Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ երկրորդ

ՀՈՒԼԻՍԻ ՔՍԱՆՎԵՑԸ

Եվ Վանոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քեզ որ միլպետ նշանակեի՝ կաշխատեի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ ձեւը սովորացնեիր, խի՞ չէի աշխատի», եւ Վանոն ասաց՝ «որ ձեւն իմանայինք, իշխանությունը սրանց չէինք տա», եւ ես ասացի՝ «չեք տվել. իրանք են խլել», եւ Վանոն ասաց՝ «մի մասը մենք տվինք, մնացածն իրանք խլեցին», եւ ես ասացի՝ «չտայիք», եւ Վանոն ասաց՝ «քեզ էլ ա՞ թվում, թե ամեն ինչ իմ ձեռն ա էղել», եւ ես հարցրի՝ «բա ո՞ւմ ձեռն ա էղել», եւ Վանոն ասաց՝ «խոսք ե՞ս քաշում, թե՞ կայֆ ես բռնում», եւ ես ասացի՝ «ոչ խոսք եմ քաշում, ոչ էլ կայֆ եմ բռնում», եւ Վանոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ իզուր մի կարգին պաշտոն չտվինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, դո՛ւ չես ուզել», եւ ես ասացի՝ «ե՛ս չպիտի ուզեի», եւ Վանոն հարցրեց՝ «բա ո՞վ պիտի ուզեր», եւ ես ասացի՝ «դո՛ւք պիտի խնդրեիք», եւ Վանոն հարցրեց՝ «ո՞նց պիտի խնդրեինք», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ազգովի՛», եւ Վանոն ծիծաղեց ու ասաց՝ «ազգովի ի՞նչ պիտի խնդրեինք», եւ ես ասացի՝ «պիտի խնդրեիք, որ ձեր իշխանության համար աշխատեի», եւ Վանոն հարցրեց՝ «ի՞նչ աշխատեիր», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեւը սովորացնող», եւ Վանոն հարցրեց՝ «ինչի՞ ձեւը», եւ ես ասացի՝ «իշխանությունը պահելու ձեւը», եւ Վանոն ասաց՝ «փաստորեն, իշխանությունը վերցնելն ավելի հեշտ ա, քան՝ պահելը», եւ ես ասացի՝ «նայած ում համար», եւ Վանոն ասաց՝ «երեւի բոլորի համար», եւ ես ասացի՝ «հակառակն էլ ա պատահում», եւ Վանոն հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «որ հեշտությամբ են իշխանությունը վերցնում, բայց հեշտությամբ չեն տալի», եւ Վանոն հարցրեց՝ «Քոչարյանի հաշվով ե՞ս ասում», եւ ես ասացի՝ «թեկուզ», եւ Վանոն ասաց՝ «Քոչարյանը նոր ա էկել. տենանք՝ ինչքան կդիմանա», եւ ես ասացի՝ «լավ էլ կդիմանա», եւ Վանոն հարցրեց՝ «վստահ ե՞ս», եւ ես ասացի՝ «կարաս չկասկածես»:

Իմ ու իր էս խոսակցությունը ՀՀՇ-ի բուֆետում էր, եւ բուֆետի մյուս սեղանների շուրջ հիմնականում Վանոյի էն ընկերներն էին, որոնց ինքը իշխանություն ունենալու տարիներին չէր հասցրել որեւէ կերպ օգնել, բայց ես ու ինքն առանձին էինք նստած, եւ մեր սեղանին ոչ ոք չէր մոտենում, եւ դա նշան էր, որ իմ ու իր ընկերությունը ոչ միայն իմ ու իր համար էր շարունակվում, այլեւ՝ ուրիշների, եւ չնայած աշխարհում մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել՝ Սովետ էր քանդվել, «Ղարաբաղ» կոմիտե ու ՀՀՇ էր եղել, եւ չնայած ՀՀՇ-ն շարժման տարիներին Սմոլնիի պես բան էր եղել, այդուհանդերձ, ես իննսունութի էդ գարուն առաջին անգամ էի ՀՀՇ ոտք դնում ո՛չ միայն էն պատճառով, որ ՀՀՇ-ն տեղափոխվել էր Խանջյան՝ մերոնց տների մոտ, այլեւ էն պատճառով, որ էդ օրերին ՀՀՇ-ի բուֆետում իմ ներկայությունը ցանկալի էր, ու լավն էն էր, որ էդ օրերին ՀՀՇ-ի բուֆետում իմպեսները շատ էին, ու էդ օրերին ՀՀՇ-ի բուֆետում բացակա էին հիմնականում նրանք, ում Վանոն իր իշխանության մի քանի տարիների ընթացքում հաջողացրել էր միլպետ կամ մարդ սարքել, եւ, հիշում եմ, էդ օրերից մի օր Խանջյանով ՀՀՇ բարձրանալիս՝ տեսա մեր նկարիչներից մեկին, ում համար Վանոն իր իշխանության տարիներին Խանջյանի վրա ահագին մեծ արվեստանոց էր հաջողացրել, եւ երբ էդ նկարչին ասացի՝ «չես գա՞ գնանք Վանոյի մոտ», ինքն ասաց՝ «չէ. գործեր ունեմ», եւ երբ զարմացած հարցրի՝ «էդ արվեստանոցդ Վանոն չի՞ քեզ տվել», ասաց՝ «չէ. Խաչատրյան Վահագն ա տվել», եւ երբ ասացի՝ «ես գնամ», ինքն ասաց՝ «կբարեւես», եւ ես հարցրի՝ «Վահագի՞ն», եւ ինքն ասաց՝ «չէ. Վանոյին»:

Երեկ Ալիկ Թոփչյանը «Կենտրոնով» հարցազրույց էր տալիս Պետրոսին, եւ երբ Պետրոսն ընդգծված քամահրանքով Ալիկին հարցրեց՝ «իսկ ի՞նչ կարծիքի եք Արմեն Շեկոյանի՝ «Առավոտում» տպագրվող «Հայկական ժամանակ» վեպի մասին», Թոփչյանն ասաց՝ «շատ նորմալ», եւ երբ Պետրոսն ավելի բզբզեց, Ալիկն ասաց՝ «դա բամբասանքի գրականություն է. էդ տեսակ գրականություն ֆրանսիացի մի գրող դեռեւս տասնյոթերորդ դարում է գրել. հավաքել է իր ժամանակի բոլոր բամբասանքներն ու վեպ է գրել»:

Թոփչյանի էդ ասածից սկզբում, իհարկե, վատ զգացի, բայց հիմա որ իր էդ ասածին վերադառնում ու անդրադառնում եմ, սկսում եմ մտածել, որ ինքն, այնուամենայնիվ, ճիշտ էր, որովհետեւ, մեծ հաշվով, գրականությունը տեղով մեկ բամբասանք է, եւ եթե ի տարբերություն այլ գրողների՝ հերոսներիս ու ժամանակակիցներիս անունները չեմ փոխում, դա նրանից է, որ ուրիշ գրողների համեմատ՝ բամբասանքը նույնիսկ գրականությունից եմ բարձր դասում, եւ քանի որ բամբասել շատ եմ սիրում, գրածս էլ էսքան շատ ու էսքան երկար է ստացվում, եւ քանի որ երբեւէ մտքովս չեմ անցկացրել բամբասելը թարգել, մտքովս նաեւ չի անցնում՝ երբեւէ ավարտել էս վեպս, եւ բամբասելն էլ չեմ թարգում ոչ էնքան էն պատճառով, որ իմ սրտաբան ընկեր Կարոն ասել է՝ «բամբասանքը սրտին շատ օգտակար ա», այլ հիմնականում էն պատճառով, որ բամբասանքն ինձ համար խոսքի ազատության պես ու խոսքի ազատության չափ կարեւոր ու էական բան է, եւ բամբասանք ասելով՝ բնավ ձեր պատկերացրածը նկատի չունեմ, եւ էս հանգամանքը շեշտում եմ, որովհետեւ շատերը թյուրիմացաբար բամբասանքը հերյուրանքի հետ են շփոթում, մինչդեռ բամբասանքն էլ, ինչպես գրականությունն ու ամեն ինչ, կարող է լինել ճիշտ կամ սուտ, ավելի ճիշտ՝ ճշմարտացի կամ կեղծ, եւ ես հենց ճշտի ու ճշմարտացիի՛ կողմնակիցն եմ. այսինքն, էն մարդկանցից չեմ, որ բամբասանքն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար հորինովի ու սուտ բաներ են կցում բուն բամբասանքին, բայց էս ասածս չի նշանակում, թե ես չեմ ուզում, որ բամբասանքս հետաքրքիր ու բազմաբովանդակ լինի. ավելին՝ շատ եմ ուզում, բայց երբեք դա չեմ անում բամբասվողի հաշվին եւ եթե դեպքից դեպք բամբասվողի հաշվին եմ անում, էդ բամբասվողի անունը նրբորեն շրջանցում եմ՝ ինչպես որ իմ սերնդակից նկարչի դեպքում հմտորեն շրջանցեցի, եւ քանի որ էս թեմայի մեջ էսքան խորացա, պիտի ասեմ ու ավելացնեմ, որ ճշմարտացի ու սուտ լինելուց զատ՝ բամբասանքը կարող է լինել շառոտ ու անշառ, եւ ես միանշանակ երկրորդի՛ կողմնակիցն եմ, բայց երկրորդի կողմնակիցը լինելով՝ մշտապես ձգտում եմ, որ բամբասանքս հետաքրքիր լինի ու ձանձրույթ չպատճառի, որովհետեւ երբ բամբասանքն անհետաքրքիր է եւ լսողներին ձանձրույթ է պատճառում, լսողներն անմիջապես գլխի են ընկնում, որ դու շարքային բամբասող ես եւ ոչ թե՝ գրող կամ պատմիչ, եւ երբ էդ բանը գլխի են ընկնում, անմիջապես սկսում են հետին մտքեր փնտրել պատմածներիդ մեջ, եւ եթե խոսքիդ մեջ հետին մտքերն իսպառ բացակայում են, միեւնույն է, էդ հետին մտքերդ նույնիսկ չեղած տեղն են հայտնաբերում, որովհետեւ բամբասանքը կարող է հետաքրքիր լինել էնքան ժամանակ՝ քանի դեռ հետաքրքիր է ու իբրեւ բամբասանք չի ընկալվել, բայց եթե որեւէ մեկը պատմածդ իբրեւ բամբասանք է ընկալում, կնշանակի՝ կամ ձանձրացնում ես, կամ էլ՝ պատմածներիդ մեջ իսկապես հետին մտքեր կան, բայց էս ասածս, իհարկե, Վանոյի, Հրանտի կամ Ռոլանդի մասին պատմածներիս չի վերաբերում, որովհետեւ իրենց մասին ոնց էլ պատմեմ՝ հետաքրքիր կստացվի, բայց հատկապես Վանոյի ու Ռոլանդի մասին չեմ կարող ամեն ինչ պատմել ու գրել թեկուզեւ էն պատճառով՝ որ նախարար են եղել, եւ իրենց մասին հատկապես լավ բաներն ու լավ հիշողություններն եմ դժվարանում գրել, որովհետեւ հասարակության համար լավն ու վատը միանգամայն հարաբերական բաներ են, եւ եթե շատ բաներ սովորական մարդկանց ներվում ու նույնիսկ խրախուսվում են, նախարարների ու քաղաքական գործիչների պարագայում ճիշտ հակառակն է. այսինքն, հասարակությունը նախարարների ու գործիչների պարագայում մարդկային թուլությունները չի հանդուրժում, եւ եթե էս վեպիս ընթացքում երկարբարակ ու մանրակրկիտ խաղամոլությանս եմ անդրադառնում ու դեռեւս հրապարակային պարսավանքի չեմ ենթարկվել, նույն էդ հակումների համար մեր լրագրողները կառավարության անդամներին ու գործիչներին առավոտից իրիկուն շշպռում են, ու էս ասածս էլ Ռոլանդին ու հատկապես Վանոյին չի վերաբերում, որովհետեւ դեռեւս էն թվերին, երբ մեր շրջապատով թղթախաղի էինք նստում, Վանոն անմիջապես անհետանում էր, եւ վերադառնալով լրագրողներին ու իշխանավոր խաղամոլներին՝ պիտի կասկած հայտնեմ, որ մեր լրագրողները մեր իշխանավորների խաղամոլությունը երեւի մի քիչ չափազանցնում են, եւ սա նշանակում է, որ բամբասանքը ոչ միայն գրականության մեջ տարածում ունի, այլեւ՝ լրագրության, եւ քանի որ ճակատագրով համ գրող եմ, համ լրագրող, մյուսներից շատ եմ բամբասում ու բամբասանքին հազարավոր էջեր եմ տրամադրում, բայց, ի տարբերություն իմ ներսի լրագրողի, իմ ներսի գրողը բամբասանքի միջոցով մարդկանց ոչ թե պախարակում, այլ, ընդհակառակը, փորձում է հնարավորինս արդարացնել, ինչպես նաեւ՝ հասկանալ, եւ սա ոչ թե ժանրի առանձնահատկությունն է, այլ՝ անձամբ իմը, որովհետեւ ինքս էլ եմ ուզում արդարացվել ու հասկացվել, եւ չնայած ինձ հասկանալ ձգտողը պիտի նաեւ էս հազարավոր էջերս հաղթահարելու զահլա ունենա, այդուհանդերձ, ցանկության դեպքում առանց հաղթահարելու էլ է հնարավոր, եւ վերադառնալով խաղամոլության թեմային՝ մեր լրագրողներին ուզում եմ հորդորել, որ այդաստիճան չխրտնեն մեր պաշտոնյաների ու մանավանդ քաղաքական գործիչների խաղամոլական հակումներից, որովհետեւ քաղաքականության ու խաղամոլության տարբերությունն առանձնապես մեծ չի, եւ եթե երկրորդի պարագայում ստավկեքն անհամեմատ ցածր են, դրանում որեւէ արհամարհական բան չկա, իսկ ինչ վերաբերում է նրան՝ որ բամբասանքը մեր գրավոր խոսքում անհրաժեշտություն է դառել, դա ոչ թե լրագրողների ու գրողների մեղքով է, այլ հիմնականում՝ ընթերցողների, որովհետեւ պահանջարկի բացակայության դեպքում որեւէ գրող կամ լրագրող բամբասելու պահանջ ու անհրաժեշտություն չէր զգա, եւ քանի որ բամբասանքն այլեւս անհրաժեշտություն է, գրողներս ու լրագրողներս պիտի ոչ թե բամբասանքից խուսափենք, այլ միայն՝ բամբասանքի չարորակ տեսակից, եւ եթե մեր թերթերի էջերում գրում ենք, որ մեր այսինչ պաշտոնյան Մոնտե Կառլոյում ղումար է խաղացել ու էսքան միլիոն տանուլ է տվել, երբեմն էլ կարելի է գրել, որ էսքան միլիոն շահել է, մանավանդ որ՝ ի տարբերություն Փարաքարի ու մեր հյուսիսային շրջանների կազինոների, արտասահմանյան կազինոներում շահողներ էլ են հաճախ պատահում, բայց քանի որ մեր լրագրողական երեւակայության մեջ մեր բարձրաստիճանները շարունակ տանուլ են տալիս, վերջիններս երբեւէ չեն հերքում իրենց մասին տպված էդ ապատեղեկատվությունները, որովհետեւ շատ ծիծաղելի կլինի, եթե հերքեն ու ասեն՝ «ոչ թե էդքան միլիոն կրվել եմ, այլ, ընդհակառակը, կրել եմ», մանավանդ որ՝ նմանատիպ հերքումներով առավել կբորբոքեն լրագրողների ու մանավանդ ընթերցողների բացասական կրքերը, եւ վերջիններս ավելի բորբոքվելով՝ պիտի սկսեն մտածել՝ «հերիք չի դրանք էստեղ աջուձախ փող են շինում, հիմի էլ արտասահմաններում են սկսել փող շինել», եւ առավել եւս լրագրողների՛ ձեռից չէին պրծնի, եւ եթե էն դեպքում լրագրողը գրել է՝ «սեփական ժողովրդից թալանածը տանում ու օտարներին են տալիս», էս դեպքում էլ կգրի՝ «հերիք չի՝ մեզ ու մերոնց թալանում են, հիմա էլ օտարներին են սկսել թալանել»:

Ի տարբերություն լրագրողակա նի, գրական բամբասանքն ավելի հարուստ նրբերանգներ ունի, եւ միշտ չի, որ էս ասպարեզում բամբասվողը դժգոհում ու նեղանում է բամբասողից, եւ էս ասածիս ամենաթարմ վկայությունը Հինգշաբթվա վկաներին վերջին այցս էր, եւ երբ իրենց ասացի, որ իրենց մասին գրում եմ, Բիձեն ասաց՝ «շատ էլ ճիշտ ես անում. մեզ տեղն ա», եւ երբ հարցրի՝ «անուններդ որ չփոխեմ՝ հո չե՞ք նեղանա», Բիձեն ասաց՝ «ընդհակառակը. որ փոխես՝ է՛դ դեպքում կնեղանանք», եւ երբ խոսք բացեցի Հատուցման զենքի մասին, Բիձեն ժպտաց ու հարցրեց՝ «էդ մասին էլ ե՞ս գրել», եւ երբ ասացի՝ «հա», Բիձեն ասաց՝ «էդ զենքի գործը թարգեցի», եւ ես հարցրի՝ «բա խի՞ թարգեցիր», եւ Բիձեն ասաց՝ «էս ընթացքում երկար մտածեցի ու հասկացա, որ խաղաղությունն ավելի կարեւոր ա, քան՝ պատերազմը», եւ երբ Արոն մոտեցավ մեզ, Բիձեն Արոյին ասաց՝ «Սերգեյիչ, արդեն մի շաբաթ ա՝ էս ձախ աչքս շատ ուժեղ խաղում ա» եւ մտահոգ ավելացրեց՝ «էս ձախս շատ վատն ա. վախենամ՝ մի վատ բան պատահի», եւ Արոն ասաց՝ «անցած ամիս էլ էր խաղում», եւ Բիձեն ասաց՝ «անցած ամիս աջս էր. աջս շատ լավն ա», եւ Արոն հարցրեց՝ «անցած ամիս գոնե մի լավ բան պատահե՞ց», եւ Բիձեն ասաց՝ «հա. Կոսովոյի հարցը դե ֆակտո լուծվեց», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «կարող ա հիմի էլ Ղարաբաղի հարցը լուծվի», եւ Բիձեն ասաց՝ «էս աջս շատ վատն ա. վախենամ՝ էլի պատերազմ սկսվի», եւ Արոն ասաց՝ «պադպալկովնիկ մարդ ես. դու էլ ե՞ս պատերազմից վախենում», եւ Բիձեն շատ տխուր ժպտաց, հոգոց հանեց ու չափազանց մտահոգ ասաց՝ «վախենամ՝ պատերազմ սկսվի ու էլի հաղթենք»:

Լրագրողականի համեմատ՝ իմ էս գրական-գեղարվեստական բամբասանքներն ակտուալության տեսանկյունից չափազանց են կաղում եւ, կարելի է ասել, ահագին ժամանակավրեպ են, որովհետեւ առաջվա պես էս գրածս հատվածներն «Առավոտում» տպվում են գրվելուց մի ամբողջ տարի անց, քանի որ առաջվա պես զապասով եմ աշխատում, եւ եթե «Առավոտի» էս տպագրվող հատվածներից առնվազն մի հատոր առաջ չեմ լինում, խուճապի մեջ եմ հայտնվում, բայց առնվազն էս հատվածի հրատապությունն ապահովված է, որովհետեւ համոզված եմ, որ երբ մի տարի հետո էս հատվածս տպվի, մեր բարձրաստիճանները ղումարը թարգած չեն լինի, ու մեր լրագրողներն էլ մեր խաղամոլ աստիճանավորների մասին գրելը թարգած չեն լինի, եւ որ ամենակարեւորն է՝ երկու կողմի համար էլ սիրտս շարունակելու է ցավել, որովհետեւ ճակատագրի ու հանգամանքների բերումով ո՛չ միայն գրող եմ, այլեւ՝ լրագրող ու մանավանդ խաղամոլ, եւ, որ ամենատարօրինակն է, սիրտս ցավում է հատկապես է՛ն պաշտոնյաների համար, որոնք իրականում խաղամոլ չեն, որովհետեւ տարիներ շարունակ խաղամոլ լինելով՝ ես խաղամոլ պաշտոնյաներին ու անպաշտոններին բավական մոտիկից գիտեմ եւ ում հետ էլ բախտ չեմ ունեցել խաղասեղան նստել՝ լսելով գիտեմ, եւ երբ մեր լրագրողները երբեւէ չխաղացած որեւէ պաշտոնյայի հարցում վրիպում են ու վերջինիս խաղամոլ են հանում, սիրտս շատ է ցավում էդ վերջինի համար, մանավանդ որ՝ աստիճանավորների շարքերում ստաժավոր խաղացողներ կան, որոնք մշտապես բացակա են լրագրողների տեսադաշտից ու իրենց մտքում երեւի շարունակաբար մտածում են՝ «ինչ լավ ենք պրծել», եւ երեւի խաղամոլության մեջ մեղադրվողներն էլ են նույնը մտածում, որովհետեւ ուրիշ գործիչների ու պաշտոնյաների մասին նաեւ գալուբոյության ակնարկներ են արվում ու տպագրվում, եւ խաղամոլության մեջ հիրավի ու հանիրավի մեղադրվողները վատագույն դեպքում լրագրողների հասցեին ասում կամ մտածում են՝ «ինչքան ուզում են՝ թող հաչան», որովհետեւ եթե խաղամոլության մեջ կասկածվող ու մեղադրվող պաշտոնյան սկսի արդարանալ, թե՝ չի խաղում, շատ ծիծաղելի վիճակում կհայտնվի, եւ առավել ծիծաղելի վիճակում կհայտնվեն հանիրավի կասկածվողներն ու մեղադրվողները, եւ երիցս ծիծաղելի վիճակում կհայտնվեն է՛ն պաշտոնյաներն ու գործիչները, որոնց մասին գալուբոյության ակնարկներ են տպվել, եթե, իհարկե, վերջիններս փորձեն գրավոր կամ թեկուզ բանավոր հերքել իրենց հասցեին ակնարկվածը, եւ մեր պաշտոնյաներն այսօրվա դրությամբ ի վիճակի են հերքել միայն իրենց կաշառակերության մասին հոդվածներն ու ակնարկները, բայց թարսի պես մեր լրագրողները վերջերս քիչ են անդրադառնում մեր պաշտոնյաների կաշառակերության հանգամանքին, որովհետեւ վաղուց արդեն էդ հանգամանքը մեր ընթերցողների համար սովորական ու առօրյա երեւույթ է, մինչդեռ ցանկացած խմբագիր ցանկացած լրագրողից արտառոց նյութ է ակնկալում, եւ խմբագիրներին էլ չես կարող մեղադրել, որովհետեւ ցանկացած ընթերցող ցանկացած խմբագրից ու ցանկացած թերթից բացառապես արտառոց նյութեր է ակնկալում եւ սովորական նյութերի համար դժվար թե բաժանվի իր հարյուր դրամից, որը, հուսով եմ, մինչեւ էս հատվածներիս տպագրվելը, դեռեւս կես դոլարի չափ արժեւորված չի լինի, բայց, այդուհանդերձ, կաշառակերության թեման է՛լ իր հրատապությունը վերագտած չի լինի, ու երեւի խաղամոլության թեման էլ արդեն իր հրատապությունը կորցրած լինի, եւ երեւի մեր ընթերցողներն էլ զարմանալու հատկությունից իսպառ զրկված լինեն, բայց էս ասածս բնավ չի նշանակում, թե խոսքի ազատությունը վերջնականապես է վտանգված, եւ, ուրեմն մեր բոլոր թերթերը մեկը մյուսի հետեւից պիտի փակվեն. ավելին. ես կոնկրետ առաջարկ ունեմ լրագրողներին ու խմբագիրներին. եթե ուզում եք ժամանակակից հայ ընթերցողին զարմացնել, փնտրեք, գտեք ու հայտնաբերեք երբեւէ կաշառք չվերցրած մի պաշտոնյայի, եւ եթե չուզենաք ձեզ շատ նեղություն պատճառել եւ եթե ձեզ պատճառած նեղությունն անգամ որեւէ արդյունք չտա, ձեր երեւակայության մե՛ջ գոնե փորձեք ստեղծել էդ կերպարը, եթե, իհարկե, ուզում եք ձեր ընթերցողին զարմացնել, եւ եթե վիրտուալ էդ կերպարն ստեղծելու համար ձեր երեւակայությունը հերիք չանի, կնշանակի՝ ուշացել ենք, ընդ որում՝ ուշացել ենք ո՛չ թե լրագրողների պատճառով, այլ միայն՝ իմ, որովհետեւ եթե ես էս խորհուրդս տասը տարի առաջ լրագրողներին տված լինեի, չէին ալարի ու ճիշտ հետքով կգնային, եւ եթե ճիշտ հետքով գնային, անպայման կհասնեին կրթության երբեմնի նախարար՝ լուսահոգի Վարդգես Ցոլակովիչ Գնունուն, եւ իգդիրցի ազնվական Վարդգես Գնունուն հասնելով՝ երեւի չէին ալարի եւ միգուցե հինգ տարի կրթության նախարար աշխատած Վարդգես Գնունու միակ՝ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող տուն էլ կմտնեին եւ եթե իսկապես չալարեին ու մտնեին, շատ հնարավոր է՝ պահանջի բերումով էդ բնակարանի լոգարան ու զուգարան էլ մտնեին, եւ եթե իրավիճակի բերումով էդ բանը տեղի ունենար, մեր նոր սերնդի լրագրողները սեփական աչքերով կտեսնեին, կհամոզվեին ու էսօրվա օրով էլ տեղեկացված կլինեին, որ մեր ազնվական նախորդներից ոմանք նույնիսկ հինգ տարի կրթության մինիստր աշխատելով՝ հեչ պարտադիր ու հրատապ չեն համարել զուգարանների ու լոգարանների սալիկապատման խնդիրը, եւ եթե մեր նոր սերնդի լրագրողները չալարեին ու հասած լինեին հինգ տարի անընդմեջ կրթության նախարար աշխատած ու հինգ տարի ընդունելության քննություններ անցկացրած Վարդգես Գնունու՝ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող էդ բնակարանն ու բնական պահանջի բերումով նաեւ էդ բնակարանի զուգարանը մտած լինեին, անձամբ ու առանց իմ էս միջնորդության իրազեկված կլինեին, որ իրենց անմիջական նախնիների բնակարանների զուգարանների ջուրը թելով քաշովի է եղել, եւ շատ վատ է, որ էս փաստը միայն լրագրությամբ չզբաղվողներն ու լրագրությունը վաղուց թարգածներս ենք տեսել ու ֆիքսել, եւ երիցս վատ է, որ ես էսքան ուշացումով եմ էդ փաստը գրավոր ֆիքսում, եւ եթե լրագրողները մեր անկախության գործընթացի սկզբից առ էս պահը կաշառք չվերցնող որեւէ բարձրաստիճանի չեն հայտնաբերել ու չեն խրախուսել, ապա դրանով արդարացրել են մյուսների վերցնելը մինչեւիսկ է՛ն դեպքերում, եթե հանապազօրյա վերցվածը նույն էդ իրիկուն կազինոյի փայ է դառել. այսինքն, ստացվում է, որ մեր լրագրողները կաշառք չվերցնող որեւէ նախարարի չհայտնաբերելով ու չխրախուսելով՝ միանգամայն եւ ուղղակիորեն խթանում են կաշառակերության երեւույթին մեր էս նորանկախ ու անչափահաս երկրում, եւ եթե հաշվի առնենք, որ մեր անչափահասն ընդամենը տասնհինգուկես տարեկան է եւ իրեն նույնիսկ անձնագիր չի հասնում, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ էդ տարիքի մարդկանց խստիվ արգելվում է որոշակի ֆիլմեր դիտել եւ կազինոներ ու բուքմեյքերական հաստատություններ ոտք դնել, պիտի գոնե ընդհանուր համաձայնության գանք մեր անչափահասով լրջորեն զբաղվելու հարցում, եւ առաջին քայլը հենց լրագրողները պիտի անեն եւ եթե մեր աստիճանավորների շարքերում կաշառք չվերցնողների չհայտնաբերեն էլ, պիտի ջանան էդպիսի մի անաղարտ կերպար ստեղծել՝ նախարարի ու աստիճանավորի մի վիրտուալ տեսլական, որը եւ օրինակ կհանդիսանա մեր մինուճար անչափահասի համար, եւ լրագրողների առաջ էս պահանջը դնելով՝ միաժամանակ ընդունում եմ, որ պահանջս գրեթե անիրագործելի է, որովհետեւ կաշառք չվերցնողներին չափազանց դժվար է հայտնաբերել թեկուզեւ էն պարզ պատճառով, որ կաշառք չվերցնողներն, ի տարբերություն վերցնողների, երբեք չեն ասում՝ «ես կաշառք չեմ վերցնում», ինչպես որ՝ լուսահոգի Վարդգես Գնունին երբեւէ չէր ասում. այսինքն, փաստորեն, ստացվում է, որ կաշառք չվերցնողներին հայտնաբերելն անհամեմատ դժվար է, քան՝ ընդհակառակը, եւ այդ է պատճառը, որ մեր լրագրողների վիճակի մեջ էլ եմ փորձում մտնել, եւ լրագրողների ու բոլորի կոնկրետ էս դժվարին կացության մեջ մտնելով՝ առաջարկում եմ Վարդգես Գնունու ծննդյան օրը՝ հուլիսի քսանվեցը հռչակել «Կաշառք չվերցնելու օր» կամ, ասենք, «Կոռուպցիայի դեմ համազգային պայքարի օր», եւ հատկապես հուլիսի քսանվեցին կաշառք վերցնողներին խստագույնս պատասխանատվության ենթարկել, եւ հասկանալով, որ հուլիսի վերջը մեզանում ընդունելության քննությունների պիկն է, նաեւ ըմբռնում եմ, որ հուլիսի քսանվեցին համահայաստանյան էդպիսի միջոցառում անցկացնելը ոչ միայն աննպատակահարմար է, այլեւ՝ չափազանց դաժան, բայց, մյուս կողմից էլ, էդ սեզոնին էդպիսի միջոցառման անցկացումն արդյունավետ կարող է ստացվել էն իմաստով, որ հուլիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը մեր նախարարների ու աստիճանավորների մեծ մասը բացակայում է հանրապետությունից. այսինքն, հուլիսի քսանվեցը «Կաշառք չվերցնելու օր» հռչակելու գաղափարը չափազանց իրատեսական է հենց արդյունավետության իմաստով, որովհետեւ հուլիսի քսանվեցին Կանարյան կղզիներում, Մայամիում ու այլուր մեր իշխանավորներին որեւէ օտարերկրացի կաշառք չի առաջարկի, իսկ ինչ վերաբերում է Լաս Վեգասին, Մոնտե Կառլոյին եւ նմանատիպ այլ կենտրոններին, էս տեղերում մերոնց ոչ միայն կաշառք չեն առաջարկի, այլեւ կփորձեն ունեցածներն էլ ձեռներից խլել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել