Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Ուզում եմ Ամանորը դիմավորել Երեւանում»

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Մեծբրիտանացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց հետո IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ամերիկացի մի լրագրողի պատմել է այդ մենամարտի եւ իր ապագա ծրագրերի մասին, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Նրա խոսքերով, Էքլոքը անհարմար մրցակից էր: Նա ֆիզիկապես ուժեղ է եւ տիրապետում է աջից հուժկու կողային հարվածների: Դրանցից մեկը երկրորդ ռաունդում տեղ հասավ: Սակայն Էքլոքը մարտի ընթացքում 3-4 անգամ գլխով հարվածեց դեմքիս, որից հետո աչքս սկսեց այտուցվել: Եվ որպեսզի հետագայում տեսողության հետ բարդություններ չառաջանային, մարտի տեմպն արագացրի ու հինգերորդ ռաունդում նրան նոկաուտի ենթարկեցի:

Խոսելով Կելլի Պավլիկ-Ջերմեն Թեյլոր երկրորդ մենամարտի հավանական ելքի մասին՝ Աբրահամն ասել է. «Կարծում եմ, կրկին կհաղթի Պավլիկը: Նա շատ գրագետ է մարտը վարում»: Այնուհետեւ լրագրողը հարցրել է.

– Ուզո՞ւմ ես հանդիպել նրանց հաղթողի հետ:

– Ցանկանում եմ սուպերչեմպիոն դառնալ եւ նպատակիս հասնել Ամերիկայում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Կարծում եմ՝ դա կլինի արդեն եկող տարի: Բացառված չէ, որ լավ առաջարկ լինելու դեպքում ավելի շուտ գանք ԱՄՆ: Դա հայտնի կլինի միայն Պավլիկի մարտից հետո:

– Ֆելիքս Շտուրմի հետ բանակցություններ վարվո՞ւմ են:

– Իմ մենեջերը նրան արդեն մեկ միլիոն առաջարկել է, իսկ հիմա ավելի շատ ենք առաջարկում: Ինձ համար դա նույնպես հետաքրքիր մենամարտ է:

– Շտուրմին ճանաչո՞ւմ ես: Ի՞նչ տարբերություն կա ճանաչած եւ անծանոթ մրցակիցների միջեւ:

– Միմյանց բարեւում ենք, հարաբերությունները նորմալ են: Իսկ ռինգում ծանոթ-անծանոթ լինելը նշանակություն չունի: Եթե մարդը ցանկանում է քեզ հետ «կռվել», նա օտար մարդ է: Մարտից հետո կարելի է բոլորին էլ հարգել:

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

– Հույս ունեմ գնալ հայրենիք՝ Հայաստան: Վերջին չորս տարում առաջին անգամ ցանկանում ենք ամբողջ ընտանիքով Ամանորը դիմավորել Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել