Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելից» դժգոհում են

Դեկտեմբեր 15,2007 00:00

Վերջերս Բաբայան փողոցում գործող թիվ «23», «24» եւ «28» ԱՀԿ-ները (ATC) տեղափոխվել են «ԱրմենՏելի» վարչական շենքին կից գտնվող սպասարկման գլխավոր կենտրոն: Եվ քանի որ այդ կենտրոնում սպասարկում են նաեւ բջջային կապի բաժանորդներին, ուստի հեռախոսների վարձավճարները մուծելու օրերին նշյալ հասցեում հսկայական հերթեր են առաջանում: Բաժանորդները ստիպված են լինում անգամ մի քանի ժամ հերթ կանգնել: Հերթերը գոյանում են նաեւ այն պատճառով, քանի որ վարձավճարներ ընդունող աշխատակիցների համակարգիչները ցույց չեն տալիս, թե որ հեռախոսահամարի բաժանորդը որքան գումար է պարտք: Այսինքն՝ քաղաքացին ստիպված է լինում նախ «ԱրմենՏելի» այլ աշխատակիցներից ճշտել, թե որքան է կազմում իր պարտքը, նոր հերթ կանգնել՝ գումարը վճարելու:Այն, որ ընկերությունը բավարար թվով աշխատակիցներ չունի եւ եղածներն էլ չեն հասցնում սպասարկել՝ երեւում է նաեւ բջջային հեռախոսակապի կանխավճարային քարտերը գրանցելու գործընթացից: Որպեսզի բաժանորդները գրանցման համար երկար հերթ չկանգնեն՝ իրենց անձնագրի պատճենի վրա գրում են հեռախոսահամարը, որը ցանկանում են ունենալ ու գրանցել իրենց անունով եւ հեռանում: Այդ տարբերակով հնարավոր է լինում արագացնել քարտերի գրանցման գործընթացը: Մինչդեռ նկատենք, որ ցանկության դեպքում բաժանորդը կարող է պատճենի վրա գրել այնպիսի հեռախոսահամար, որը պատկանում է մեկ այլ բաժանորդի, որը դեռ չի հասցրել քարտը գրանցել իր անունով: Այս դեպքում քարտի իրական տերը երբեք չի կարողանա ապացուցել, որ այն իրենն է եւ գողացված չէ: Բնակիչները «ԱրմենՏելի» հետ աշխատելիս բազմաթիվ այլ խնդիրների առաջ են կանգնում: Հասարակ կոմունալ վճարումներ կատարելիս, այդ թվում՝ հեռախոսի վարձը վճարելիս, երբ փորձում են մուծումները կատարել բանկերի կամ փոստի միջոցով, վճարած գումարը ուշ է տեղ հասնում: Մարդը ստիպված է միշտ միեւնույն բանկում կամ միեւնույն փոստում մուծումներ անել, որովհետեւ մեր երկրում դեռ այդպիսի քաղաքակիրթ տարբարակով վճարումների մեխանիզմը, ինչպես հարկն է, ներդրված չէ: Մի բանկում կատարված վճարումների մասին տեղեկատվությունը փոստին հայտնի է դառնում միայն 40 օր հետո, մինչդեռ բնակիչը պարտավորված է ամեն ամիս կատարել մուծում: Նշենք, որ վերջին օրերին «ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդները նույնպես որոշ խնդիրներ են ունենում՝ կապի որակի հետ կապված: Հաճախ զանգահարել չի ստացվում, քանի որ հեռախոսահամարները կամ միշտ զբաղված են լինում, կամ էլ օպերատորը խաբում է, թե՝ «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»: Այնինչ, այդ հեռախոսահամարներին զանգահարել են մի քանի տարի: Իսկ հաղորդագրություն ուղարկելիս էլ, եթե նույնիսկ օպերատորը տեղեկացնում է, թե այն հասել է հասցեատիրոջը, չես կարող վստահ լինել, որ հաղորդագրությունն իրոք տեղ է հասել, քանի որ իրականում պարզվում է, որ նամակը հասցեատերը ստացել է մի քանի օր հետո: Այս խնդիրների առնչությամբ «ԱրմենՏելից» խոստացան պարզաբանել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել