Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ու նրանց բուհերը

Դեկտեմբեր 15,2007 00:00

Բեյրութի Ամերիկյան համալսարանի հայաստանցի շրջանավարտը զուգահեռներ է անցկացնում կրթահամակարգերի միջեւ:

Հայկ Հովհաննիսյանը միակ հայաստանցի ուսանողն է, որը սովորել է 1885-ից գործող Բեյրութի Ամերիկյան համալսարանում: 2003-ին վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ սովորում էր Նյու Յորք նահանգի Սիրակուզ քաղաքի «Հենինգեր» ավագ դպրոցում, Հայկն ընտանիքով պատրաստվում է տեղափոխվել Լիբանան: «Բեյրութի Ամերիկյան համալսարան ընդունվելը բավականին բարդ էր։ Նրանք առաջնորդվում էին ամերիկյան չափանիշներով: Ուստի հանձնեցի SAT կոչվող դժվարին քննությունը։ Այն Թոյֆլի պես անգլերենի միջազգային քննություն է, որով կարելի է ընդունվել ցանկացած միջազգային բուհ՝ ասենք Հարվարդի համալսարան»,- պատմեց Հայկը:

Նա խնդիրներ է ունեցել արտերկրում, քանի որ ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական ատեստատները չեն ճանաչվում դրսում: «Բեյրութի Ամերիկյան համալսարանում չէին ընդունում 5 միավորանոց համակարգը։ Զարմանում էին, թե իմ ավարտական վկայականում ինչո՞ւ են 5-եր նշանակված: Ուստի երկար քաշքշուկներից հետո ստիպված եղա մեր ԿԳՆ-ից թուղթ ներկայացնել, որտեղ բացատրվում էր, թե հայաստանյան 5 միավորը նրանց 100-ն է»,- փաստեց Հ. Հովհաննիսյանը: Բեյրութում սովորելիս մեր զրուցակցին շատ բան է զարմացրել: «Այնտեղ վաղուց գործող կրեդիտային համակարգը ինձ հնարավորություն տվեց ժամանակից շուտ ավարտել ուսումս: Ընտրելով մեծ քանակությամբ կրեդիտներ՝ 3.5 տարում ավարտեցի քաղաքագիտություն մասնագիտության գծով ուսուցումս, իսկ որպես 2-րդ մասնագիտություն՝ ընտրել էի բիզնես-կառավարումը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե Բեյրութի երիտասարդների շրջանում ո՞ր մասնագիտություններն են հարգի: «Ամենաթանկն ու ամենապահանջված մասնագիտությունը ինժեներինն է, իսկ ամենապակաս հետաքրքրություն ցուցաբերում են արվեստների ու գիտությունների ֆակուլտետի հանդեպ: Քաղաքագիտություն առարկան էլ նախընտրելիների շարքում չէ, ինչի պատճառը Լիբանանում քաղաքական լարված մթնոլորտն է»,- ծանոթացրեց Հ. Հովհաննիսյանը։ Բեյրութի Ամերիկյան համալսարանը մասնավոր բուհ է։ Այն ունի 40-ից ավելի մասնաշենք։ «Համալսարանն ունի սպորտային, մշակութային համալիրներ, հսկայական գրադարան: Թեժ քննական շրջանում այն առավոտյան 8-ից մինչեւ գիշերվա 3-4-ը բաց է լինում, իսկ սովորական օրերին՝ մինչեւ ժամը 24-ը»,- փաստեց Հայկը:

Հայաստանյան բուհերի ուսխորհուրդների պես, Բեյրութի համալսարաններում գործողներն էլ են քաղաքականացված: Սակայն ի տարբերություն մերոնց, որոնք հանրապետականացված են, այնտեղի ուսխորհուրդները կրոնական այս կամ այն հոսանքների դավանող խմբավորումների ձեռքին են։ «Լիբանանի քաղաքական կյանքը խորապես ազդում է երիտասարդների վրա: Լիբանանի ուսանողներն էլ են ներքաշվում քաղաքական խաղերում: Այն ժամանակահատվածում, երբ անընդհատ պատգամավորներ էին սպանվում, Բեյրութի Արաբական համալսարանում ուսանողներն էլ էին իրար վրա կրակում, մի անգամ նրանց բախումը քիչ էր մնում քաղաքացիական պատերազմի վերաճեր: Ուսխորհուրդներն էլ մի տեսակ կրոնական ուղղությունների պայքարի արենա են դարձել»,- հայտնեց Ամերիկյան համալսարանի շրջանավարտը: Հետո էլ ավելացրեց. «Բեյրութում ապրող այլազգիները Հայաստանի մասին տեղյակ չէին, հայերին գիտեին, բայց չէին պատկերացնում, որ նրանք Հայաստանում էլ են լինում: Օտարազգիներին մեր երկրին ծանոթացնելու համար Հայաստանի մասին ռեֆերատներ էի գրում»: Անդրադառնալով Բեյրութի երիտասարդների ակումբային կյանքին, Հայկը սրտնեղեց. «Հայաստանի երիտասարդությունը կարծես քնած լինի: Գուցե պատճառը նրանց հոգսաշատ առօրյան է: Արտասահմանում հայ երիտասարդներն ավելի միավորված են եւ ակտիվ: Բեյրութում շատ ակումբներ կային, օրինակ՝ մի ակումբում հավաքվում էին ընթերցասերները եւ այս կամ այն գրքի մասին բանավեճեր կազմակերպում: Հայկական ակումբն ամենամեծաթիվներից էր: Ապրիլի 24-ի համար էլ մեր երիտասարդները մեկ տարի առաջ համալսարանի ղեկավարության հետ բանակցություններ էին սկսում, որպեսզի «վերցնեին» բուհի ամենաբանուկ հատվածը՝ Հայոց ցեղասպանության թեմայով ցուցատախտակներ տեղադրելու»:

Հայկը խոսեց նաեւ հայաստանյան կրթական բնագավառի բացթողումների մասին. «Ինձ չի գոհացնում, որ հայ երիտասարդները չեն ուզում սովորել, իսկ դասախոսները՝ դասավանդել: Ուսանողը մեղքը գցում է դասախոսի վրա, դժգոհելով, թե դասերն անհետաքրքիր են, դասախոսը՝ ուսանողի, թե դասերին չեն հաճախում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել