Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Դեկտեմբեր 15,2007 00:00

Շումախերը՝ ակամա տաքսու վարորդ

\"\"«Ֆորմուլա 1» դասի աշխարհի բազմակի չեմպիոն Միխաիլ Շումախերին նման վճռական քայլի է ստիպել դիմել օդանավից ուշացող ընտանիքին օդանավակայան հասցնելու մղումը: Փողոցում տաքսի կանգնեցնելով, նա առանց երկար ու բարակ բացատրությունների՝ վարորդին հրել է ուղեւորի աթոռին եւ ինքն է նստել ղեկին: Վարորդը, որ անմիջապես ճանաչել է լեգենդար մարզիկին, կատարվածից հետո երկար ժամանակ երջանկությունից չի կարողացել ձայն հանել: «Ես ամբողջ կյանքում կհիշեմ այդ երջանիկ օրը, երբ քայլող լեգենդին մատով դիպչելու հնարավորություն ունեցա,- այնուհետեւ հայտարարել է նա:- Շումիի կողքը նստելը աննկարագրելի զգացողություն է»:

Հանգամանքների բերումով տաքսու վարորդ դարձած Շումախերը, 60 եվրո ուղեվարձից բացի, վարորդին տվել է նաեւ լրացուցիչ հարյուր եվրո:

Գեղեցկուհիների օլիմպիական մրցույթ

\"\"2008 թվականի օգոստոսի 8-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները աղջիկների մրցույթ են հայտարարել, որոնք Խաղերի պարգեւատրությունների ժամանակ մատուցելու են մեդալները եւ պահելու են պետությունների դրոշները։

Կազմկոմիտեի ներկայացուցիչ Ժաո Դոնմինն այդ առիթով հայտարարել է. «Մեր պահանջները նախ եւ առաջ վերաբերում են թեկնածուների հասակին, որը պետք է տատանվի 168-178 սանտիմետրի սահմաններում։ Անձնական քաշի հետ կապված հստակ չափորոշիչներ չկան, բայց աղջիկները չափից ավելի պարարտ չպետք է լինեն։ Ինչ վերաբերում է նրանց ընդհանուր տեսքին, աղջիկները պետք է ունենան գեղեցիկ եւ սլացիկ մարմին։ Մրցույթին մասնակցել կարող են 18-25 տարեկան գեղեցկուհիները։ Սակայն միայն գեղեցիկ արտաքին ունենալը դեռ բավական չէ։ Հաղթողները պարտադիր պետք է լինեն առողջ, դասընթացներ անցնեն եւ հստակ պատկերացում ունենան օլիմպիական ոգու եւ օլիմպիական շարժման մասին»։

Իսկ մերոնք ի՞նչ կապից են օգտվելու

Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում Ռուսաստանի մարզական պատվիրակությունը Չինաստանից Ռուսաստանի Դաշնության հետ բջջային անխափան կապ կունենա: Դա հնարավոր է դառնալու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի եւ MTC ընկերության միջեւ օրերս կնքված համաձայնագրով, որով նախատեսվում է հեռախոսակապն ապահովել արտոնյալ պայմաններով եւ հատուկ սակագներով: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ տվյալների բջջային հաղորդման հնարավորություն: Պայմանագրի արժեքը, ըստ լրատվամիջոցների, կազմում է մի քանի միլիոն դոլար:

Ճիշտ է, այս գործարքը Հայաստանի չափանիշներով թանկ հաճույք է, բայց ոչ ոք, կարծում ենք, չի հերքի, որ մատչելի եւ անխափան հեռախոսակապը՝ հատկապես Խաղերը լուսաբանելու նպատակով Պեկին մեկնող Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որքան անհրաժեշտ է: Դա իրենց մաշկի եւ գրպանի պարունակության վրա զգացել են 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերը լուսաբանող հայաստանցի լրագրողները, որոնք ստիպված էին չափազանց թանկ գներով հեռախոսաքարտ գնել եւ իրենց լրատվամիջոցներին մի քանի րոպեի ընթացքում մեր մարզիկների մասնակցության մասին հակիրճ տեղեկատվություն հաղորդել:

Պեկինի խաղերը կարող են տեղափոխվե՞լ

«Սպորտկոմ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հարկադրված կլինի փոխել Պեկինի օլիմպիական խաղերի խաղացանկը, եթե Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը չնվազեցվի: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին: Պեկինը արդեն շրջակա միջավայրի պահպանության ծրագրին տրամադրել է մոտ 16 միլիարդ դոլար: Շատ արտադրություններ փակվել են կամ դուրս բերվել քաղաքի սահմաններից: Արգելվել է հազարավոր ավտոմեքենաների եւ ավտոբուսների շահագործումը: Սակայն աղտոտվածության աստիճանը մնում է նույն մակարդակին՝ 3 անգամ գերազանցելով անվտանգության չափանիշները:

 

ՍՅՈՒԶԱՆ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

\"\"Հայաստանը պրոֆեսիոնալ ռինգում իր աստղերն ունի ոչ միայն տղամարդկանց շարքերում, այլեւ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների:

Անցած ուրբաթ երեւանցի Սյուզան Կենտիկյանը, ով ներկայումս բնակվում եւ մարզվում է Գերմանիայում, Համբուրգում նվաճեց WBA-ի եւ IBF-ի վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 10 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Նադյա Նոկմիին:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ IBF-ում չեմպիոնի տեղը թափուր էր մնացել գերմանուհի Ռեգինա Խալմիկի՝ ռինգին հրաժեշտ տալուց հետո: Սյուզին, որ ֆրանսուհու հետ մենամարտում պաշտպանում էր WBA-ի իր չեմպիոնական գոտին, չնայած հավասար պայքարին, հաղթող ճանաչվեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ նվաճելով նաեւ IBF-ի չեմպիոնի կոչումը:

Մարդը հասել է հնարավորությունների սահմանագծի՞ն

Ֆրանսիացի գիտնականները համոզված են, որ մարդկությունը մոտենում է ֆիզիկական հնարավորությունների սահմանագծին, երբ նախկին նվաճումները գերազանցել հնարավոր է ընդամենը հազարերորդական մասերով: Հետեւաբար, մի հիսուն տարի հետո «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» կարգախոսը, որով առաջնորդվելով՝ հարյուրավոր մարզիկներ հաղթանակներ են տոնել, կկորցնի արդիականությունը:

Ոչ միայն սեփական գլխից, այլեւ 2 մետր 60 սանտիմետրից բարձր երբեք չի ցատկի մարդ արարածը, վստահ են գիտնականները: Նման «առաստաղ» գոյություն ունի բոլոր մարզաձեւերում, ու ժամանակակից մարզիկներն արդեն դա սկսում են զգալ:

Այս տեսակետն ապացուցելու համար Ֆրանսիայի կենսաբժշկական եւ համաճարակաբանական հետազոտությունների ու սպորտի ինստիտուտի մասնագետները ուսումնասիրել եւ մշակել են աշխարհի 3260 ռեկորդները (ճիշտ այսքան ռեկորդ է սահմանվել վերջին 111 տարում՝ սկսած ժամանակակից օլիմպիական խաղերի վերածնման պահից): Պարզվել է, որ անցած դարի 60-ական թվականներից ռեկորդների թիվը սկսել է նվազել: Իհարկե, ռեկորդների թարմացում դեռ կարելի է սպասել, ասենք, 100 մետր արագավազքում, որտեղ բացարձակ ցուցանիշը 9,74 վրկ է: Բայց այդ արդյունքը կրճատել, հասցնելով 9,00 վայրկյանի՝ կենսաբանորեն անհնար է, համոզված են ֆրանսիացի բժիշկները:

Ո՞ւմ կտրվի «ադամանդե գնդակը»

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնցից մեկը ճանաչվելու է 2007 թվականի տարվա ֆուտբոլիստ:

«Ադամանդե գնդակին» հավակնում են Կական, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին: Թե պատվավոր մրցանակն ո՞ւմ կշնորհվի, հայտնի կդառնա դեկտեմբերի 17-ին այդ առիթով Ցյուրիխում կազմակերպվելիք արարողության ժամանակ, տեղեկացնում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Սկզբնական շրջանում «Ադամանդե գնդակի» համար ներկայացված է եղել 30 ֆուտբոլիստի անուն, որոնցից ՖԻՖԱ-ն ընտրել է վերոնշյալ երեքին:

Գլխավոր թեկնածուն, մասնագետների գնահատմամբ, Կական է: Բրազիլացին 2007 թվականին «Միլանին» դարձրել է Չեմպիոնների լիգայի հաղթող եւ 10 գոլով ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու:

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն իր ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել է նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը: Այս կիսապաշտպանը նաեւ 2006/2007 թթ. մրցաշրջանում պրեմիեր լիգայում 17 գոլ ունի գրանցած իր հաշվին՝ դառնալով մրցաշրջանի լավագույն խաղացող:

Մասնագետների գնահատմամբ, «Ադամանդե գնդակին» տիրելու ամենաքիչ հնարավորությունն ունի «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսին:

ՋԵՔԻ ՉԱՆԸ՝ ՆԱԵՎ ԵՐԳԻՉ

Հոլիվուդի աստղ, արեւելյան մարտարվեստների վարպետ Ջեքի Չանը ավարտել է օլիմպիական խաղերի՝ «Մենք պատրաստ ենք» պաշտոնական երգի ձայնագրությունը: Այդ մասին ասվում է կինոդերասանի պաշտոնական կայքում: Ձայնագրությունն արվել է Պեկինի ստուդիաներից մեկում եւ տեւել երեք ժամ: Չանը երգում է չինական բարբառներից մեկով: Իր կայքում դերասանը բացառում է, որ մոտ ժամանակներում հնարավոր է երգի անգլերեն տարբերակի լույս աշխարհ գալը:

Երգի, իսկ այն կատարվելու է օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, հեղինակը Պիտեր Կամն է, որն անցած տարի Բեռլինում անցկացված կինոփառատոնում ֆիլմի համար գրված լավագույն երգի մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել