկատմամբ միջազգային նախապաշարմունքի եւ ատելության շիկացման հետ կապված հարցեր: Մեզ լիցքաթափում է պետք այս դաշտում: Երրորդը. գոյություն ունի հոգեբանական պատրաստվածության հարցը: Մեզ սառցահատ է պետք, այն, ինչ անհրաժեշտ է մեզ, պետք է հասարակական եւ խորհրդանշական բնույթ կրի: Հիշո՞ւմ եք ամերիկացիների եւ չինացիների միջեւ սեղանի թենիսի մրցամարտը, որը նախորդեց երկու երկրների մերձեցմանը: Եթե մենք կարողանանք փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումները Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ, դա կարող է նման քայլ հանդիսանալ: Սակայն պետք է խոստովանել, որ ֆուտբոլը կրքոտ մարզաձեւ է, այդ առիթը կարող է այդքան էլ հարմար չլինել: Սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ մենք որեւէ հարմար բան կգտնենք:

Կցանկանայի նաեւ ավելացնել, որ հոգեբանական թշնամությունը հայ-թուրքական հարաբերություններում նոր երեւույթ է: Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ դա 1975 թվականից Թուրքիայի դեմ սկսված արշավների հետեւանք է: Երբ ես երիտասարդ էի, հայերն ինքնաբերաբար իրենց տեղն ունեին թուրքերի ցանկացած հավաքի ժամանակ: Թուրք դիվանագետների եւ պաշտոնյաների սպանությունները եւ հսկայական քարոզարշավը մեր դեմ վերջ դրեցին այդ բոլորին, առնվազն` հրապարակային մակարդակում: Այն դեպքերում, երբ քաղաքական գործիչները չեն միջամտում, նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսին է Կալիֆոռնիան, հայերի եւ թուրքերի մեջ շատ ընդհանրություններ կան:

– Ինչո՞ւ դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների հաստատելու Երեւանի առաջարկը չի բավարարում Անկարային:

– Կա վեճ, եւ կան խնդիրներ: Անիմաստ է կառուցել մի տուն, որը կքանդվի քամու առաջին իսկ թեթեւ փչոցից: Դիվանագիտական հարաբերությունները պետք է հիմնվեն հստակ ըմբռնման եւ կոնսենսուսային մոտեցման վրա` առնվազն կարեւորագույն հարցերի շուրջ: Երբ Սուլեյման Դեմիրելը 1998 թվականին առաջին անգամ հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՍԾՏՀ գագաթաժողովում, Թուրքիայի նախագահը հարցրեց նրան. ո՞րն է վեցամյա Հայաստանի Հանրապետության եւ 75-ամյա Թուրքական Հանրապետության միջեւ թշնամության պատճառը: Դեմիրելն առաջարկեց. մենք կարող ենք օգնել ձեր երիտասարդ հանրապետությանն ինտեգրվել աշխարհին, ձեր քաղաքացիներն իրավունք ունեն ավելին ակնկալել ձեզանից 70 անպտուղ տարիներից հետո:

– Երեւանում տեսակետ կա այն մասին, որ 15 տարի առաջ ընդունելով սահմանի փակման մասին որոշումը, Թուրքիան հույս ուներ մեղմել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում: Քանի որ դա տեղի չունեցավ, Թուրքիայի իշխանություններին այսօր դժվար է խոստովանել այդ սխալը:

– Ոչ, կարծում եմ, մենք այլ կերպ ենք նայում դրան: Թուրքիան կայացրեց այդ որոշումը Ադրբեջանի շրջանների օկուպացման եւ այնտեղ ապրող մարդկանց արտաքսման պատճառով: Մեզ համար դա մարդկային ողբերգություն էր: Մենք հավատարիմ ենք մնում կայացրած որոշմանը, սակայն ողջունում ենք կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:

Թուրքիայի վարչապետը 2005 թվականին նամակ էր հղել պարոն Քոչարյանին եւ առաջարկել էր ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Կարծում եմ, որ չարձագանքելով այդ առաջարկին, Հայաստանը պատմական հնարավորություն բաց թողեց:

– Ինչպե՞ս է Թուրքիան վերաբերվում Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի առկայությանը եւ հայ պաշտոնյաների հայտարարություններին՝ այն մասին, որ հենց Թուրքիայի կողմից պոտենցիալ սպառնալիքն է հանդիսանում Հայաստանում ռուս զինվորականների գտնվելու գլխավոր պատճառը:

– Նախ, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմավարական վտանգ գոյություն չունի: Երկրորդը, հայ-ռուսական հարաբերությունների հարցերը պետք է լուծեն հայերը եւ ռուսները: Եթե, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական սպառնալիքի բացակայության մասին իմ ասածին, դուք գտնում եք, որ ռուսական զորքերի ներկայությունն ուժեղացնում է ձեր երկրի անկախությունը, դա պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները: Ոչ ոք չպետք է դեմ հանդես գա դրան, պայմանով, որ ռազմակայանը կրում է պաշտպանական եւ ոչ թե հարձակողական բնույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել