Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏՈՎ ԵԿԱՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 15,2007 00:00

Քաղաքական գործիչներից շատերը ճանաչում են ձեռք բերել սպորտի միջոցով

«Առավոտը» մտահոգվելով հայտնի մարդկանց եւ քաղաքական գործիչների առողջությամբ, փորձեց նրանցից հետաքրքրվել, արդյո՞ք զբաղվել են սպորտով եւ մարզական ի՞նչ նախասիրություններ ունեն:

Պարզվում է, բացի քաղաքականությունից, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ակտիվ զբաղվում է նաեւ սպորտով, ունի հարուստ մարզական անցյալ: 7-րդ դասարանից ընդգրկվել է Վանաձորի վոլեյբոլի թիմում՝ կրելով 6 համարի մարզաշապիկը: Լինելով թիմերի ավագ՝ երեք անգամ դարձել է պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների մրցանակակիր, առաջին կարգի մարզիկ է, թիմում նրա մասին ասել են՝ «թիմի ոգին է, մեր կապիտանն է»: «Մարզիչս եղել է Ալեքսանդր Մամունցը, նա մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Եզակի մարզիչներից էր, որ իր պատանիների թիմի հետ խոսում էր «դուք»-ով, այսինքն՝ սպորտի միջոցով կուլտուրա էր սերմանում մեր մեջ: Այժմ ես չեմ հպարտանում իմ ճանաչվածությամբ, բայց որ ասում են Ալեքսանդր Մամունցի սանն է՝ ոգեւորվում եմ: Եվ իզուր չէ, որ պատանեկությանս ամենահիշվող տարիները կապված են սպորտի հետ»,- նշեց Վ. Դալլաքյանը: Նա այնքան է տարված եղել սպորտով, որ թիմի ամեն մի անհաջողության համար նստել ու լաց է եղել: Այժմ էլ պատգամավորը ամեն օր ժամը 7-ին Կամերային երաժշտության տան բակում 15-20 րոպե վազում է, շաբաթը 2 անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին, պարտադիր ֆուտբոլ է խաղում Պոլիտեխնիկի մարզասրահում, շաբաթը մի քանի անգամ հաճախում է նաեւ լողի, իր խոսքերով՝ հարսանիքի, քեֆի, ուրախության չի գնա, բայց լողի ու ֆուտբոլի պարապմունքները բաց չի թողնի: «Ես ու դուստրս ֆուտբոլի հիվանդ ենք, երկրպագում ենք «Բարսելոնային»: Սովորաբար ես 23.30 քնում եմ, բայց եթե այդ օրը ֆուտբոլ լինի՝ մինչեւ լույս աղջկաս հետ կնստեմ կնայեմ, այն աստիճանի եմ տարվում, որ բարձրաձայն կարող եմ հայհոյել»,- ավելացրեց պատգամավորը: Նա ֆուտբոլ խաղացել է նաեւ «Արարատ 75»-ի լեգենդների՝ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրեասյանի, Նորայր Մեսրոպյանի եւ այլոց հետ. «Քաղաքական գործչին սպորտը շատ է պետք, եթե մի քիչ խելք ունի, ապա սպորտով զբաղվելիս ավելի հնարամիտ կլինի, կկարողանա ճիշտ ու արագ կողմնորոշվել, չեմ թաքցնում՝ սպորտով եմ դաստիարակվել, հենց այստեղ սովորեցի պատվով պարտվել եւ վայելել հաղթանակի բերկրանքը»: Պարոն Դալլաքյանին սպորտը պետք է եկել ոչ միայն առողջ լինելու համար, նա դրանից օգուտ է քաղել նաեւ ուսանողական տարիներին. «Միջին դարերի պատմության քննության ժամանակ տոմսս ընկել էր Նիդեռլանդական հեղափոխությունը, հարցը չգիտեի եւ հեղափոխության առաջնորդների անունների փոխարեն սկսեցի թվարկել Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի կազմը, դասախոսս 80 տարեկան էր: Պարզվում է՝ ինքն էլ չգիտեր հեղափոխականների անունները, պատասխանիցս գոհ մնաց ու հինգ նշանակեց»: Այժմ էլ պարոն Դալլաքյանը սպորտային ապրելակերպի է վարժեցնում իր ընտանիքի անդամներին եւ եթե հանգստանալու նպատակով, ասենք, մեկնում են Ծաղկաձոր, կնոջ ու երկու երեխաների հետ առավոտյան անպայման պետք է դժվարությունները հաղթահարելով բարձրանան Թեղենիս սարն ու իջնեն:

\"\"ԱԺԴ կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանի սպորտային վերելքն անկում է ապրել հենց դպրոցական տարիներից. «Լողի էի գնում, պարապմունքի ժամանակ ոտքիս հոդը խախտվեց ու այդ օրից այլեւս սպորտով չեմ զբաղվել, բայց կողմ եմ առողջ ապրելակերպին եւ մտահոգված եմ, որ Հայաստանում այդ գծով քարոզչությունը վատ է արվում, պետք է ջարդել վուլգար մտածելակերպը եւ առաջնորդվել «առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով»: Իր հետ կատարվածից հետո թեեւ լուրջ սպորտի չի վերադարձել, սակայն ֆիզիկական վիճակը չկորցնելու համար 1996 թվականից զբաղվել է բոքսով. «Դրանից հետո մինչ օրս մեր տան բակում վազում եմ, բայց քանի որ պարապելու ընթացքում նաեւ մտածում եմ, չեմ թողնում, որ կինս ինձ հետ մարզվի»:

\"\"Բաքվում ուսանողական տարիներին գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվել է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նույնիսկ ունի սպորտի վարպետի կոչում. «Դա իմ սիրած սպորտաձեւն է: 1967թ. տեղափոխվելով Հայաստան՝ այլեւս չկարողացա շարունակել, այժմ առավոտյան եւ երեկոյան տանն եմ մարզվում, բայց, ցավոք, շատ քիչ ժամանակ է մնում դրան, եթե ընդհանուրը գումարեմ՝ շաբաթը 1.5 ժամ, այժմ էլ փորձում եմ ընտանիքիս ներգրավել սպորտի մեջ, դեռեւս չի ստացվում»: Սիրում է հանգիստ մարմնամարզությունը եւ օգտվում է հատկապես մարմինը ձգող շարժումներից: Վերջում տիկին Ալավերդյանն ավելացրեց. «Սխալ է, որ ասում են՝ «առողջ մարմնում առողջ հոգի», պետք է ասել դրա ճիշտ հակառակը՝ եթե առողջ հոգի չունեցար՝ առողջ մարմին չես ունենա ու չի երեւա»:

\"\"Երգչուհի Էմմիին նույնպես մանկուց սպորտը դուր է եկել եւ նույնիսկ տեսահոլովակ նկարելու համար հաճախել է քինգբոքսինգի պարապմունքների: Մի քանի անգամ հաճախել է նաեւ կարատեի ու մեծ թենիսի խմբակներ, սակայն իրեն գտել է լողի մեջ եւ այժմ էլ շարունակում է սիրած մարզաձեւով զբաղվել: Օրվա մեջ մարմնամարզությանը տրամադրում է 2-3 րոպե. «Այժմ հետաքրքրված եմ գեղասահքով, սակայն շատ եմ ուշացել, նախօրոք պետք է գիմնաստիկա պարապած լինեի, փոխարենը հիմա չմուշկ եմ քշում»: Էմմին վազելու համար ժամանակ չունի, իսկ եթե նման հնարավորություն ընձեռվում է՝ նախընտրում է ընկերուհիների հետ վազել իրենց շենքի շուրջը:

\"\"13 տարեկանից բռնցքամարտով է զբաղվել հասարակական- քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը եւ 1988-91թթ. դասավանդել է իր ավարտած հաստատությունում: Իր խոսքերով. «Սպորտն ինձ առաջին հերթին տվեց կամային որակներ, ինքնադրսեւորման հնարավորություն, դա մշակույթ է, որով պիտի ապրել: Բացի դա, որքան էլ փորձենք սպորտն անջատել քաղաքականությունից, միեւնույն է՝ դա քաղաքականություն է, շատ երկրներ աշխարհում անուն, ճանաչում ձեռք բերելու համար զարկ են տալիս սպորտի զարգացմանը: Սա ազգերի միջեւ պայքարի քաղաքակիրթ տարբերակ է»: Ա. Բազեյանի մարզական կարիերայի վերջը դրեց Ղարաբաղի ազատագրական պայքարը, 1992-ին ծանր վիրավորվել է, ինչն էլ վերջակետ է դրել լուրջ սպորտով զբաղվելուն: Այժմ նախընտրում է թեթեւ սպորտ: Տիրապետում է վազքի, լողի, ծանրամարտի, ֆուտբոլի, բասկետբոլի հմտություններին: Թեեւ այլեւս չի զբաղվում, բայց բաց չի թողնում բռնցքամարտի մրցաշարերը. «Դա իմ մասնագիտությունն է, դրանից չեմ կարող հրաժարվել»:

\"\"Համալսարանում ռեգբիի դարպասապահ է եղել մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նրա փոխանցմամբ՝ ճկուն է, շատ արագ է վազում, սակայն հիմա չի փորձում վազել, նախընտրում է շեյփինգը եւ շաբաթը առնվազն մեկ անգամ այցելում է մարզասրահ. «Ցանկություն ունեմ շաբաթը երեք անգամ այցելել, սակայն ժամանակ չեմ ունենում, աշխատանքը խանգարում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել